«ԵՍ ՊԱՏՎԵՐ ԿԱՏԱՐՈՂ ՉԵՄ» «Ես կարո՞ղ է շահագրգիռ եմ, որ լրատվական դաշտը հարվածի տակ լինի: Բոլորովի՛ն: Պատվե՞ր ունեմ: Բացառվո՛ւմ է: Բոլորը գիտեն, որ ես պատվեր կատարող չեմ ընդհանրապես»,- երեկ մեզ հետ զրույցում արդարանում էր ՀՀ արդարադատության փոխնախարար Աշոտ Աբովյանը: «Զանգվածային լրատվության մասին» օրինագծի վերաբերյալ Աշոտ Աբովյանի այս մեջբերումները միակը չէին: Նրա համոզմամբ, իր հեղինակած օրինագիծն ի նպաստ լրագրողի է, եւ նա զարմանում է, թե ինչո՞ւ են լրագրողները նման հակամարտություն սկսել իր օրինագծի դեմ. «Սա ակնհայտ երաշխիք է ի նպաստ լրագրողի: Հավատացեք, ես վերջին հաշվով պարտադրված չեմ որեւէ դրույթ այս կամ այն ձեւով ներկայացնել: Իմ անձնական, քաղաքացիական մոտեցումն է նաեւ այս նախագիծը: Թե ինչո՞ւ է այս հակամարտությունն այս աստիճանի հասնում, ես զարմանում եմ»: Նա նաեւ կարծիք հայտնեց, թե այն կարող է քաղաքական դիվիդենտներ շահելուն միտված լինել: Իսկ թե այս օրինագծի վերաբերյալ դժգոհություն արտահայտող ԶԼՄ-ներն ի՞նչ քաղաքական դիվիդենտներ պիտի ձեռք բերեն՝ ընդվզելով դրա ընդունման դեմ, Ա. Աբովյանը չնշեց: Արդարադատության փոխնախարարին հիշեցրինք ՀՌԱՀ մասին օրենքի ընդունումից անմիջապես հետո «Ա1+»-ի եթերազրկման փաստը՝ նկատելով, թե այս օրենքի ընդունումը կարող է իշխանություններին ոչ հաճո ԶԼՄ-ներին եւս արժանացնել այդ ճակատագրին, ինչին ի պատասխան Ա. Աբովյանն ասաց. «Եթե որեւէ մեկը պետք է որեւէ գործողություն կատարի, ապա այս օրենքները չէ, որ պետք է դրա համար կանաչ լույս վառեն: Եթե ինչ-որ մի բան պետք է կատարվի, ապա եթե այս ձեւը չկա՝ մյուսը կա»: Ըստ նրա, այսօր լրատվամիջոցների գործունեությունը կանոնակարգող որեւէ օրենք գոյություն չունի, իսկ գործող օրենքը շատ կամայական է եւ լրատվամիջոցներին իրենց իրավունքները կատարելու համար անհրաժեշտ երաշխիքներ չի ընձեռում: Ա. Աբովյանի կարծիքով, «ԶԼՄ-ների մասին» գործող օրենքով ցանկացած պահի իշխանությունները կարող են դադարեցնել ցանկացած լրատվամիջոցի գործունեությունը. «Միանշանակ, առանց պրոբլեմի: Եթե ես պատվեր կատարելու լինեմ, մեկ շաբաթվա ընթացքում, օրինակ, կարող եմ ընդհանրապես դադարեցնել «Առավոտ» թերթի տարածումը»,- խոստովանեց Ա. Աբովյանը՝ հավաստելով, որ ինքը նման բան մեկ շաբաթում չի կարող անել իր հեղինակած օրինագծի ընդունման դեպքում: «Մի դեպք կա՝ որ թողարկման տարածումն ես արգելում: Էդ մի համարի, ոչ թե ընդհանրապես լրատվամիջոցի հետագա գործունեությունը,- ասաց Աբովյանը՝ ավելացնելով,- լավ, բա ինչի՞ չենք ուզում հասկանալ: Լավ, ինձ համար չեմ աշխատում, այս օրենքից ավելի շատ ԶԼՄ-ները պետք է օգտվեն: Բա մի հատ շնորհակալություն չկա՞, մի հատ օժանդակություն չկա՞: Հակամարտություն՝ հակամարտություն: Ընկել են իշխանություն-ընդդիմություն խաղալու հետեւից, էս հսկայական աշխատանքը ջուրն են ուզում թափել»: Ա. Աբովյանի խոսքերով, ինքն անձամբ թե՛ Շավարշ Քոչարյանին, թե՛ Սերգո Երիցյանին բազմիցս խնդրել է հավաքվել ու քննարկել օրենքի նախագիծը, սակայն իր ջանքերն ապարդյուն են անցել: «Է, ի՞նչ, մենակ արդարադատության ուսերին ե՞ն ծանրացած Հայաստանի Հանրապետության պարտավորությունները: Վերջին հաշվով օրենք պետք է ընդունենք, պարտավորությունը բոլորով ենք ընդունել՝ ժողովրդով»,- հայտարարեց նա: Պատգամավոր Շավարշ Քոչարյանի դիտարկմամբ, «ԶԼՄ-ների մասին» գործող օրենքը «չափազանց ժողովրդավարական է», որը պարզապես պահանջում է որոշակի շտկումներ: Ըստ նրա, ենթադրվում էր, որ առաջարկվող օրինագիծը պետք է ավելի ժողովրդավարական լիներ, սակայն այն ակնհայտ «նահանջ» ունի, ինչը կարող է մահակ հանդիսանալ լրատվամիջոցների գլխին: «Օրինաց երկրի» պատգամավոր Սերգո Երիցյանը պատմեց, որ ինքն ի տարբերություն մյուս պատգամավորների՝ ավելի լավ է հասկանում լրատվամիջոցների աշխատանքը, քանի որ այդ մասին ինքն անձամբ դիսերտացիա է գրել, եւ որպես այդ ոլորտին քաջատեղյակ, Ա. Աբովյանին մեկ դիտողություն ներկայացրեց, թե ինչու են նրանք որոշել, որ օրենքը պետք է կոչվի «Զանգվածային լրատվության մասին», եւ ոչ թե՝ «Զանգվածային լրատվամիջոցների մասին»: Իսկ Վիկտոր Դալլաքյանն առաջարկեց օրենքում ամրագրել դրույթ, համաձայն որի՝ լրագրողն իր պարտականությունները կատարելիս պետք է գտնվի պետության պաշտպանության ներքո: Իսկ ինչ վերաբերում է «Բարոյական փոխհատուցում» հոդվածին, որով լրատվամիջոցները պետք է իրենց հրապարակումների հետեւանքով «հոգեկան տառապանքների» մեջ ընկածներին դրամական համապատասխան փոխհատուցում կատարեին, ինչը որոշվելու էր հոգեկան տառապանքի մեջ հայտնվածի հոգեկան վիճակի խորության աստիճանով, ապա Ա. Աբովյանը հայտարարեց, որ այդ դրույթն ի սկզբանե հանել են օրենքից: Այնուամենայնիվ, երեկ քննարկումներն ավարտվեցին, եւ քվորումի բացակայության պատճառով օրինագիծը չդրվեց քվեարկության, եւ ամենայն հավանականությամբ դա տեղի կունենա երկուշաբթի օրը՝ ԱԺ հերթական եռօրյայի ընթացքում: Հարկ է նշել, որ Ա. Աբովյանի դիտարկմամբ, այս օրինագիծն «արժե» միայն ընդունել՝ թեկուզ այն բանի համար, որ այնտեղ սահմանված է լրատվության աղբյուրի պաշտպանության մասին հոդվածը, ինչը, սակայն, իր իսկ գնահատմամբ՝ նույնպես «սողանցք» ունի: ԼԻԼԻԹ ՍԵՅՐԱՆՅԱՆ