Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԱՇԻԲՈԶՈՒԿՆԵՐԻ ՈՒ ՄՈՒԹ ԲՆԱԶԴՆԵՐ ԲՈՐԲՈՔԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Մարտ 27,2003 00:00

ԲԱՇԻԲՈԶՈՒԿՆԵՐԻ ՈՒ ՄՈՒԹ ԲՆԱԶԴՆԵՐ ԲՈՐԲՈՔԵԼՈՒ ՄԱՍԻՆ Երեկ ԱԺ-ում «Ժողովրդի ձայն» պատգամավորական խմբի ղեկավար Գրիգոր Հարությունյանին խիստ վրդովեցրեց ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի փոխնախարար Պավել Սաֆարյանի այն դիտարկումը, թե ԱԺ-ն արդեն հաստատել է 2003թ. բյուջեն, եւ իրենք այլեւս կարող են իրենց հայեցողությամբ փոփոխություններ կատարել այնտեղ: «ԱԺ ղեկավարությունն է մեղավոր, որ գործադիրն այսպես է վերաբերվում ԱԺ-ին: ԱԺ ղեկավարությունն ի՞նչ է արել այսքան ժամանակ՝ ԱԺ դերը բարձրացնելու համար»,- ասաց Գ. Հարությունյանը՝ ավելացնելով. «Գործադիրն ո՞վ է, որ խախտի օրենքն ու բյուջեում փոփոխություններ կատարելու վերաբերյալ օրինագիծ բերի ու ասի՝ ընդունել եք օրենք, ինչ ուզենք՝ կանենք»: Այնուհետեւ Գ. Հարությունյանը կառավարության նման վերաբերմունքը համեմատելով նախագահական ընտրությունների հետ հայտարարեց. «Մի քանի բաշիբոզուկներ են որոշում այս երկրի ճակատագիրը, որոնք դեռ նախագահական ընտրությունները չպարտակած՝ ԱԺ ընտրությունների մասին են սկսել խոսել»: Բնականաբար, Գրիգոր Հարութունյանի այս ոգեշունչ ելույթն անպատասխան մնալ չէր կարող: ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանը՝ հակադարձելով Գ. Հարությունյանին, ասաց, թե այս «քաղաքական» պայքարը չի հետապնդում ո՛չ համազգային, ոչ պետական նպատակ, եւ ոչ էլ այն մարդկանց շահերը, որոնց անունները շահարկում է ընդդիմությունը: Ըստ նրա, ընդդիմության պայքարը զուտ «իշխանությանը տիրանալու» նպատակ է հետապնդում, ինչին հասնելու համար «այդ մարդիկ անբարոյական գործողություններ են իրականացնում»: «Դրանով նրանք վարկաբեկում են ե՛ւ ԱԺ-ն, ե՛ւ քաղաքական ուժերին, ե՛ւ մարդկային արժանապատվությունը»,- ասաց Տ. Թորոսյանը՝ ավելացնելով, թե Հայաստանի քաղաքական կյանքում չի կարելի նման երեւույթներին տեղ հատկացնել: «Երբ մարդիկ ինչ-որ բաների մասին խոսում են՝ չպետք է մոռանան, որ երեկ է՛լ է եղել եւ բոլորի աչքի առաջ է ամեն ինչ եղել»,- հայտարարեց ԱԺ փոխնախագահը՝ Գ. Հարությունյանին խորհուրդ տալով ԱԺ ղեկավարության մասին խոսելիս «գոնե» ազնվություն եւ անկեղծություն ունենալ ու խոսել կոնկրետ անուններով, թե նրանցից «ով ինչ է արել եւ ինչպես է արել: Ո՞վ է արել կեղծիք, ո՞վ է տապալել ԱԺ աշխատանքները»: «Չմոռանանք, թե ով առաջադրեց եւ ընտրեց ԱԺ ղեկավարության երկու երրորդին, ով 2000-ին Սահմանադրությունը, ԱԺ կանոնակարգը ոտնահարելով՝ ինչեր արեց այդ ամենի հետ կապված: Հիմա արդեն դարձել են երկրի մասին մտածող, ազնվության ջատագով եւ ամենաամոթալին. խայտառակ խոսքեր են ասում այս ամբիոնից՝ մոռանալով, թե որտեղ են իրենք գտնվում: Մարդիկ մոռանում են, թե երեկ կամ այսօր ինչ էին անում, ինչպես էին տապալում հենց Եվրախորհրդի պարտավորությունների հետ առնչվող օրենքների ընդունումը: Դե՛, պատասխան տվեք: Տղամարդավարի վեր կացեք, ասեք՝ լավ ենք անում, տապալում ենք պարտավորությունների հետ կապված օրինագծերը»,- Տ. Թորոսյանը երեսով տվեց ընդդիմությանը եւ մասնավորապես նախկին ՀԺԿ-ականներին, որոնք ջանք չէին խնայում պահպանելու համար Արմեն Խաչատրյանին ԱԺ նախագահի պաշտոնում: Տ. Թորոսյանի գնահատմամբ, ընդդիմությունը սկսել է «սուտ ու կեղծիք» տարածել ամենուրեք: «Խոսում են երկրի մասին, երկրի վարկի մասին ու վազում են այս դեսպանատնից՝ այն դեսպանատուն եւ հերյուրանքներ են տարածում երկրի մասին: Քաղաքական ուժերը, որ պետք է առաջնորդեին ժողովրդին, այսօր ժողովրդի ետեւից գնալով, ժողովրդին հրահրելով, մութ բնազդներ ու կրքեր բորբոքելով են զբաղված: Թող որեւէ մեկն այլեւս չխոսի երկրի մասին, ժողովրդի մասին, կիսասոված մարդու մասին»,- պատգամավորներին հորդորեց Տ. Թորոսյանը: Գրիգոր Հարությունյանին Տ. Թորոսյանի քննադատություններից «փրկելու» համար՝ ամբիոն բարձրանալուն պես արձագանքեց Շավարշ Քոչարյանը եւ անդրադառնալով ԱԺ փոխնախագահի՝ ժողովրդին հրահրելու, մութ բնազդներ ու կրքեր բորբոքելու մասին ընդդիմությանը հասցեագրված մեղադրանքներին՝ նկատեց, որ ժողովրդին ոչ թե ընդդիմությունն է բորբոքում, այլ իշխանությունները, որոնք թույլ են տալիս կեղծիքներ, անտեղի ձերբակալում մարդկանց. «Իշխանություններն են իրենց կեղծարարություններով ժողովրդին նման վիճակի հասցնում, դա մենք չենք»: ԼԻԼԻԹ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել