ՀՌԱԿ-Ը ՉԻ ՍԱՏԱՐԵԼ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ Այլ առաջադրել է Եթե գործող իշխանությունները ցանկանում են որեւէ քաղաքական ուժի կամ գործչի «վարկաբեկել», ապա միանգամից այդ քաղաքական կազմակերպությանը կամ անձին կապում են ՀՀՇ-ի հետ: Դա հայտնի վարվելակերպ է: Սակայն իշխանություններն այդկերպ դեռեւս վարվում են միայն ընդդիմադիր ուժերի հետ: ՀՌԱԿ-ը նույնպես ոչ վաղ անցյալում, ինչպես մի շարք այլ կուսակցություններ, պաշտպանել է ՀՀՇ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանին, եւ ՀՌԱԿ ատենապետ Ռուբեն Միրզախանյանից հետաքրքրվեցինք՝ արդյոք նա մտավախություն չունի՞, որ ՀՀՇ-ի «վարկաբեկված» լինելու հանգամանքն առաջիկա ընտրություններում կարող է ինչպես ՀՀՇ-ի, այնպես էլ ՀՌԱԿ-ի վրա միեւնույն ազդեցությունն ունենալ: «Մի անգամ եւս ստիպված եմ ուշադրություն հրավիրել այն հանգամանքի վրա, որ ես ներկայացնում եմ ՀՌԱԿ-ը, եւ մեկ այլ քաղաքական կազմակերպության մասին իմ դատողությունները երեւի բավական պայմանական կլինեն: Եվ ես չեմ տեսնում, որ որեւէ կազմակերպության մասնակցություն որեւէ ձեւով կարող է հետեւանք ունենալ ՀՌԱԿ արդյունքների վրա: Պաշտոնապես շատ հստակ ու ճշմարիտ հայտարարում եմ, որ ՀՌԱԿ-ը երբեւէ ոչ մի ընտրությունում դաշնակցած հանդես չի եկել ՀՀՇ-ի հետ»,- հայտարարեց Ռուբեն Միրզախանյանը: Բնականաբար, ՀՌԱԿ ատենապետին հիշեցրինք Լեւոն Տեր-Պետրոսյանի թեկնածությունը պաշտպանելուն ուղղված ՀՌԱԿ ջանքերը, ինչին ի պատասխան՝ նա ասաց. «Շատ կներեք, մենք երբեւէ որեւէ մեկին չենք սատարել: 1991թ. ՀՌԱԿ-ն իր վերաբերմունքն ինքնուրույն արտահայտել է կոնկրետ թեկնածուի վերաբերյալ, բայց դա չի եղել սատարում: Ոչ թե՝ մի կազմակերպություն առաջադրել է նրան, մենք սատարել ենք, այլ մի կազմակերպություն առաջադրել է, մենք էլ մեր հերթին ենք առաջադրել: Սա միանգամայն ուրիշ հարց է: Չեմ հասկանում, այստեղ ի՞նչ կապ ունի ՀՀՇ-ն, որի հետ մենք քաղաքական դաշինք երբեւէ չենք ունեցել: Սա միանգամայն այլ քաղաքական կատեգորիա է: Մի փնտրեք ստվեր այնտեղ, որտեղ այն չկա»: Ռուբեն Միրզախանյանի գնահատմամբ, այս նախագահական ընտրություններին, ի տարբերություն նախորդ տարիներին տեղի ունեցած ընտրությունների, բավական առաջընթաց է նկատվել: «1991թ. Տեր-Պետրոսյանը շահեկան վիճակում էր, եւ այն 80 տոկոսից ավելի ձայները, որ նա ստացավ՝ համապատասխանում էին իրականությանը, քանի որ նա ուներ ընտրազանգվածի ճնշող մեծամասնություն,- նշեց ՀՌԱԿ ատենապետը՝ ավելացնելով,- անկախ պետություն էր, կար հստակ ազգային գիտակցություն՝ ղարաբաղյան խնդրի համար շատ օբյեկտիվ ու բարվոք պայմաններ էր ստեղծում»: Իսկ ինչ վերաբերում է 1995թ. խորհրդարանական եւ 1996թ. նախագահական ընտրություններին, որի ժամանակ նույնպես ՀՌԱԿ-ը հայտարարեց, թե պաշտպանում է Լեւոն Տեր-Պետրոսյանի թեկնածությունը, ապա այսօր Ռ. Միրզախանյանը հայտարարում է, որ այդ ընտրություններով ՀՀՇ-ն Հայաստանի ընտրությունների ինստիտուտն ընդհանրապես «շատ խարխլեց»: «1996թ.-ն դրա շարունակությունն էր: Եթե մենք համեմատենք այս ընտրությունները նախորդ բոլոր մակարդակների ընտրությունների հետ, ապա այս ընտրությունները շատ ժողովրդավարական ու շատ ավելի ազատ էին»,- ասաց Ռ. Միրզախանյանը: Վերջինիս հետ զրույցում մեզ հաջողվեց պարզել, որ ոչ միայն նախորդ տարիների ընտրություններն են տարբեր եղել այս ընտրություններից, այլեւ ընտրակեղծիքները: «Եթե նախկինում ընտրակեղծիքներն իշխանության մենաշնորհն էր, ապա այս ընտրություններում ընդդիմությունը նույնպես հանգիստ կեցվածք չէր դրսեւորում եւ ինքն էլ էր մասնակցում դրան՝ իր հնարավորությունների սահմաններում: Դրա համար ընդդիմադիր կեցվածք ունեցող գործիչներին ես չեմ մեղադրում»,- նշեց նա: Բացի այդ, ըստ Ռ. Միրզախանյանի, այսօր հանրապետությունում ձեւավորվել են «մարդկանց որոշակի խմբեր, որոնք, անկախ այն բանից, թե ով է նախագահ, ով է խորհրդարանական մեծամասնություն, ընտրություններում ակտիվ դերակատարում ունեն՝ հանձնաժողովի անդամներ են»: «Նրանք մեզ նման մեկն են: Նրանցից շատերը դպրոցներում հարգված մանկավարժներ են, բժիշկներ… Նրանք են, ովքեր կրթում են մեր երեխաներին: Կարծում եմ, այստեղ շատ լուրջ խորհելու տեղ կա»: ԼԻԼԻԹ ՍԵՅՐԱՆՅԱՆ