Լրահոս
Օրվա լրահոսը

«Փորձում են կայացնել տոտալիտար բուրգը»

Մարտ 27,2003 00:00

«Փորձում են կայացնել տոտալիտար բուրգը» Ասում է Շավարշ Քոչարյանը Ռոբերտ Քոչարյանն իր վերջին մամուլի ասուլիսի ժամանակ հրահանգ տվեց Ազգային ժողովին՝ արտահերթ նիստերի հնարավորությունն օգտագործելով ընդունել մի շարք կարեւոր օրենքներ, այդ թվում նաեւ սահմանադրական փոփոխությունների հարցը քննել։ Ամենեւին զարմանալի չէ, որ գործող նախագահը եւ թեկնածուն նախագահի ընտրությունների ընթացքում ազգային երեսփոխաններին իրենց անմիջական պարտականություններով, այն է՝ օրենսդրական աշխատանքով զբաղվելու կոչ չարեց եւ անարգել թույլ տվեց, որ կաթվածահար լինի երկրի թվով երկրորդ իշխանությունը եւ մեծամասնության շնորհիվ աշխատի հօգուտ իրեն։ Սա ավելորդ ապացույցն է այն բանի, որ Ռ. Քոչարյանի ձեռքին խաղավարի թելեր կան եւ նա կարողանում է խամաճիկի պես իր ուզած ձեւով աշխատեցնել կամ չաշխատեցնել խորհրդարանը։ Որքան էլ իշխանամետ պատգամավորները պնդեն, թե ընդդիմադիրները եւս կազմալուծում էին խորհրդարանի աշխատանքը, մի բան ակնհայտ է՝ մեծամասնությունը ցանկության դեպքում կարող էր աշխատել նաեւ առանց փոքրամասնություն կազմող ընդդիմադիրների։ Բայց այս ամենն արդեն անցյալ է, եւ կարեւորն ուրիշ բան է. այն, որ խիստ կարեւոր օրենքների նախագծեր (օր.՝ ԶԼՄ-ների մասին), նաեւ սահմանադրական փոփոխությունները, ստիպված պետք է քննվեն հապշտապ եւ լարված իրավիճակում։ Առայժմ ակնհայտ է, որ իշխանություններն այս հապշտապության մեջ փորձում են ԶԼՄ-ների վզին փաթաթել իրենց քիմքին հաճո օրենք։ ԱԺ Կրթության, գիտության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Շավարշ Քոչարյանին, սակայն, այս ամենը զարմանալի չի թվում։ Ըստ նրա՝ ավտորիտար երկիր է, որտեղ խուսափում են ցանկացած հրապարակային խոսքից. «Վառ ապացույցը, թե ինչպիսին պետք է լինի իշխանության պատկերացմամբ ԶԼՄ-ն, Հանրային հեռուստատեսությունն է։ Սա իրենց համար շատ հանդուրժելի է։ Բնական է, որ այդ դաշտում բոլորը չէ, որ ցանկություն ունեն տեղադրվել։ Եվ մենք տեսանք, թե ինչ է կատարվում այդ դաշտում չտեղավորվողների հետ՝ «Ա1+»-ի փակումը»։ Ըստ Շ. Քոչարյանի, այս ամենը տանում է տոտալիտար համակարգի։ Իշխանությունների այս «փութաջանությունը» Շավարշ Քոչարյանը հետեւյալ կերպ մեկնաբանեց. «Իրենց թվում է, որ ընտրությունների կեղծիքները մարսել են, այդպես է թվում, եւ իրենք, այս ընտրությունների ընթացքում դասը ստանալով, հասկանալով, որ ամբողջ հասարակությունը հակադրված է իրենց, հիմա փորձում են այն, ինչ որ անում էին հակասահմանադրական, հակաիրավական ճանապարհով՝ կալանավորում են մարդկանց, անօրինական դատավճիռներ են իրականացնում եւ այլն, հիմա փորձում են արդեն ոչ թե ավտորիտար, այլ՝ տոտալիտար բուրգը կայացնել։ Ընդ որում՝ նմանակելով ժողովրդավարությանը»։ Շավարշ Քոչարյանի՝ այս իրավիճակի գնահատականը միանշանակ է. բռնապետական համակարգը ձգտում է ամենուրեք ունենալ օրենքով սահմանված հնարավորություններ իր գործառույթներն իրականացնելու համար։ Մ. Ե.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել