Լրահոս
Օրվա լրահոսը

ԳՅՈՒՂ ԿԱՆԳՆԻ, ԱՐԴԵՆ ԳԵՐԱՆ ՉԻ ԿՈՏՐԻ

Մարտ 27,2003 00:00

ԳՅՈՒՂ ԿԱՆԳՆԻ, ԱՐԴԵՆ ԳԵՐԱՆ ՉԻ ԿՈՏՐԻ Վազաշենը ՀՀ հյուսիս- արեւելյան տարածաշրջանի սահմանապահ բնակավայրերից է: Ժամանակին այն Իջեւանի տարածաշրջանի երբեմնի ամենահզոր տնտեսություններից մեկն է եղել: Այսօր համայնքը բազմաթիվ հիմնախնդիրներ ունի, որոնք հատուկ են սահմանամերձ բոլոր բնակավայրերին: Նախ՝ զրկված է իր հողատարածքների մեծ մասը մշակելու հնարավորությունից՝ թե՛ ականապատված, թե՛ անջրդի լինելու պատճառով: 670հա-ից բնակիչները հնարավորություն ունեն մշակելու ընդամենը 110հա, որից շուրջ ութսուն հեկտարն օգտագործվում է աշնանացան կուլտուրաների համար: Թիվ 1 պրոբլեմը խմելու ջուրն է, այնուհետեւ՝ ոռոգման ջուրը: Ջրի բացակայությունը պայմաններ չի ապահովում՝ կազմակերպելու գյուղատնտեսական մթերքների արտադրությունը: Ժամանակին թուրքերը պայթեցրել են խմելու ջրի ներքին ցանցը: Վազաշենի գյուղապետ Գ. Իսահակյանը հայտնեց, որ առաջիկայում անտառից եկող ջրի համար կառուցվելու է նոր ջրամբար, որպեսզի ջուրը կուտակվի, եւ այդ 160 հա տարածքը ինչ-որ չափով ոռոգվի: Իսկ պոմպակայանները գտնվում են սահմանագլխին եւ կաշխատեն միայն հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման դեպքում: Եթե ոչ մի մետր չի ոռոգվում, ապա ինչ ագրոտեխնիկական միջոցառումներ էլ կիրառվեն, միեւնույն է, բերքատվությունը ցածր է լինելու: Ռեգիոնում հացահատիկի միջին բերքատվությունը 30 ցենտներ է եղել, այսօր առավելագույնը այդ թիվը կարող է հասնել 20-ի: Պրն Իսահակյանը ասում է, որ մեծ դժվարությամբ ձեռք բերված պարարտանյութերը կամ ժամկետանց են լինում, կամ էլ գյուղացին հնարավորություն չունի դրանք օգտագործելու: Իսկ եթե դրան ավելանում են բնական աղետները, ինչպես անցյալ տարի, ապա կասկածի տակ է հանապազօրյա հացը սեղանին տեսնելու հարցը: Ծանր է հատկապես բերքահավաքի շրջանը: 80 հա հացահատիկի ցանքատարածության համար գոյություն ունի ընդամենը մեկ հացահատիկահավաք մեքենա: Բացի այդ, հայկական սահմանից այն կողմ բերքահավաքն ավելի շուտ է վերջանում: Այնտեղ այրում են չմշակվող տարածքները՝ իբր թե մոլախոտերը վերացնելու նպատակով, եւ մեր հասկերը բռնկվում են կրակից: Եղել է նույնիսկ դեպք, երբ ոտքի է կանգնել տարածաշրջանի ողջ հրշեջ անձակազմը՝ կրակը մարելու համար: Շատ հաճախ նաեւ կլիման թույլ չի տալիս բերքահավաքը ժամանակին ավարտել: Խնդիր են մնում ռազմավարական նշանակություն ունեցող ճանապարհաշինությունն ու կապը: Ամեն տարի համայնքն իր ուժերի ներածին չափով աշխատանքներ է կատարում այս ուղղությամբ՝ հատված առ հատված բարեկարգելով փողոցները: Համայնքի կենտրոնով Բերդ ձգվող ճանապարհը խիստ անբարվոք վիճակում է: Երեք կիլոմետր երկարություն ունեցող այս ճանապարհը գյուղը կապում է Տավուշի մարզի մյուս բնակավայրերի հետ: Գյուղը կարծես մեկուսացված է արտաքին աշխարհից: Հեռախոսակայանը հրետակոծությունների հետեւանքով ավերվել է եւ, բնականաբար, չի գործում: Շուրջ մեկ տասնամյակ է, ինչ գյուղն ունի միայն մեկ հեռախոսահամար՝ Իջեւանի համարը՝ 34096, որն այնքան էլ որակյալ կապ չէ: 2000թ. կառավարությունից նախագծողների մի խումբ է եկել՝ համապատասխան աշխատանք կատարելու նպատակով: Նախագիծը պատրաստ է, եւ ըստ գյուղապետի, այն պետք է իրականություն դարձնի ԱրմենՏելը: Հրետակոծությունների ու երկրաշարժի հետեւանքով ավերվել էր նաեւ դպրոցը եւ ընդհանրապես լուրջ վնաս են կրել համայնքի բոլոր ենթակառուցվածքները: ՄԱԿ-ի գրասենյակի աջակցությամբ կառուցվել է դպրոցը՝ 130 հազար դոլար արժողությամբ: Իսկ տասը տոկոսի ներդրումը համայնքն է կատարել: Լուծվել է ամբուլատորիայի հարցը, վերակառուցվել է մանկապարտեզի մասնաշենքը, շինարարությունը շարունակվում է, իբրեւ նախապատրաստական աշխատանք՝ նախագծվել են սահմանային հողատարածությունները՝ հետագայում դրանց ճակատագիրը վճռելու համար: Բայց մասնակիորեն է լուծվում բնակարանային հարցը: Միայն առանձին անհատներ սեփական միջոցներով կամ փլուզված տունն են վերականգնում, կամ էլ մեկի կողքին երկրորդը, երրորդն են ավելացնում: Իսկ անօթեւան շատ ընտանիքներ արդեն մեկ տասնամյակ կամ նկուղային հարկերում են բնակվում, կամ էլ՝ դոմիկներում: Շատերն էլ մեկընդմիշտ հեռացել են գյուղից: Արտագաղթը շարունակվում է, եւ գյուղի բնակչության քառասուն տոկոսը դրսում է, որոնց մեջ բացարձակ մեծամասնություն են կազմում երիտասարդները: Աստված մի արասցե, եթե վերսկսվեն ռազմական գործողությունները, սահմանը երիտասարդները չեն պաշտպանելու, այլ տարեցները: ՀԱՍՄԻԿ ՊՈՂՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել