Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞ՆՉ ԱՐԺԵ «ՀՌԵՏՈՐԱԿԱՆ» ՀԱՐՑԸ

Մարտ 26,2003 00:00

Ի՞ՆՉ ԱՐԺԵ «ՀՌԵՏՈՐԱԿԱՆ» ՀԱՐՑԸ «Առավոտին» այն «հռետորական» հայցադիմում արժեցավ Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում աբսուրդի թատրոնը՝ ԿԲ-ի հայցն ընդդեմ «Առավոտի», շարունակվեց։ Նիստի հենց սկզբից եւ մինչեւ վերջ ԿԲ-ի լիազոր-ներկայացուցիչ Արմեն Ումրշատյանը դժգոհում էր պատասխանող կողմի հարցախեղդ անելու ռազմավարությունից։ Դժգոհությունն անգամ պատճառաբանություն ուներ՝ «նմանաբովանդակ, արդեն իսկ քննարկված» հարցեր են։ Դատավոր Հ. Հովհաննիսյանն էլ իր հերթին համերաշխություն հայտնեց ԿԲ-ի լիազոր-ներկայացուցչին։ Սակայն հարկ է նշել, որ հարցերի քանակը պայմանավորված էր ոչ թե, ինչպես Ա. Ումրշատյանը նեղսրտեց՝ «գործընթացը ձգձգելու» անհագ պահանջով, այլ ընդամենը եւ ի վերջո պարզել՝ թե ինչ է ԿԲ-ի ուզածը։ Իսկ դրանք հաճախ «նմանաբովանդակ» էին, քանզի այդպես էլ սպառիչ ճակատագրի չէին արժանանում։ Մինչդեռ պարոն Ումրշատյանը չէր զլանում անընդհատ հակասել ինքն իրեն (տես՝ արձանագրությունները)։ ԿԲ-ի շահերի պաշտպանը հստակ հայտարարեց միայն հետեւյալը՝ «Ներկայացված տեքստը (խոսքը ԿԲ-ի ներկայացրած հերքման տեքստի մասին է- Ն. Գ.) վերջնական է եւ խմբագրման իրավունքը պատկանում է հայցվորին»։ Այնուամենայնիվ, հետագայում արձանագրվեց, որ այդ վերջնական բացառիկ իրավունքը դատարանինն է։ Միեւնույն ժամանակ, դժգոհություն առաջացրած հարցերի արդյունքում, այնուամենայնիվ, ճշտվեց, որ «Ի՞նչ արժե վարչության պետի պաշտոնը» «Առավոտի» 21.01.03թ. հրապարակումից ԿԲ-ի «բարի համբավին» վնասել է այդ հարց-վերնագիրը։ ԿԲ-ի շահերի պաշտպանն այն «իմաստային վերլուծության» ենթարկելով հայտնաբերել է, որ այն «կաշառք վերցնելու մասին ուղղակի ակնարկ է պարունակում»։ Մինչդեռ հիշեցնենք, որ պարոն Ումրշատյանի կողմից «հռետորական» որակված այս հարցին ի պատասխան, ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանը իր մամուլի ասուլիսներից մեկում այսպես էր պատասխանել՝ «վարչության պետի պաշտոնն արժե 4,5 մլն դրամ»։ Հրապարակումը, ի դեպ, հիմնված է «Կրեդիտ-սերվիս» բանկի խորհրդի նախկին նախագահ Բորիս Առաքելյանի հայտարարության եւ բանկի նախկին իրավախորհրդատու Տիգրան Զալինյանի տրամադրած տեղեկությունների վրա։ Արմեն Ումրշատյանը դատարանին միջնորդություն ներկայացրեց՝ ապացույցներ ներկայացնելու վերաբերյալ։ Մասնավորապես, պարոն Ումրշատյանին հետաքրքրում էր Բորիս Առաքելյանի հայտարարության գրավոր օրինակի բնօրինակը։ Նաեւ Ա. Ումրշատյանը պահանջ դրեց, որպեսզի Բ. Առաքելյանն էլ ներկայանա։ Բայց, ինչպես պատասխանողը նկատեց, ֆիզիկական անձը չի կարող ապացույց լինել եւ կցվել գործին, պարոն Առաքելյանը կներկայանա իբրեւ վկա։ Ի հիասթափություն հայցվորի, պատասխանող կողմը վկաներին հարցաքննելու եւ բնօրինակը Քաղդատօրի պահանջներին համապատասխան (բացառապես դատական ակտերի հարկադիր կատարողների միջոցով) դատարան ներկայացնելու վերաբերյալ միջնորդությունները նախօրոք էր պատրաստել, ինչը, մեր տպավորությամբ, անակնկալի բերեց հայցվորի ներկայացուցչին, որը նշեց, թե միանշանակորեն կողմ է միջնորդությունն ընդունելուն։ Կարգի պահպանման այս խիստ պահանջով պատասխանող կողմն իրեն ապահովագրելու ցանկություն ուներ՝ բնօրինակի հնարավոր կորստից կամ ճակատագրի հնարավոր դաժան հեգնանքներից։ Ընդ որում, երբ դիմողն էր միջնորդություն անելիս պնդում բնօրինակները ներկայացնելու վերաբերյալ, դատավորը վերապահումներ չարեց։ Իսկ երբ «Առավոտը» պատրաստակամություն հայտնեց դրանք ներկայացնել (համապատասխան կարգով), դատավորը հետաքրքրվեց. «Ի՞նչ պիտի փոխվի, եթե բնօրինակը ներկայացնեք։ Միեւնույն է, պատճենն արդեն ներկայացրել եք»։ Ե՛վ վկաներ կանչելու, ե՛ւ հիշյալ կարգով բնօրինակները դատարանին հանձնելու վերաբերյալ միջնորդությունները բավարարվեցին։ Սակայն, չգիտես ինչու, հայցվորի ներկայացուցիչը ընդմիջումից հետո մտափոխվեց եւ պնդեց, թե բնօրինակները պարտադիր չեն, եւ որ հարկավոր է դատաքննությունն արագացնել։ Նա անգամ «չէր հիշում», որ միջնորդությունների վերաբերյալ դատարանն արդեն որոշում էր կայացրել, որը միանշանակորեն կատարման ենթակա է։ Տարօրինակ էր, որ հայցվորի ներկայացուցիչն ու դատավորը սույնը վերհիշեցին միայն դատական նիստի արձանագրությունները հրապարակելուց հետո։ Դատական հաջորդ նիստը կկայանա այսօր, ժամը 11-ին, ի հակառակ պատասխանողի փաստաբանների խնդրանքի, որ նիստը նշանակվի մեկ ուրիշ օր, քանի որ վերջիններս զբաղված էին լինելու նախօրոք նշանակված այլ դատավարություններով։ ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել