«Իմ հացի մեջ աղ չկա» Կենտրոն, Նորք-Մարաշ 1-ին ատյանի դատարանը երեկ վճռեց մերժել Մարքսիստական կուսակցության հայցն ընդդեմ ԿԸՀ-ի որոշման՝ «Ազատ, արդար Հայաստան» դաշինքը չգրանցելու մասին: Հիշեցնենք, դաշինքի մեջ պետք է մտնեին Հայաստանի Մարքսիստական կուսակցությունը եւ «Հայաստանի կոմունիստների միություն» կուսակցությունը: Նախ ԿԸՀ-ն մերժել էր դաշինքի գրանցումը՝ առաջ բերելով Մարքսիստական կուսակցության չվերագրանցման հանգամանքը: Սակայն դա ԿԸՀ-ի միակ որոշումը չէր՝ ուղղված Մանուկ Գասպարյանի դեմ, որը պետք է ղեկավարեր այդ դաշինքը: ԿԸՀ-ն աղ լցրեց Մանուկ Գասպարյանի վերքի վրա, երբ ԱԺՄ ներկայացուցիչը կարդաց «գնդակահարության որոշումը», ըստ որի մերժվել էր դաշինքի մեջ մտնող «Հայաստանի կոմունիստների միություն» կուսակցության գրանցումը: Ի դեպ, որոշմանը կողմ էր քվեարկել նաեւ Արտաշես Գեղամյանի ներկայացուցիչը: Հիշենք, որ նախագահական ընտրություններում Մ. Գասպարյանը հենց Արտաշես Գեղամյանին էր սատարում. «ինչ անեմ, իմ հացի մեջ աղ չկա»,- ասաց Մ. Գասպարյանը, իսկ ԱԺՄ-ի պահվածքը գնահատեց իբրեւ նախանձ: Մանուկ Գասպարյանի կարծիքով ԿԸՀ-ն կոպիտ սխալ է թույլ տվել. «եթե Մարքսիստական կուսակցությանը չէին գրանցում, մեխանիկորեն ուժի մեջ է մտնում 103 հոդվածի 7-րդ կետը: Այսինքն՝ մեկ կուսակցություն դուրս է գալիս, մյուսն իր ցուցակով գնում է ընտրությունների: Այդ կոպիտ սխալը թույլ տալուց հետո նորից նիստ են գումարում, փոխանակ իրենց սխալն ուղղեն, որոշում են, քանի որ կուսակցությունը 21-ին է դիմել, իսկ նիստը տեղի է ունեցել 19-ին, ասում են՝ ուշ եք դիմել: Ինչ դիմելու մասին է խոսքը, որ եթե չեք գրանցում մի կուսակցությունը, պարտավոր եք մյուսին առաջադրել, հարցնել՝ դուք ուզու՞մ եք մենակ գնալ ընտրությունների, թե՞ ոչ: Իսկ իրենք գնդակահարեցին նաեւ մյուս կուսակցությունը: Դուրս է գալիս, որ իրենք իսկական տեռոր են սկսել Մանուկ Գասպարյան անձի դեմ: Այսպես չեմ թողնի, կդիմեմ Սահմանադրական դատարան, եթե անգամ չբավարարի, Եվրոդատարան կա, ամեն ինչի կդիմեմ, ամեն ինչի կհասնեմ, միայն թե ճշմարտությունը վեր հանվի: Իսկ դատավորների համար ես ցավում եմ, որ նրանք կոչված են պաշտպանելու ժողովրդի շահերը, բայց դարձել են կցորդներ: ԿԸՀ-ին դատի եմ տալու, որ 2 կուսակցություններին զրկեցին իրենց իրավունքները պաշտպանելուց»: Թեպետ Մ. Գասպարյանն այնքան էլ մեծ հույսեր չի կապում այս անօրեն երկրի հետ, սակայն կարծում է, որ պայքարը մինչեւ վերջ պետք է տանել: Եվ բացի այդ, «սա կլինի նաեւ ռեկլամ մեզ համար»: Հ. ԲՈՒԴԱՂՅԱՆ