Լրահոս
Օրվա լրահոսը

«21-ՐԴ ԴԱՐԸ ՄԵՐՆ Է ԼԻՆԵԼՈՒ»

Մարտ 26,2003 00:00

«21-ՐԴ ԴԱՐԸ ՄԵՐՆ Է ԼԻՆԵԼՈՒ» Ասացին կանայք եւ անցան գործի «Կանայք՝ ընդդեմ բռնությունների» հանրահավաքի մասնակիցները երեկ արհամարհելով անձրեւը, ցուրտը, ցեխն ու դրանից բխող բոլոր, ամենեւին ոչ կանացի անհարմարությունները, հավաքվել էին Մատենադարանի մոտ եւ իրենց բողոքն ու դժգոհությունն էին արտահայտում։ Հանրահավաքի մասնակիցների առաջին գործը եղավ դիմել Վազգեն Սարգսյանի մորը՝ Գրետա Սարգսյանին, եւ խնդրել, որպեսզի վերջինս դադարեցնի նստացույցը նախագահական նստավայրի մոտ, որովհետեւ «այդ մարդն արժանի չէ», որ Սպարապետի մայրը նստացույց անի իր նստավայրի մոտ։ Հանրահավաքի մասնակիցների խնդրանքը Գրետա մայրիկին փոխանցեցին Անահիտ Բախշյանն ու Արմինե Հովհաննիսյանը (Րաֆֆի Հովհաննիսյանի տիկինը), եւ որոշ ժամանակ անց Վազգեն, Արամ եւ Արմեն Սարգսյանների մայրը միացավ հանրահավաքի մասնակիցներին։ Նա շնորհակալություն հայտնեց բոլոր նրանց, ովքեր սատարել էին իրեն նստացույցի օրերին, եւ ասաց, որ իր բողոքը ոչ միայն որդու՝ Արմենի ձերբակալության դեմ էր ուղղված, այլ՝ երկրում տիրող մթնոլորտի, բռնությունների եւ անօրինականությունների։ Օրվա առաջին կեսին նստավայրի մոտ տիկին Գրետային նույն խնդրանքով այցելել էին «Հայրենիք եւ պատիվ» կուսակցության քաղխորհրդի անդամները, ակադեմիկոս Ռաֆայել Ղազարյանը։ «Հայրենիք եւ պատիվ» կուսակցության ղեկավար Գառնիկ Մարգարյանն ասաց, որ եկել են խնդրելու հայ մորը, որպեսզի դադարեցնի նստացույցը. «Երբ որ հայ մայրը, առավել եւս՝ Սպարապետի մայրը, դիմում է այսպիսի քայլի, մենք՝ սպաներս, իրավունք չունենք լռելու։ Սա նշանակում է, որ երկրի ազգային անվտանգությունը վտանգված է։ Թույլ տալ, որ հայ մայրն այստեղ նստի, եւ հանցավոր վարչակարգն ու նախագահը չմոտենան, չլսեն եւ չարձագանքեն, սա մեզ համար մահացու է։ Եվ մենք որոշեցինք խնդրել, որ հայ կինը վերադառնա տուն»։ Ակադեմիկոս Ռաֆայել Ղազարյանն ասաց, որ տիկին Գրետայի ակցիան արդարացված կլիներ, եթե դիմացը բարեկիրթ, քաղաքակիրթ անձնավորություն լիներ. «բայց եթե նա անհրաժեշտ չհամարեց իջնել կամ իր մոտ հրավիրել Վ. Սարգսյանի մորը, որի շիրմի վրա երդվում էր, որ նա իր եղբայրն է, ես կարծում եմ, որ այստեղ բարեկրթության մասին խոսելն ավելորդ է»։ Հոկտեմբերի 27-ին ԱԺ դահլիճում սպանված ԱԺ փոխնախագահ Յուրի Բախշյանի կինը՝ Անահիտ Բախշյանը, դիմելով Տիգրան Նաղդալյանի ընտանիքին, ասաց. «այդ վիշտը, որ ձեզ պատճառվեց անասնական տեռորի հետեւանքով, ցավոք, մեզ՝ «Հոկտեմբերի 27»-ի զոհերի հարազատներիս, շատ լավ ծանոթ է, ծանոթ են նաեւ դրանից հետո եղած բոլոր ստոր շահարկումները։ Կրկին անգամ ցավակցում ենք ձեզ, կոչ ենք անում չտրվել շինծու խարդավանքներին եւ հետամուտ լինել գործի արդար քննությանը»։ Տիկին Բախշյանն ասաց, որ իրենց «ցույցը ոչ միայն ուղղված է գործող հանցախմբի դեմ, այլեւ կոչված է ցույց տալ քաղաքակիրթ աշխարհին, որ մենք տեր ենք ժողովրդավար պետության կայացման ընթացքին, մենք սրանով բարձրացնում ենք մեր պետության հեղինակությունը, սատարում բոլոր այն ուժերին, որոնց նպատակը ժողովրդավար հասարակարգ ունենալն է»։ «Արդարություն» դաշինքի շտաբի ներկայացուցիչ Դուստրիկ Մխիթարյանը հայտարարեց. «այս իշխանությունները մի անսովոր մարդաորս են սկսել, այսպես կոչված՝ «որսորդները» Խոսրովի անտառները շփոթել են Երեւանի հետ»։ Ձերբակալությունների եւ մարդկանց գիշերով տներից հանելու փաստերի մասին պատմելով, Դ. Մխիթարյանն ասաց. «ի՞նչ ասես այն տղամարդուն, որը «Ջերմուկի» շշով հարվածում է կնոջ գլխին, իհարկե՝ «ամոթ», ի՞նչ ասես այն տղամարդուն, որն ամենավերջին հայհոյանքներով, չնայելով ո՛չ իր մոր տարիքի կնոջ ներկայությանը, ո՛չ իր կնոջ տարիքի կնոջ ներկայությանը, ո՛չ իր աղջկա տարիքի աղջկա ներկայությանը, ամենաահավոր լուտանքն է թափում բերանից։ Եվ այս ամենը հովանավորվում է իրեն այսպես կոչված «միակ տղամարդ» հռչակածի կողմից»։ Եզրահանգումը հետեւյալն էր՝ հայ կանայք արհամարհում են Ռ. Քոչարյանին։ ԱԺ պատգամավոր Էմմա Խուդաբաշյանը հայտարարեց, որ թեպետ եղանակը Քոչարյանի օգտին է աշխատում, բայց հայ կանայք դուրս են եկել հրապարակ եւ այդ կանայք բոմժեր ու հարբեցողներ չեն, այլ կանայք են, ովքեր սպասում են հեռու երկրներում աշխատող իրենց ամուսինների, զավակների ու եղբայրների վերադարձին. «99 թվի հոկտեմբերի 27-ից հետո դուք, պրն Քոչարյան, սկսեցիք քաղաքական դաշտը խառնել։ Կուսակցությունները մասնատեցիք, ձեզ համար գրպանային կուսակցություններ ստեղծեցիք, ընտրություններին 500 հազարավոր կեղծ քվեաթերթիկներ տպեցիք, եւ ով փորձեց բողոքել, նրանց այսօր ցուցակով ձերբակալում եք։ Պատմության մեջ չի եղել, որ ոստիկանը թաղային հեղինակության հետ աշխատի միասին։ Դա ձեր կարգախոսն էր։ Նրանք աշխատում էին միասին եւ ՆԳ բաժիններ բերման էին ենթարկում հայ կնոջը, որը փորձում էր արդարություն պահանջել»։ Դիմելով Ռ. Քոչարյանին, Էմմա Խուդաբաշյանն ասաց, որ նախագահի մանդատը նրան «ընդամենը Արտակ Սահրադյանն է տվել, դուք ժողովրդի մանդատը չունեք»։ Դիմելով Ռ. Քոչարյանին սատարողներին, տիկին Խուդաբաշյանն ասաց. «պրն սատարողներ, Ռ. Քոչարյանն այսօր այլեւս ձեր կարիքը չունի, իրեն սատարում են ջրցան մեքենաները, փշալարերը եւ մահակներով ոստիկանները»։ Իսկ կանայք չեն լռելու եւ տեր են կանգնելու իրենց ոտնահարված իրավունքներին։ Ելույթ ունեցավ 70-ամյա Բրիլյանտ Փափազյանը (երկու որդիները զոհվել են Արցախյան պատերազմում), որը պատմեց, որ իր նկատմամբ եւս փորձել են բռնություններ իրականացնել. «եկան, ասացին՝ պետը ձեզ հրավիրում է, ասացի՝ եթե ես պետին հարկավոր եմ, թող պետը գա ինձ մոտ։ Պետը եկավ, ասացի՝ եթե դուք մեկ անգամ էլ ինձ նեղություն տաք, ես կհայտարարեմ, որ…։ Շատ վիրավորական է այս ամենը մայրերի համար, մանավանդ Եռաբլուրի մայրերի համար»։ Հանրահավաքի մասնակիցները խաղաղ երթով ուղեւորվեցին դեպի Գլխավոր դատախազություն եւ ՄԱԿ։ Այստեղ նամակներ հանձնվեցին։ Խաղաղ երթի մասնակիցների մեջ էին նաեւ երեխաները, որոնք վանկարկում էին՝ «Քո՛-չա՛ր-յա՛ն, հե՛-ռա՛-ցի՛ր, Հա՛-յա՛ս-տա՛-նը՛ մո՛-ռա՛-ցի՛ր», մեծերն ավելի մեծական կոչեր էին հնչեցնում՝ «Ա՛-մո՛թ, ա՛-մո՛թ», «Դե՛-մի՛ր-ճյա՛ն, նա՛-խա՛-գա՛հ»։ Կանանց հաջորդ հանրահավաքը տեղի կունենա ապրիլի 7-ին՝ Սիրո եւ գեղեցկության օրը, իսկ տղամարդկանց եւ կանանց միասնական հանրահավաքը՝ ուրբաթ, ժամը 16։00-ին։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել