Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը՝ մի քանի բնորոշ գծերով

Մարտ 26,2003 00:00

Հայաստանը՝ մի քանի բնորոշ գծերով Հերոսի պատկերն՝ առաջնային գործոն Երկրի զարգացման հնարավոր ուղիների շուրջ քննարկումներով, գործարարների եւ մտավորականների, քաղաքական-տնտեսական գործիչների վերլուծությունների եւ կարծիքների, վիճակագրական տվյալների հիման վրա տվյալ երկրի զարգացման սցենարի ստեղծման համաշխարհային առաջին փորձերը կիրառվել են Ճապոնիայում, Իռլանդիայում, Հարավ-Աֆրիկյան Հանրապետությունում, Ռուսաստանում: Նշյալ փորձարկումների ու վիճակագրական տվյալների, սոցիոլոգիական հետազոտությունների, ուսումնասիրությունների արդյունքում ստեղծվում է սցենարների ժողովածու՝ տվյալ երկրի զարգացման հնարավոր ուղիների մասին՝ կախված այս կամ այն տնտեսական եւ քաղաքական իրավիճակից: Հայաստանի, Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ172ի, Գերմանիայի եւ այլ երկրների 12 հայ գործարարների /կոորդինացիոն խորհուրդ/ նախաձեռնությամբ 2002թ. սկսվեց «Հայաստան1722020» ծրագիրը, որն իր մեջ միավորեց շուրջ հարյուր հրավիրյալներ Հայաստանից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից: Մինչ քննարկումները, կոորդինացնող խումբը Հայաստանում եւ Ռուսաստանում սոցիոլոգիական հարցումներ կազմակերպեց քաղաքական, տնտեսական եւ մշակութային տարբեր թեմաների շուրջ: Երեւանում եւ Մոսկվայում «Հայաստան1722020»-ի կոորդինացնող խումբը հատուկ թեմաներով հարցազրույցներ է անցկացրել Հայաստանի մի շարք պետական պաշտոնյաների, անկախ փորձագետների, ՀՀ-ում գործող մի շարք արտասահմանյան ընկերությունների ներկայացուցիչների, մշակույթի գործիչների, գործարարների հետ: Հարցազրույցներին միացել են Հրանտ Բագրատյանը, ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Թիմոթի Ջոնսը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդը, ՀՀ ԱԺ նախագահ Արմեն Խաչատրյանը, Պերճ Զեյթունցյանը, ՀՀ-ում Համաշխարհային բանկի նախկին ներկայացուցիչ Օուեյս Սաադաթը, HSBC Երեւանի բաժանմունքների գործադիր տնօրեն Չարլզ Գրեգորին, Ֆադեյ Սարգսյանը, Ռաֆայել Պապայանը, Հրանուշ Խառատյանը, ԼՂՀ նախկին արտգործնախարար Նաիրա Մելքումյանը, ՌԴ Գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Աբել Աղանբեկյանը, խորհրդային եւ հետխորհրդային ժամանակաշրջանի խոշորագույն նավթագազային բնագավառի ղեկավար Վլադիմիր Արուտյունովը եւ այլք: 2002թ. Պրահայում կայացավ մասնակիցների առաջին հանդիպումը: Այս հարցազրույցների հիման վրա վերլուծական նյութ է կազմվել, որը տրվել է Պրահայի առաջին հանդիպման բոլոր մասնակիցներին: Նյութը նաեւ տեղադրված է «Հայաստան1722020»-ի ինտերնետային էջում եւ ընթերցողին կարող է հետաքրքրել տեսակետների առումով: Հարցումների արդյունքում պարզվել է, որ զրուցակիցների մեծամասնությունը Հայաստանի զարգացումը առաջին հերթին կապում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարների եւ Ադրբեջանի ու Թուրքիայի հետ բարիդրացիական հարաբերությունների հաստատման հետ՝ եղեռնի ճանաչման հարցով: Սփյուռքի դերի մասին տրված գնահատականները տարբեր են: Մի կողմից՝ սփյուռք /ինչպես նշված է վերլուծության մեջ` «ռոմանտիկորեն տրամադրված մելամաղձոտ «խորհրդանշական» հայեր»/, որը դեռեւս վատ է պատկերացնում Հայաստանում տիրող իրավիճակը՝ ռոմանտիկ զգացումներով առ հեռավոր հայրենիք, եւ սփյուռքահայեր, որոնք հաճախ հաջողության են հասնում արտերկրում, սակայն տնտեսական շահ չեն տեսնում Հայաստանի տնտեսության մեջ ներդրումներից: Արտագաղթի պատճառների թեմայի շրջանակում նշվել է հատկապես երիտասարդության շրջանի արտագաղթի պատճառը, որ է` «ոչ այնքան տնտեսական իրավիճակը, որքան` ապագայի տեսլականի բացակայությունը եւ ապագայի կայացման մեջ դեր կատարելու հնարավորություններ չունենալը»: «Հայաստան1722020»-ի զրուցակիցները իբրեւ երկրի հնարավոր զարգացման կարեւոր գործոն նկատել են նաեւ հայ հասարակության սոցիալական բեւեռացումն այն առումով, որ վերնախավի փակ լինելը պարզապես կադրային փոփոխություններ թույլ չի տալիս: Խիստ տարբեր են եղել այլազգի զրուցակիցների՝ մարդկային կապիտալի մասին գնահատականները: Օ.Սաադաթը, Թ. Ջոնսը եւ այլք մարդկային կապիտալը` հմտություններով եւ հնարավորություններով բավական բարձր են գնահատել, իսկ Չ.Գրեգորին եւ ուրիշներ՝ շատ ցածր: «Բարեփոխումների առաջնահերթությունների հարցը միանշանակ գնահատականի չի արժանացել: Ոմանք գտնում են, որ առաջնահերթ պետք է լինի տնտեսական բարեփոխումը, ազատ շուկայի, ներդրումների հոսքի համար պայմանների ապահովումը, որից հետո միայն` ժողովրդավարական գործընթացները, որպես օրինակ նշելով Չինաստանը: Այլ փորձագետներ կարծում են, որ առանց հոգեւոր հենքի տնտեսական զարգացումն առանձնապես իմաստ չունի, եւ ընդհանրապես օժանդակող դեր ունի միայն»,- ասում է «Հայաստան1722020»-ի վելուծականը: Այս վերլուծականի մեջ հատուկ պարբերության է արժանացել «գործարարության եւ քաղաքական վերնախավը, այդ թվում՝ մոնոպոլիստները /օլիգարխնե՞րը/»: «Զարգացման արգելափակումը ծագում է առաջին հերթին հենց այս խմբից, որը, ենթադրվում է, կազմված է մի քանի տասնյակ հոգուց, ովքեր վերահսկում են կամ Հայաստանում խոշոր ձեռնարկատիրական գործունեության զգալի մասը, կամ գտնվում են իշխանական համակարգում, կամ ունեն շատ մոտ ծանոթություններ քաղաքական դաշտում: Տեղի է ունենում կամ արդեն իսկ տեղի է ունեցել իշխանությունների սեգրեգացիա` վերնախավի կայացումը որպես փակ խումբ: Գնահատում են, որ իշխանությունների կառուցվածքը խիստ անձնականացված է, իշխանության համար պայքարը տեղի է ունենում ոչ թե ընտրողների համար պայքարով, այլ` ուրիշ մեթոդներով»,- նշում է «Հայաստան1722020»-ը: Եվ՝ երկրի զարգացման համար ամենակարեւոր գործոններից մեկը, որին հանգել է զրուցակիցների միտքը: Այն, որ առհասարակ «հերոսի» պատկերը առաջնային գործոն է հաջող զարգացող պետության տեսլականի համար: «Հայաստան1722020»-ի անհրաժեշտ այս աշխատանքը համառոտ եւ մակերեսային վերլուծություն է, որը վերոնշյալ եւ այլ գլոբալ թեմաների անդրադառնալիս չի դիտարկում դրանց առաջացման պատճառները եւ հետեւանքները, որոնք խիստ կարեւոր են իրականությունը ճիշտ ու ամբողջական գնահատելու համար: Սակայն սա առաջին աշխատանքն է այդ մեծ ծրագրի մեջ, ինչը թույլ է տալիս մտածել, որ առջեւում դեռ կարող են սպասվել ամբողջական հետազոտություններ: ՍԱԹԻԿ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել