ՏԻԳՐԱՆԻ ՍԻՐՈՒՑ ՉԷ Հարկ Է առանձնացնել իրավապաշտպան Վարդան Հարությունյանի հետ մեր զրույցի այս հատվածը, որը վերաբերում է Տիգրան Նաղդալյանի սպանության «բացահայտման» շուրջ հասարակությանը հրամցվող շոուներում զոհերի հարազատներին ներքաշելու փաստին: Վ.Հարությունյանն այդ իմաստով նկատեց. «Երկու դեպքում էլ այնքան մեծ է մայրական վիշտը, որի առաջ միայն կարելի է սարսռալ. ուրիշ ոչինչ հնարավոր չէ անել: Բայց էդ մարդիկ փորձում են նույնիսկ մայրական վիշտն օգտագործել «ագիտացիայի» ու «պրոպագանդայի» համար: Քավ լիցի, ես չեմ մեղադրում հարազատներին, Տիգրանի մորը: Նրանք հիմա այն վիճակում են, որ նրանց ամեն ինչի հնարավոր է մղել: Մարդիկ օգտագործում են մոր վիշտն անգամ: Այս դեպքում շարունակվում է Տիգրան Նաղդալյանի սպանությունը: Նրա մորն այդպես ներկայացնելը նշանակում է Տիգրան Նաղդալյանի գնդակահարություն: Ի՞նչ նպատակով են դա անում՝ արդեն իրենց խնդիրն է: Հիմա, իհարկե, իրենց թերթիկներում կարող են ինձ հայհոյել, թե ինչու եմ սա ասում, բայց ես դրանում խորապես համոզված եմ: Եթե նույնիսկ Արմեն Սարգսյանն արած լիներ, դա դեռ ոչ մեկին բարոյական իրավունք չէր տալիս մորը այդ վշտի պահին նկարել ու ցուցադրել հանրապետությունով մեկ: Մայրական արցունքները շատ անձնական են, ընտանեկան են, ու շատ են ուղղված որդուն, դա ուղղված չէ որեւէ այլ մեկին: Տիգրանը նրանց համար խնդիր չի: Տիգրանի հետ ես շփվել եմ, միասին աշխատել ենք: Երբ հոգեհանգստի օրը ես գնացի իրենց տուն, մտածում էի, որքան մարդ է լինելու, որքան տհաճ է լինելու այդքան մարդուն բարեւել: Ժամը 20:30-ի կողմերն է եղել. գնացել եմ, տեսել՝ դատարկություն է: Մարդ չկա՝ միայն Տիգրանի հայրը, մայրը, մորաքույրն ու հարեւաններ էին, ուրիշ՝ ոչ ոք: Իսկ հիմա ասում են՝ Տիգրան: Տիգրանի քառասունքն անցավ: «Հ1»-ն անդրադարձա՞վ դրան: Ո՛չ: Տիգրանին ցույց տվեցին մեկ էլ Արմեն Սարգսյանի ձերբակալության առիթով: Ստացվեց, որ նրանք անդրադարձան ոչ թե Տիգրանին, այլ՝ Արմեն Սարգսյանին»: Սեփ. լր.