Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Փողոցում է հայտնվում մանկապարտեզի կոլեկտիվը

Մարտ 26,2003 00:00

Փողոցում է հայտնվում մանկապարտեզի կոլեկտիվը Տեղ կա միայն երեխաների համար «Հոկտեմբերի 20-ից, ճիշտ այն օրից, երբ փոխվեց Կենտրոն համայնքի ղեկավար կազմը, հալածանք սկսվեց բոլոր մանկապարտեզների տնօրենների նկատմամբ: Մեզ ասացին, որ մեր տերը Տիգրան Հակոբյանն է (խոսքը Կենտրոն համայնքի կրթության վարչության պետի մասին է), ինքն է որոշելու ամեն ինչ: Իսկ մենք նրա ձեռքին դարձանք ստրուկներ: Նախ՝ տարեվերջին բոլոր տնօրեններից պահանջվեց ազատման դիմում գրել՝ պայմանագրային կարգով նորից վերականգնվելու համար, սակայն Կենտրոնի 27 մանկապարտեզների տնօրեններից 9-ը չվերականգնվեցին, ազատվեցին աշխատանքից »,- պատմում է Կենտրոն համայնքի թիվ 99 մանկապարտեզի կոլեկտիվը: Աշխատանքից ազատվածների թվում է նաեւ այս մանկապարտեզի տնօրենը: Սակայն կոլեկտիվի անհանգստությունն այսօր այն մասին է, որ ողջ աշխատակազմն է հայտնվել փողոցում: Խոսակցություններն այն մասին, որ մանկապարտեզը փակվելու վտանգի տակ է, դեռ վաղուց կային: Եվ օրերս այդ խոսակցությունները որոշման ուժ են ստացել: Ըստ որոշման, այս մանկապարտեզը պետք է միացվի թիվ 35-ին, ինչը ենթադրում է, որ երեխաներն այստեղից կտեղափոխվեն թիվ 35, սակայն մանկապարտեզի կոլեկտիվի տեղափոխում, ըստ ամենայնի, չի ենթադրվում: «Մեկ շաբաթ առաջ մեզ հայտնեցին, որ որոշումը կայացել է, մանկապարտեզը փակվում է, հետո եկավ բժշկուհին ու մի Սարոյան, որը Գերմանա-հայկական օֆիսից է, եկան, ամբողջ օբյեկտը նորից նայեցին, բերեցին մի ուրիշ կնոջ, որին ներկայացրին իբրեւ շահագրգիռ կողմ. ըստ երեւույթին, նա է լինելու նոր տնօրենը, նորից նայեցին: Որոշեցին վերանորոգել, 2-րդ հարկ էլ կառուցել: Սակայն ոչ մի երաշխիք չեն տալիս, թե մենք կաշխատենք այս մանկապարտեզում՝ թեկուզ վերանորոգումից հետո»: Օդի մեջ հայտնված 12 հոգանոց կոլեկտիվի կողքին են 30 երեխաների ծնողները, որոնք դեմ են իրենց երեխաներին այլ դաստիարակների հանձնելուն (կան նրանց ստորագրությունները): Կոլեկտիվից միայն 2 հոգու է աշխատանք առաջարկվել. Ռիմա Մանուկյանին, որ համատեղության կարգով մինչ օրս փոխարինել է նաեւ վարիչին, եւ դաստիարակչուհի Սուսաննա Եփրեմյանին՝ թիվ 33 մանկապարտեզում, այն էլ՝ կես հաստիքով: Մնացածի ճակատագիրն անտեսված է: Ի դեպ, Ռիմա Մանուկյանին առաջարկված աշխատանքը հենց թիվ 35 մանկապարտեզում է՝ պայմանով, որ նա էլ իր հետ կտանի այս երեխաներին: Սակայն Ռ. Մանուկյանը հրաժարվել է գնալ՝ իմանալով, որ իր գնալով այդ հաստիքից պետք է զրկվի մի մեծահասակ կին, որի խնամքի տակ հիվանդ երեխա կա: Բացի այդ. «Եթե ես գնամ աշխատելու այդ մանկապարտեզում, վարիչի համար լինելով անցանկալի մարդ, մեկ ամսից նա կարող է այնպիսի վիճակի մեջ դնել ինձ, որ ես ստիպված լինեմ լքել, եւ ինձ կասեն՝ մենք քեզ ապահովեցինք աշխատանքով, յոլա գնայիր»,- հեռուն է գնում Ռ. Մանուկյանը: Այլ է Կրթության վարչության պետ Տիգրան Հակոբյանի պատասխանն այս մասին: Վերջինս մեզ հետ զրույցում հավաստիացնում էր, թե ողջ կոլեկտիվը, երեխաների հետ միասին, տեղափոխվելու է թիվ 35 մանկապարտեզ: Եվ ահ տվեց, թե գնացեք, տեսեք թիվ 99 մանկապարտեզը, հետո իրարից չնեղանանք: Մանկապարտեզն, իսկապես, կարիք ունի վերանորոգման: Սակայն ինչո՞ւ վերանորոգումից հետո չպահպանել այդքան տարիների փորձ ունեցող կոլեկտիվի անդամներին, ինչպես, ի դեպ, դա արվել է հենց նույն՝ 35-րդ մանկապարտեզում: Նշենք, որ կոլեկտիվը նոյեմբեր ամսից աշխատավարձ չի ստացել: Եվ եթե սրան էլ գումարենք այս ամիսների լարվածությունը, պատկերացնում եք, թե այս դաստիարակներից յուրաքանչյուրն ինչ սրտով է 3-6 տարեկան երեխային դաստիարակելու: Սակայն աշխատավարձի հարցում աննախանձելի վիճակում են համայնքի բոլոր մանկապարտեզները: Մինչդեռ դաստիարակչուհի Ս. Եփրեմյանը հիշում է. «Զուրաբյանին քանի անգամ դիմել եմ, մեզ համար օգնություն է դուրս գրել, իսկ հիմա մեկը չկա, որին անգամ կարողանաս մի հարցով դիմել»: Իսկ Սուսաննա Եփրեմյանն իր՝ այսքան ամիսների ստանալիք գումարով կարող է ուսանող որդու մի կիսամյակի վարձը գոնե վճարել: ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել