ՆՇԱՆԱԿՈՎԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ Իրավապաշտպանների գործունեությունը կարգավորելու նպատակով Ազգային ժողովին ներկայացվեց «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» օրենքի նախագիծը։ Օրենսդրական նախաձեռնության հեղինակներն էին ԱԺ պատգամավորներ Տիգրան Թորոսյանը, Վազգեն Խաչիկյանն ու Լեռնիկ Ալեքսանյանը։ Առաջարկվող օրենքը բաղկացած է 27 հոդվածից, որից յուրաքանչյուրը կարգավորում է պաշտպանի նշանակումը, նրա լիազորություններն ու դրանց դադարեցումը, պաշտպանի անկախությունն ու անձեռնմխելիությունը, տալիս է անվտանգության երաշխիքներ։ Ըստ այս օրենքի, իրավապաշտպանի «պաշտոնին» նշանակվում է 35 տարին լրացած Հայաստանի այն քաղաքացին, որն ունի մարդու իրավունքների բնագավառում պաշտպանության գիտելիքներ եւ փորձ ու վայելում է բարձր հեղինակություն հասարակության մեջ։ Իրավապաշտպանը նշանակվում է 5 տարի ժամկետով։ Ի՞նչ գործունեությամբ նա կարող է զբաղվել։ Ըստ առաջարկվող տարբերակի, չի կարող զբաղեցնել պետական, «կամ այլ պաշտոն» կամ կատարել «վճարովի այլ աշխատանք», բացի գիտական, մանկավարժական եւ ստեղծագործական աշխատանքից։ Հետաքրքիր է, որ օրենքի որեւէ հոդվածում չի նշված, թե իրավապաշտպան կարո՞ղ է լինել չեկիստական ներկա կամ անցյալ ունեցող մեկը, ուժային կառույցի, ասենք, ՆԳ աշխատակիցը (ի դեպ, ՀՀ նախագահին առընթեր Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահն է ՊԱԿ-ի նախկին սպա Հ. Ասրյանը)։ Սա հարցի բարոյական կողմն է։ «Պաշտպանը չի քննարկում այն բողոքները, որոնք պետք է լուծվեն միայն դատական կարգով»,- առաջարկում է օրենքը։ Իսկ ի՞նչ է, դրանով քաղաքացին զրկվի՞ դատական պաշտպանության իրավունքից, մանավանդ որ, դա սահմանադրական իրավունք է եւ օրենքի հոդված 5-ում էլ նախատեսվում է՝ «Պաշտպանը իր լիազորություններն իրականացնելիս ենթարկվում է ՀՀ Սահմանադրությանն ու օրենքներին»։ Հավանաբար սահմանադրաիրավական առնչություններն են եղել պատճառը, որ պաշտպանին սոցիալական երաշխիքներ են տրվելու, մասնավորապես՝ օրենքն անցնելու դեպքում իրավապաշտպանի աշխատավարձը հավասար է լինելու ՍԴ նախագահի աշխատավարձին։ Իրավապաշտպանի անվտանգությունը կարգախոս է ընդամենը. «Պաշտպանը եւ նրա ընտանիքը գտնվում են պետության պաշտպանության ներքո»։ Իսկ Հայաստանում, մենք շատ լավ գիտենք, թե ինչ արժե «նշանակովի» իրավապաշտպանի եւ, առհասարակ, իրավապաշտպանի պաշտպանությունը պետության հովանու ներքո։ Ռ. Մ.