Ժամանակավրեպ սրբագրումներ Ի սկզբանե քոչարյանականները պատրանք չէին կարող ունենալ Հայաստանի ժողովրդի կողմից ընդունելության արժանանալու: Նախ ընտրակեղծիքներում չափազանց շատ մարդիկ էին ներգրավվել՝ հույսը բարեհոգի անտեղյակների վրա դնելու համար. բայց դա դեռ կես դժբախտությունն էր: Քոչարյանի համար քվեներ ապահոված մարդիկ հետո սկսեցին իբրեւ «գաղտնիք» վստահել. «Այսքան ձայն եմ ապահովել: Մարդիկ ուղղակի ասել են. քեզ պետք է՝ կընտրենք: Ինձ համար են ձայն տվել: Թե չէ, Քոչարյանը լրիվ զրո է. ոչ մի ձայն չուներ»: Երեւանի ոչ թե թաղի, այլ նույնիսկ բակի տղան էլ անկեղծորեն համոզված է, որ ինքն ավելի մեծ հեղինակություն ունի, քան նախագահ դառնալու հավակնած Ռոբերտ Քոչարյանը, չէ՞ որ ինքն է նրա համար ձայն ապահովել: Սրա առջեւ խամրում են հարյուր հազարանոց հանրահավաքները Մատենադարանում: Եվ այս իրողությանը Քոչարյանը չէր կարող անտեղյակ լինել: Այնպես որ, նույնիսկ Սահրադյանի թվանկարչությունից հետո մարտի 6-ին նա չկարողացավ իր «հաղթանակի» մասին հայտարարել: Հայացքն ուղղվեց արտերկրին: Արտերկրի գնահատականը մահախոսական էր. ԵԱՀԿ եւ ԵԽ դիտորդական առաքելությունները նախագահական ընտրությունների 2-րդ փուլին տվեցին 1-ին փուլից էլ վատթար գնահատական, ինչը նշանակում էր, որ Հայաստանի՝ ԵԱՀԿ եւ ԵԽ առջեւ ստանձնած պարտավորությունների շրջանակում մնալը դրվեց հարցականի տակ՝ բխող ֆինանսական եւ դիվանագիտական հետեւանքներով: Եթե Քոչարյանը նախընտրական ողջ մարաթոնում ճառում էր, թե իրեն 50 տոկոսը զգալիորեն գերազանցող ձայներ են հարկավոր, որ միջազգային հանրությունը կասկածներ չունենա դրանց հավաստիության առնչությամբ, ապա Սահրադյանի նկարչությամբ՝ «հոնքն ուղղելու փոխարեն աչքը հանվեց»: Միջազգային հանրությունը տեղեկացավ Հայաստանում գործադրված ընտրակեղծիքների տեխնոլոգիաներին, մասշտաբներին, եւ անվստահություն հայտնեց հօգուտ Քոչարյանի նկարված ոչ թե ինչ-որ 5-6 տոկոս, այլ 20-30 տոկոս ձայների հանդեպ: Ստեղծված իրավիճակում եթե ոչ ինքնատիրապետումը, այլ գոնե խոսելու ընդունակությունը վերագտնելու համար Քոչարյանի շրջապատին անհրաժեշտ էր խոսք, որը կարելի լիներ մատուցել՝ իբրեւ ՀՀ նախագահական ընտրությունների արդյունքների ճանաչում: Մարտի 6-ին, 21:05-ին ՌԻԱ-Նովոստին, 21:08-ին ԻՏԱՌ-ՏԱՍՍ172ը, 21:11-ին նորից ՌԻԱ-Նովոստին /ավելի ընդարձակ ուղղակի մեջբերմամբ/ հաղորդագրություն տարածեցին, թե Պուտինը շնորհավորական հեռագիր է ուղարկել Քոչարյանին: Նույն երեկոյան, շնորհավորանքի մասին, գրեթե իբրեւ ուղերձի, տեղեկացնում է «Հայլուրը», հաջորդ օրը Քոչարյանն է հեռախոսազրույցում «ուղերձի» համար շնորհակալություն հայտնում /համաձայն նույն ՌԻԱ-Նովոստիի/: Քոչարյանի աշխատակազմում չգիտե՞ն, թե ինչ է ուղերձ, ինչ ընթացակարգով է այն փոխանցվում: Թե՞ հաշվարկված աճպարարությամբ էլեկտրոնային նամակն էր իբրեւ ուղերձ մատուցվում: Իհարկե, առանձնապես արժանահավատ չէր, որ Տյումենի մարզում լարված աշխատանքային օր անցկացնելուց հետո Շեւարդնաձեի հետ Սոչիում հանդիպման թռչող Պուտինը ինքնաթիռից հեռագիր ուղարկեր: Իսկապես էլ, ինչպես հաջորդ օրը Քոչարյանի աշխատակազմից տարածած լրատվությամբ պարզվեց, գրությունը ստացվել էր Մոսկվայից: Սակայն այն ուղերձ կոչել Կրեմլում զգուշացել էին՝ նախագահի ուղերձը այլ պետություն հասցվում է դիվանագիտական խողովակներով, ոչ թե լրատվամիջոցներով: Իսկ մարտի 6-ին լրատվամիջոցների հաղորդագրությունները մի տեքստի մասին, որ ոչ հեռագիր էր, ոչ էլ ուղերձ, մտահղացված սատարման ֆոն էին՝ Սերժ Սարգսյանի ասուլիսի եւ բարիկադային դիրքավորման համար /տարբեր ժողովրդավարություններ, հայկական մենթալիտետ եւ այլն/: Սակայն շատ չանցած հնչեց ԱՄՆ Պետդեպարտամենտի հայտարարությունը: Քոչարյանական ճամբարում սկսվեց հայհոյանքի հիստերիա: «Կորչեն ԱՄՆ-ը, Եվրախորհուրդը, ցուցարարները, բոլորը, ովքեր չեն ճանաչում Քոչարյանի լեգիտիմությունը»: Հիստերիայի համար օրինակ էր ծառայել Քոչարյանն անձամբ՝ 1-ին փուլին հետեւած հրապարակային ելույթներում ԵԱՀԿ եւ ԵԽ դիտորդական առաքելությունների գնահատականներին ընդդիմանալով: Մինչդեռ մարտի 12-ի ասուլիսում շրջադարձ կատարելով, թե սեփական նախկին դիրքորոշումից, թե Սերժ Սարգսյանի ասուլիսի ոգուց, Քոչարյանը ԵԱՀԿ, ԵԽ զեկույցների գնահատականներին չընդդիմացավ: Հետագայում նույնիսկ դրանց առնչվող ինչ-որ աշխատանքային խորհրդակցություն գումարեց, թե խումբ ձեւավորեց: Սկզբում սա դժվար էր բացատրել: Ավելի ուշ պարզ դարձավ՝ Ֆրանսիան է «խորհուրդ տվել»: Իսկ միջազգային հանրության տեսակետները Հայաստանին սովորաբար «բացատրում է» Ֆրանսիան. 1. մնալ ԵԱՀԿ-ի եւ ԵԽ-ի առջեւ ստանձնած պարտավորությունների շրջանակում /իսկ դա նշանակում է ընդունել ընտրություններին տրված գնահատականները եւ ձեռնարկել դրանից բխող քայլեր/, 2. Հայաստան-Ֆրանսիա երկկողմ հարաբերությունները պայմանավորվել են առաջին պայմանի կատարումով, 3. հիշեցվել է, որ ղարաբաղյան խնդրի կարգավորման ուղղությամբ չկա առաջընթաց, իսկ Ֆրանսիան Մինսկի խմբի համանախագահող երկիր է: Այսքանը հասկանալի դարձավ նույնիսկ Շիրակի ուղերձի «ոչ մասնավորապես» հատվածի հրապարակումից: Քոչարյանը սկսեց համակերպվել: Ճարահատյալ: Առայժմ ինքն իրեն ծիծաղաշարժ սոփեստություններով մխիթարելով: ԼՈՒՍԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ