Մեր գազը մեր անանասն է «Եթե էլեկտրականությունը բնակչի տանձն ու խնձորն է, ուրեմն բնական գազը բանան, անանասն է»,- մի առիթով այսպես կարեւորեց կենցաղային կարիքների բավարարման համար անհրաժեշտ երկնագույն վառելիքը ՀայՌուսգազարդի բարձրաստիճան աշխատակիցներից մեկը։ Այսօր Հայաստանի որոշ շրջաններում այլեւս հիշողություն է հեղուկ գազի օգտագործման բալոնային տարբերակը, քանի որ բնակչության մի մասը, մասնավորապես՝ մայրաքաղաքի մի քանի թաղամաս ապահովված է բնական գազով։ Իսկ մատակարարի ու բաժանորդի փոխհարաբերությունները, բացի «Էներգետիկայի մասին» օրենքից, ՀՀ քաղաքացիական օրենսգրքից, բնական գազից օգտվելու կանոններից (ԳՕԿ), կարգավորվում են նաեւ համապատասխան պայմանագրով։ Կենցաղային կարիքների համար բնական գազի պայմանագրի 8 կետերով ամրագրված են մատակարարի պարտավորությունները։ Օրինակ, մատակարարը պարտավոր է ապահովել գազահաշվիչի ցուցմունքների տեսանելիությունը, գազամատակարարման դադարեցման դեպքում նախապես զգուշացնել բաժանորդին՝ դրա պատճառների եւ վերականգնման կանխատեսվող ժամանակի մասին եւ այլն։ Պայմանագրում նշված է նաեւ, որ մատակարարը պարտավորվում է ապահովել բաժանորդի հուսալի գազամատակարարումը տեխնիկական նորմերին ու ստանդարտներին համապատասխանող որակի ու անհրաժեշտ քանակի բնական գազով, ինչը միշտ չէ, որ կատարվում է։ Բոլորովին էլ գաղտնիք չէ, որ համապատասխան մասնագետները միայն սպառողի կանչի դեպքում են հետաքրքրվում գազի արտահոսքով կամ բաժանորդի գազասարքերի անսարքությամբ, ինչի ապացույցն են մայրաքաղաքում եւ շրջաններում գրանցվող վթարները։ Մինչդեռ նախկինում (մինչեւ 80-ականների վերջը), երբ դեռ բալոնով գազ էինք օգտագործում, պարտադիր տարեկան մեկ անգամ համապատասխան ստուգում-զննում էր անցկացվում, իսկ բաժանորդային գրքույկում դրվում էին ոչ միայն ստուգման ամսաթիվը, այլեւ ստուգողի եւ բաժանորդի ստորագրությունները։ Մի բան, որ բացակայում է ներկայումս բաժանորդ-մատակարար պայմանագրում։ Այնտեղ բաժանորդի հրահանգավորումների, ներտնային համակարգի ստուգման գրանցումների աղյուսակում որեւէ նշում չկա։ Մատակարարի եւ բաժանորդի միջեւ կնքված մերօրյա պայմանագրերում 9 կետով ձեւակերպված են բաժանորդի պարտավորությունները՝ օրինակ, յուրաքանչյուր ամսվա ընթացքում սպառած գազի դիմաց պայմանագրով սահմանված կարգով վճարումը։ Ըստ պայմանագրում նշված բաժանորդի պարտավորություններից մեկի, վերջինս պարտավոր է առանց մատակարարի թույլտվության եւ ստուգման՝ չփոխարինել նախագծով չնախատեսված գազասպառիչ սարքերը, չտեղադրել նոր սարքեր, չկատարել ինքնակամ միացումներ։ Ըստ պայմանագրի, բաժանորդը պարտավոր է նաեւ ապահովել մատակարարի վկայագիր ներկայացնող աշխատակիցների ազատ մոտեցումը գազահաշվիչին։ Կա մի հետաքրքիր ենթակետ եւս՝ «Սպասարկման պայմանները» վերնագրով. «Ստուգման արդյունքում գազահաշվիչի անսարքությունը հաստատվելու դեպքում ստուգաչափման ծախսերը հոգում է բաժանորդը, եթե նա է ստուգման նախաձեռնողը»։ Եթե ժամանակակից պայմանագրում գերակշռում են բաժանորդի պարտավորությունները եւ դրանք խախտելու դեպքում պատժվելու մասին հիշեցումները, ապա խորհրդային տարիների բաժանորդային գրքույկը ծայրից ծայր բաժանորդի օգտին է։ Վերջինիս մեջ բազմաթիվ հրահանգներ կան, որոնցում մանրամասն խոսվում է գազասարքից օգտվելու կանոնների մասին։ Մի շարք ցուցումներով ու հուշաթերթերով բաժանորդին տեղեկացնում են, թե ինչ պետք է անի նա, եթե գազի արտահոսք նկատի կամ հանկարծ հրդեհ բռնկվի։ Նույնիսկ 8 հեռախոսահամար է նշված (բացի 04-ը, այժմ՝ 1-04), որոնցով քաղաքացին կարող էր ահազանգել Երհեղուկգազի քաղաքային գրասենյակի պետին, գլխավոր ինժեներին, դիսպետչերական ծառայության պետին, պրոֆիլակտիկ ծառայության պետին, նույն ծառայության վերականգնումներ կատարող, գազի սարքավորումները կարգավորող աշխատակիցներին եւ այլն։ Ժամանակակից պայմանագրում նման տեղեկություններ եւ հեռախոսահամարներ չկան։ Ընդամենը նշված է, որ գազի արտահոսքի կամ վթարների դեպքում պետք է դադարեցնել գազի սպառումը, տեղեկացնել գազի վթարային ծառայությանը կամ հրշեջ ընկերությանը։ Գ. ՀԱԿՈԲՅԱՆ