Լրահոս
Օրվա լրահոսը

Աշխատատեղեր ստեղծելու նոր առաջարկ

Մարտ 26,2003 00:00

Աշխատատեղեր ստեղծելու նոր առաջարկ Հայաստանի պետական ակադեմիական երգչախմբի երգիչների ու նրանց գեղարվեստական ղեկավար ու գլխավոր դիրիժոր Հովհաննես Չեքիջյանի հակամարտության մասին (որի հիմքում մոսկվաբնակ մեր հայրենակից Սենիկ Գեւորգյանի հովանավորչական գումարներն են) «Առավոտը» քանիցս տեղեկացրել է ընթերցողին։ Հիշեցնենք, որ մի խումբ երգիչներ հասցրել էին դատի տալ իրենց գեղարվեստական ղեկավարին, ինչը, սակայն, լուծվել էր վերջինիս օգտին։ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի հունվարի 16-ի կայացրած վճռից հետո Հայաստանի պետական ակադեմիական երգչախմբի «դժգոհ» հատվածը դիմել էր նաեւ վերաքննիչ դատարան։ Մարտի 11-ին վերաքննիչ դատարանը նրանց՝ Կարապետ Մանուկյանի, Հարություն Կարապետյանի, Արմեն Ասլանյանի, Համլետ Գրիգորյանի, Գրիգոր Հաջի-Հակոբյանի եւ Հովհաննես Բոստանջյանի հայցն ընդդեմ Հայաստանի պետական ակադեմիական երգչախմբի «Չեքիջյան հիմնադրամի»՝ անհիմն ձեռք բերված գումարի վերադարձման պահանջի մասին, վճռել է մերժել։ Այժմ երգիչները պատրաստվում են դիմել նաեւ ՀՀ վճռաբեկ դատարան։ Նրանք դատարանում պնդել են, որ Սենիկ Գեւորգյանի՝ «Պրոմեթեյ» բանկի միջոցով ամեն ամիս փոխանցված 8300 դոլարից յուրաքանչյուր երգիչ պետք է ստանար 100-ական դոլար։ Սակայն, ըստ երգիչների, ստացել են 20-40-ական դոլար, «մնացածը տնօրինել է Հովհ. Չեքիջյանը»։ «Չեքիջյան հիմնադրամի» ներկայացուցիչ Է. Չինարյանը վերաքննիչ դատարանում հայտարարեց, որ բարեգործական գումարները ծախսվել են հիմնադրամի կանոնադրությանը համապատասխան։ Ըստ նրա, երգիչները ստացել են հաստիքացուցակով սահմանված աշխատավարձը, իսկ հովանավորչական գումարները «Չեքիջյան հիմնադրամին» փոխանցելիս որեւէ ցուցում չի եղել դրանցից պարգեւատրում կամ աշխատավարձ վճարելու համար։ Հետաքրքիր է, որ հայցվորներին հատկացված 20-40-ական դոլար գումարների վերաբերյալ արձանագրություն չի կազմվել եւ գումարների շարժի հետ կապված բոլոր խնդիրները կոլեկտիվում կարգավորվել են բանավոր։ Այժմ իրենց գեղղեկավարից եւ դատարանի վճռից դժգոհ, ճարահատ երգիչներին այլ բան չի մնում, քան իշխանություններին հետաքրքիր առաջարկություն անելը. «Մեր երկրում կա պետական ակադեմիական երգչախումբ (շուրջ 100 հոգանոց ստեղծագործական կազմով)՝ 6700 դրամ աշխատավարձով, որի յուրաքանչյուր անդամը աշխատում է մի քանի տեղ՝ զբաղեցնելով 3-4 աշխատատեղ։ Քանի որ մեր օրերում հոգեւորը ստեղծագործողի համար ավելի կարեւոր է նյութականից, ուստի իշխանություններին առաջարկում ենք նոր աշխատատեղեր ստեղծելու համար վարվել հետեւյալ կերպ։ Թող Հայաստանի պետական ակադեմիական երգչախմբի յուրաքանչյուր անդամին տրվող 6700-ական դրամները կիսվեն։ Այդ դեպքում ե՛ւ երգչախմբի կազմը կկրկնապատկվի, ե՛ւ կունենանք լրացուցիչ 100 աշխատատեղ»։ Գ. Հ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել