«ԱՐԱՐԱՏԻ» ՓՐԿՈՒԹՅՈՒՆԸ ՄԻԱՅՆ ԻՐ ՁԵՌՔՈՒՄ Է Ստեղծված ավանդույթի համաձայն, ազգային հավաքականի պատասխանատու հանդիպումներից առաջ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը հանդիպում է լրատվամիջոցների ներկայացուցիչներին ու պատասխանում նրանց հարցերին։ Երեկ այդ օրն էր։ Բայց քանի որ նախորդ օրն ասուլիս էր հրավիրել Արկադի Անդրեասյանն ու որոշակի մեղադրանքներ ասել ֆեդերացիայի հասցեին, Ռ. Հայրապետյանը հարկ համարեց տալ դրանց պարզաբանումներն ու նաեւ մեկընդմիշտ օրակարգից հանել մամուլում վերջերս հաճախ շոշափվող ՀՖՖ-«Արարատ» իբրեւ թե գոյություն ունեցող հակամարտության մասին հարցը։ ՀՖՖ նախագահը մեկ առ մեկ համոզիչ կերպով հերքեց Անդրեասյանի մեղադրանքները, որոնք ամբողջությամբ ներկայացնել թերթի մեր ունեցած ծավալում հնարավոր չէ։ Ասեմ միայն, որ լրատվամիջոցների ներկայացուցիչների ջախջախիչ մեծամասնությունը վերջում մի հարց էր տալիս. «Այսքանից հետո ֆեդերացիան էլ ի՞նչ պիտի աներ, որ չի արել»։ Այսուհանդերձ, փորձենք ֆուտբոլասերներին ներկայացնել ամենակարեւոր բաները։ «Ես ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ ցանկացել եմ դառնալ մի պարզ պատճառով,- ասաց Ռ. Հայրապետյանը։- Բոլորդ էլ հիշում եք, որ Անդրեասյանի գլխավորությամբ նրա նման մի քանիսը հավաքվել ու հերթական անգամ բոյկոտում էին հայկական ֆուտբոլը, որպեսզի կործանեն։ Ես այդ ժամանակ որոշեցի դառնալ ֆեդերացիայի նախագահ, որպեսզի ղեկը չընկնի նրանց ձեռքը։ Եվ թույլ չեմ տա, որ նրանք շարունակեն այն, ինչ արել են տարիներ շարունակ։ Ֆուտբոլասերներն ու բոլորը թող չմոռանան, թե Անդրեասյանն ինչպես կործանեց «Արարատ-73»-ը, հատ-հատ բոլոր ֆուտբոլիստներին՝ սկսած լեգենդար ավագ Զանազանյանից։ Թող հիշեն, թե 75-ին ավագի թեւկապի համար ինչպես նրան հեռացնել տվեց։ Նույն կերպ վարվեց նաեւ իր մյուս նախկին թիմակիցների հետ։ Անդրեասյանն արգելակեց բոլոր այն ֆուտբոլիստներին, ովքեր ապագա ունեին։ «Արարատը», հայկական ֆուտբոլը հենց ունեցել է հաջողություններ, նա իր սեւ գործն արել է։ Ցանկալի կլիներ, որ այն ժամանակ մեր ֆուտբոլային այրերն Անդրեասյանին հեռացրած լինեին ֆուտբոլից, որպեսզի մենք չունենայինք այսօրվա վիճակը։ Այսօր նա տեսնում է, որ մեր ֆուտբոլը կունենա հաջողություններ, ու փորձում է ամեն ինչ անել, որպեսզի հերթական անգամ ձախողի։ Բայց այս անգամ հանդիպել է այնպիսի մարդու, որը դա թույլ չի տա։ Դրա համար էլ փորձում է ֆուտբոլասերների մեջ հերյուրանքներ տարածել, թե, իբր, ֆեդերացիայի նախագահը սեփականաշնորհել է ֆեդերացիան ու ֆուտբոլը։ Ոչ, ֆեդերացիայի նախագահը ֆուտբոլը չի սեփականաշնորհել եւ դա ոչ ոքի անել թույլ չի տա, հենց թեկուզ այն առումով, որ ազգային հավաքականին ֆուտբոլիստներ չեն տրամադրում։ Ես մտածում եմ ազգային հավաքականի մասին, որի համար բոլորս պետք է ցավենք։ Եթե առաջ շատերը փորձում էին «Արարատի» անունը շահարկելով հեղինակություն ձեռք բերել, այսօր մեր ազգի պատիվն ազգային հավաքականն է։ Տեղի ունեցածի խնդիրն այն է, որ այլ երկրի քաղաքացին մեր երկրի քաղաքացուն թույլ չի տվել գալ ազգային հավաքական։ Այստեղ ես չեմ ուզում այդքան մեղադրել «Արարատի» հովանավորներին, որոնք ընկել են Անդրեասյանի ազդեցության տակ։ Թող բոլորին պարզ լինի, որ նրանք Շվեյցարիայում նստած չէին կարող միանգամից նման որոշում կայացնել։ Այստեղից մատուցում է Անդրեասյանը, նրանք էլ առանց երկար մտածելու ցուցումը տալիս են։ Ու երբ լրագրողները հարցնում են, թե՝ ինչո՞ւ այդպես վարվեցիք, Անդրեասյանը մեղքը բարդում է նրանց վրա։ Այդպես է արել նաեւ, երբ թիմը դաշտից հանեց։ Նա հայտարարել է, թե որակազրկել կարելի էր, ասենք, «Լեռնագործին», բայց ոչ «Արարատին»։ Այսինքն՝ «Արարատի» առջեւ միշտ կանաչ լույս պետք է վառված լինի անվան համա՞ր։ Աբսուրդ է։ Առաջնությունում բոլոր ակումբները հավասար են։ Անդրեասյանը ֆուտբոլից, սպորտից այնքան է շեղվել բանսարկությունների, խարդավանքների ոլորտ, որ նույնիսկ կատարվող լավը չի տեսնում, ավելի ճիշտ՝ չի ուզում տեսնել՝ հայտարարելով, թե իբր նախկին նախագահը մարզերում ֆեդերացիաներ էր ստեղծում, իսկ ես դա էլ չեմ անում։ Նա չգիտի անգամ, որ մենք մարզերում ներկայացուցիչներ ենք նշանակել, որ ֆեդերացիան իր միջոցների հաշվին մարզերին գույք, մարզահագուստ ու գնդակներ է բաժանում, որ ֆինանսավորում ենք դաշտերը կարգի բերելու աշխատանքները, մարզիչներին։ Այսօր ֆեդերացիան անում է այն, ինչ պետք է արված լիներ տասը տարի առաջ։ Ամբողջ հանրապետությունում մանկապատանեկան ֆուտբոլն ենք ոտքի կանգնեցնում։ Իսկ նա այս ամենը չի ուզում տեսնել…»։ Այնուհետեւ Ռ. Հայրապետյանը համոզիչ փաստեր բերեց նաեւ այլ խնդիրների մասին, որոնց վերաբերյալ իրողությունն «Արարատի» բաժնետեր եւ գլխավոր մարզիչ Արկադի Անդրեասյանը ներկայացնում է նենգափոխված։ Եվ թեմայի շուրջ գլխավորը. ՀՖՖ-«Արարատ» ակումբ հակամարտության եւ դա հարթելու վերաբերյալ։ Ռ. Հայրապետյանը բառացիորեն հայտարարեց հետեւյալը. «Կոնֆլիկտային որեւէ բան չկա, որը հաշտեցնելու խնդիր առաջացնի։ Ֆուտբոլն իմ անձնական սեփականությունը չէ, ֆուտբոլն ազգինն է։ Եվ ես ոչ մի իրավունք, նաեւ՝ բարոյական, չունեմ՝ անձնական հարաբերություններով առաջնորդվելով պատժել ինչ-որ մեկին եւ փորձել ազդել մեր ֆուտբոլի վրա։ Ես նույնիսկ դեռեւս մեկ ամիս առաջ ու այդ ընթացքում երեք անգամ հայտարարել եմ. թող «Արարատ» ֆուտբոլային ակումբը մեկ անգամ գրավոր տեղեկացնի, որ պատրաստվում է ենթարկվել ՀՖՖ կանոնակարգին եւ կատարել դրա պահանջները, ինքս կդիմեմ գործկոմին՝ խնդրելով վերանայել իր որոշումը։ Իսկ նրանք այդ բանն անել չեն ուզում, որպեսզի հետագայում շարունակեն առաջնության ընթացքում շանտաժի ենթարկել ֆեդերացիային։ Ավելին, երբ ընտրվեցի ֆեդերացիայի նախագահ, երրորդ օրը հրավիրեցի Անդրեասյանին ու ասացի, որ ուզում եմ համագործակցենք… Արել է երեք առաջարկ, որոնք բոլորն էլ ընդունել եմ ու կատարել։ Իր իսկ առաջադրած պայմանների դրժողը հենց Անդրեասյանն է եղել։ Շատերը չգիտեն, ու ես էլ այդ մասին խոսելու ցանկություն չունեի։ Բայց հիմա ստիպված եմ։ Երբ ընտրվեցի այս պաշտոնում, Անդրեասյանի հարցը դրված է եղել կարգապահական կոմիտեում՝ նրան ֆուտբոլում անցանկալի անձ ճանաչելու համար։ Դա եղել է մինչ իմ ընտրվելը։ Ֆեդերացիայի գործկոմի հաջորդ նիստից առաջ, քանի դեռ այդ հարցը քննարկման առարկա չէր դարձել, հրավիրել եմ ու ցանկացել ասածս համագործակցությամբ կանխել դա։ Նրա պայմանների դիմաց ես մի բան եմ պահանջել. ինքն իրավունք չունի մրցավար ծեծելու, հայհոյելու, դաշտից թիմ հանելու։ Սխալ մրցավարության համար պատժելու իրավունք ունի ֆեդերացիան՝ օրենքի սահմաններում։ Չանցած կարճ ժամանակ, երբ ես բացակայում էի հանրապետությունից, ինձ տեղեկացրին, որ նա նույնը շարունակում է անել։ «Արարատ» ակումբի դժբախտության պատճառն ինքը՝ Անդրեասյանն է։ Նա բնավորությամբ կոնֆլիկտային անձնավորություն է ու առանց դրա չի կարող յոլա գնալ։ Մի բան էլ պարզ ասեմ։ Ինչո՞ւ եւ ե՞րբ մեր հարաբերությունները նրա հետ վատացան։ 2000 թվականին, երբ ձեր՝ լրագրողների նախաձեռնությամբ ու որոշմամբ Խորեն Հովհաննիսյանը ճանաչվեց Հայաստանի՝ դարի լավագույն ֆուտբոլիստ, իսկ այդ մասին ես պատահական եմ իմացել, նա ինձ մեղադրեց, թե իբր կաշառել եմ (հավանաբար՝ մարզական լրագրողներին.- Ա. Հ.), ու Խորենին են շնորհել այդ տիտղոսը։ Երեք անգամ դիմել եմ նրան, թե՝ նման անհեթեթ բաներ մի ասա։ Բայց նա էլի շարունակում էր ու վիճեցինք»։ ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ