Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչական կալանք չպիտի կիրառվի

Մարտ 26,2003 00:00

Վարչական կալանք չպիտի կիրառվի Հանրահավաքի մասնակիցների կալանավորումներով իշխանությունը ոտնահարում է ոչ միայն Հայաստանի Սահմանադրությունը, որի 26 հոդվածի համաձայն՝ քաղաքացիներն ունեն խաղաղ հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու իրավունք, այլ նաեւ Եվրոպայի խորհրդի սկզբունքները: Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովը 2002-ի սեպտեմբերի 26-ին բանաձեւ էր ընդունել Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքի վերաբերյալ, որի 9-րդ կետում նշված է. «Վեհաժողովն իշխանությանն առաջարկում է անհապաղ վերանայել վարչական կալանքին վերաբերող դրույթները եւ ձեռնպահ մնալ դրանք կիրառելուց՝ մինչեւ այդ դրույթներն օրենքից հանելը: Վեհաժողովն իշխանությանը զգուշացնում է դրանց կիրառման արդյունքում առաջացող չարաշահումների մասին, որոնք լրջորեն հակասում են կազմակերպության սկզբունքներին»: Սակայն արդարադատության նախարարության դատաիրավական բարեփոխումների վարչության պետ Նիկոլայ Առուստամյանն «Ազատություն» ռ/կ-ին տված հարցազրույցում պնդեց, թե Հայաստանը Եվրախորհրդի առջեւ վարչական կալանքին վերաբերող նման պարտավորություն չունի, իսկ ԵԽ ԽՎ-ն ընդամենը խորհրդակցական մարմին է, որը հարցերը քննարկում ու ներկայացնում է Նախարարների կոմիտեին, վերջինս էլ, անհրաժեշտության դեպքում, ընդունում է եզրակացություններ, որոնք պարտադիր են անդամ պետությունների համար: Ըստ պրն Առուստամյանի՝ այս դեպքում այդպիսի հանձնարարական չկա. «Նախարարների կոմիտեն նման հանձնարարական-առաջարկ չի ընդունել եւ չի ներկայացրել Հայաստանին»: Այս պնդումների առնչությամբ մեկնաբանություններ խնդրեցինք Հայաստանում Եվրախորհրդի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Նատալիա Վուտովայից. «Երբ Հայաստանն ընդգրկվեց Եվրախորհրդի կազմում՝ Խորհրդարանական վեհաժողովի բանաձեւի հիման վրա պարտավորություններ ստանձնեց՝ երկրում իրականացնել որոշակի բարեփոխումներ: Երկու տարի է՝ այդ պարտավորությունների իրականացման դիտարկում է ընթանում, որի շրջանակում անցած տարվա սեպտեմբերին ԵԽ ԽՎ-ն ընդունեց եւս մեկ բանաձեւ, որում ընդգրկված էին Հայաստանի համար որոշ նոր պարտավորություններ, մասնավորապես՝ «Վարչական օրենսգրքի» եւ վարչական իրավախախտումների, «Ոստիկանության մասին» օրենքի եւ «Քրեադատավարական օրենսգրքի» վերաբերյալ»: Ինչ վերաբերում է նրան, թե սա զուտ խորհրդակցական մարմնի ընդունած բանաձեւ էր, եւ Նախարարների կոմիտեն նման պարտավորություն չի առաջադրել Հայաստանին՝ Նատալիա Վուտովան կրկին հիշեցրեց, թե Եվրախորհրդին անդամակցելիս Հայաստանի պարտավորություններն էլ էին ԵԽ ԽՎ բանաձեւի հիման վրա. «Այսինքն՝ նրանք պարտադիր բնույթ էին կրում այնժամ, եւ անցած տարվա սեպտեմբերին ընդունված բանաձեւը նույնպես ունի պարտադիր բնույթ»: Ուստի կարելի է արձանագրել, որ բանտերն իր քաղաքական հակառակորդներով լցնելու համար Ռոբերտ Քոչարյանն այժմ ոտնահարում է Եվրախորհրդի առջեւ Հայաստանի ստանձնած պարտավորությունները: Կոպտորեն խախտվում են նաեւ այն պարտավորությունները, որ ստանձնել է Հայաստանը՝ միանալով միջազգային մի շարք փաստաթղթերի: Հայաստանն, ասենք, միացել է «Քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների մասին» ՄԱԿ-ի միջազգային հռչակագրին եւ պարտավորվել հարգել դրա պահանջները: Իսկ այդ հռչակագրի 12-րդ հոդվածի համաձայն՝ ոչ ոք իրավունք չունի սահմանափակել մարդկանց ազատ տեղաշարժի իրավունքը: Սակայն իշխանությունը շարունակում է կալանավորել մարդկանց՝ չարտոնված երթերի մասնակցելու համար, թեեւ գոյություն չունի արտոնման օրենքով հաստատված կարգ: Նաեւ չի եղել որեւէ հանրահավաք, որը չուղեկցվեր տեղեկություններով, թե խոչընդոտվել է մարզերի բնակիչների մուտքը Երեւան: Այսպիսով, խախտվում է նաեւ Մարդու իրավունքների եվրոպական հռչակագրի 4-րդ արձանագրության 2-րդ հոդվածը, որն էլի ամրագրում է ազատ տեղաշարժի եւ երթեւեկության պահանջը: ՀՀ օրենքներն էլ պակաս չեն խախտվում: Փաստաբանների միջազգային միության նախագահ Տիգրան Տեր-Եսայանը մեջբերեց, ասենք, օրենքի 31 հոդվածը, ըստ որի՝ վարչական կալանքը պիտի կիրառվի բացառիկ դեպքերում: Մինչդեռ արդարադատության նախարարի մամուլի քարտուղար Արա Սաղաթելյանը հայտնեց, որ վերջին շաբաթում վարչական պատասխանատվության են ենթարկվել 132 քաղաքացիներ, որոնցից 69-ի նկատմամբ կիրառվել է վարչական կալանք, իսկ 63-ը տուգանվել են 500-3000 դրամի չափով. «Բացի այդ՝ 3 հոգի, գործող օրենսդրության համաձայն՝ ՀՀ քրեական եւ զինվորական գործերով վերաքննիչ դատարանի նախագահի կողմից գործի վերանայման արդյունքում ազատ են արձակվել. վարչական կալանքը փոխարինվել է վարչական տուգանքով»: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել