Լրահոս
Օրվա լրահոսը

ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ՝ ՈՒՂՂԱԿԻ ԴԻՏԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ

Մարտ 26,2003 00:00

ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ՝ ՈՒՂՂԱԿԻ ԴԻՏԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ 29.12.01թ. Ջրվեժ գյուղի 6-րդ փող. 7 տան մոտակայքում Գեղամ Իսրաելյանի հետ վիճաբանության արդյունքում սպանվեց Արմեն Ալեքսանյանը։ Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարանի 2002թ. դեկտեմբերի 24-ի դատավճռով (դատավոր՝ Ն. Գալստյան) Գ. Իսրաելյանը դատապարտվեց 2 տարի 6 ամիս ժամանակով ազատազրկման եւ «անզգույշ սպանության» համար էլ իր պատիժը կկրի «անզգուշությամբ հանցագործություններ կատարած գաղութ-բնակավայրում»։ Դատարանն ամբաստանյալից «որպես պատճառված վնասի հատուցում» հօգուտ տուժողի իրավահաջորդի վճռեց բռնագանձել 2000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ։ Տեսեք ո՞ւր է հասել ցինիզմը. քաղաքացիական հայցով բանկերից մեկը «Առավոտից» «անզգույշ» հրապարակման դիմաց պահանջում է 37500 դոլարին համարժեք գումար («պատվի գինը»), իսկ մարդկային կյանքն այլ գործով գնահատվեց 2000 դոլարին համարժեք գումար (ընդհանրապես, արժե դատարաններին հիշեցնել, որ Հայաստանի դրամական միավորը դրամն է եւ ոչ թե ինչ-ինչ պետությունների դրամին համարժեքը)։ Ալեքսանյանի ծնողները դիմել էին գլխավոր դատախազին, չհամաձայնելով նախ, որ սպանությունը որակվել է «անզգույշ», ապա մեղադրել էին դատախազությանը, որ ակտիվ մասնակցություն է ունեցել «վկաներին հանրապետությունից դուրս փախցնելու» գործին։ Որ նախաքննության մարմինը թերի էր քննությունը տարել, հաստատում է Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարանի նույն դատավորի «գործը լրացուցիչ նախաքննության վերադարձնելու մասին» որոշումը։ Քննության առնելով տուժողի իրավահաջորդի շահերի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանի միջնորդությունը՝ դատարանը գնահատել էր. ա) նախաքննական մարմինը չի կատարել գործի լրիվ, բազմակողմանի, օբյեկտիվ քննություն, բ) ճիշտ գնահատման չի ենթարկել ամբաստանյալ Իսրաելյանի գործողությունները, գ) ճիշտ չի գնահատել Իսրաելյանի կողմից տուժողին ուղղակի դիտավորությամբ հարվածելու եւ նրան մարմնական վնասվածք հասցնելու հանգամանքը։ Վիճաբանության մոտիվը պարզունակ է. Գ. Իսրաելյանը եւ Ա. Ալեքսանյանը գնում են իրենց ընկերոջ տուն, խոսքի մեջ վերջինս ասում է, որ «Գ. Իսրաելյանին գտել է գերեզմանոցից»։ Գ. Իսրաելյանը վիրավորվում է, «դոշից բռնած քաշքշելով հասցնում է մետաղյա ցանկապատերի մոտ», հարվածում է։ Ընկնում է Ա. Ալեքսանյանը «ոտքով դիպչելով իր հետեւում գտնվող կիսով չափ հատակին տեղադրված խողովակին, ապա նոր երկաթե ցանկապատերին եւ դրանից հետո հողածածկ, քարքարոտ գետնին»։ Տուն վերադառնալու ճանապարհին էլ գիտակցությունը կորցնում եւ մահանում է։ Ըստ հանրապետական դատական բժշկության գիտագործնական կենտրոնի փորձագետների (թիվ 131 հ) եզրակացության՝ «Ա. Ալեքսանյանի մարմնական վնասվածքները պատճառվել են շատ կարճ ժամանակահատվածում, ուստի որոշել վնասվածքների պատճառման հաջորդականությունը, հնարավոր չէ»։ Ուշադրության արժանի է 5-րդ հետեւությունը. «Ճակատային շրջանի եւ ծոծրակային շրջանի վնասվածքները չէին կարող առաջանալ մեկ հարվածից»։ Քննիչի առաջադրած այն հարցն էլ, թե. «Ա. Ալեքսանյանի մահվան վկայականում նշված է ճակատին քերծվածք, իսկ թիվ 113 եզրակացությունում էլ՝ աջից ճակատին սալջարդ, ի՞նչ տարբերություն», փորձագետները տալիս են հետեւյալ պատասխանը. «Ինչպես քերծվածքը, այնպես էլ փափուկ հյուսվածքների սալջարդը հանդիսանում են բութ առարկայի կամ գործիքի ներգործության հետեւանք, այդ իմաստով էլ նրանց միջեւ էական տարբերություն չկա»։ Ի դեպ, բութ առարկա կարող է լինել մետաղյա ձողը, քարը, շիշը։ Վերցնենք եւ ուսումնասիրենք թիվ 39 փորձագիտական եզրակացությունը։ Նույն հարցին փորձագետը պատասխանում է. «Սովորաբար դեմքի եւ գլխի շրջանի վնասվածքներն ըստ ծանրության աստիճանի չեն տարանջատվում, քանի որ յուրաքանչյուրը կարող է հանդիսանալ գանգուղեղային վնասվածքի պատճառ, ելնելով վերոգրյալից, դեմքի շրջանի վնասվածքները պետք է դասել մարմնական թեթեւ վնասվածքների շարքին, իսկ ծոծրակային շրջանի վնասվածքները՝ կյանքին վտանգ սպառնացող մարմնական ծանր վնասվածքների շարքին»։ Դատական պաշտպանության իրավունքի առումով տուժողի իրավահաջորդը զրկվել է պատժի մասով բողոք ներկայացնել ինչպես վերաքննիչ, այնպես էլ վճռաբեկ դատարան։ Ըստ փաստաբան Ս. Սաֆարյանի, Գ. Իսրաելյանի վարքագիծը հաստատում է այն, որ նրա բոլոր հարվածները ուղղված են եղել Ալեքսանյանի կյանքի դեմ եւ նա արարքը կատարել է ուղղակի դիտավորությամբ, «գիտակցել եւ նախատեսել է իր գործողությունները»։ Կան ցուցմունքներ այն մասին, որ կռվին միջամտած հարեւանների հորդորներին նա չի անսացել («թողեք սպանեմ եւ չէր ենթարկվում որեւէ մեկին»)։ Ս. Սաֆարյանը դիմել է գլխավոր դատախազին բողոք բերել, քանի որ գտնում է. «Այն մարմնական վնասվածքը, որը հանդիսացել է մահվան պատճառ, իր առաջացման մեխանիզմով ունի ապացուցման կարիք, թե ինչպես, ում հարվածից առաջացավ»։ Ինչպես գիտեք, օրենքով բողոք բերելու իրավունքը վերապահված է ՀՀ գլխավոր դատախազին, չնայած ստորադաս դատախազների դիրքորոշմանը։ Սակայն բողոք կբերի՞ դատախազը, կսահմանվի՞ որոշակի գումար՝ սպանվածի նկատմամբ կատարվածը բացահայտելու համար։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել