Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՄԻԽԱՅ ՍՏՈՅԿԻՑԱՆ՝ ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆԻ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՐԶԻՉ

Մարտ 25,2003 00:00

ՄԻԽԱՅ ՍՏՈՅԿԻՑԱՆ՝ ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆԻ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՐԶԻՉ Որքան մոտենում էին ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի Հայաստան-Հյուսիսային Իռլանդիա եւ Իսպանիա -Հայաստան պատասխանատու հանդիպումների օրերը, այնքան ցավոտ էր դառնում մեր ազգային հավաքականի գլխավոր մարզչի հարցը։ Օսկար Լոպեսի հեռանալուց հետո ՀՖՖ-ի ղեկավարությունը մշտապես այդ տեղի համար հարմար թեկնածու էր որոնում։ Անհրաժեշտ էր գտնել այնպիսի մասնագետի, որն ունենար մարզչական, այդ թվում նաեւ հավաքականների հետ աշխատելու հարուստ փորձ, մոտ կանգնած լիներ համաշխարհային ֆուտբոլին, իմանար ժամանակակից պահանջները, որպեսզի ազգայինի ղեկը հանձնվեր նրան ու աշխատանք ու արդյունք պահանջվեր։ Եվ ահա հարցը վերջապես հանգուցալուծվեց։ Օրերս ՀՖՖ ղեկավարությունը պայմանագիր ստորագրեց ռումինացի մարզիչ Միխայ Ստոյկիցայի հետ։ Ստոյկիցան խաղացել է այնպիսի ճանաչված թիմերում, ինչպիսիք են Բուխարեստի «Դինամոն», «Ստյաուան», հանդես է եկել Ռումինիայի պատանեկան եւ երիտասարդական հավաքականներում։ Տարբեր տարիներ մարզել է նույն «Դինամոն», «Նացիոնալը», Բուլղարիայի «Լիտեկսը», Մոլոդովայի «Շերիֆը», Թուրքիայի «Անկարագյուջուրը», Պանամայի ազգային հավաքականը։ Ստոյկիցան իր կարիերայում ավելի լուրջ հաջողություններ ունեցել է հենց մարզչական բնագավառում։ Նրա ղեկավարությամբ «Ստյաուան» չորս անգամ դարձել է Ռումինիայի չեմպիոն, երկու անգամ նվաճել է երկրի գավաթը, երեք տարի անընդմեջ հանդես եկել Չեմպիոնների լիգայում՝ տպավորիչ հաղթանակներ տանելով մի շարք եվրոպական ակումբային գրանդների նկատմամբ։ Հիմա Ստոյկիցան արդեն Երեւանում է եւ ձեռնամուխ է եղել պարտականությունների կատարմանը։ Դատելով հայ լրագրողների հետ առաջին հանդիպման ժամանակ արտահայտած մտքերից՝ նա կոլեկտիվ, արագ, հարձակողական, բայց եւ գրագետ ու մտածված ֆուտբոլի կողմնակից է։ Մեծ կարեւորություն է տալիս խաղային կարգապահությանը, յուրաքանչյուր ֆուտբոլիստի անմնացորդ նվիրվելուն եւ հոգեբանական պատրաստվածությանը։ Նրա համոզմամբ, ժամանակակից ֆուտբոլում միայն տաղանդ ունենալը բավարար չէ։ Անհրաժեշտ է մեծ աշխատասիրություն ինչպես մարզումների ժամանակ, այնպես էլ խաղի ընթացքում։ Միայն այս ամենի ներդաշնակումով հնարավոր է կայուն խաղ ցուցադրել եւ առաջընթաց ակնկալել։ Ստոյկիցայի այս համոզմունքներին չի կարելի չհամաձայնել։ Սակայն նրա արտահայտած մտքերից մեկը հատկապես ուզում եմ առանձնացնել։ Նա ասում է, որ հավաքականի լավ խաղը պայմանավորված է հրավիրվող ֆուտբոլիստների պատրաստվածության աստիճանով։ Այսինքն, նրանից, թե ակումբներում ինչպես են աշխատում մարզիչները։ Լավ կլիներ, որ ռումինացին որպես ազգայինի գլխավոր մարզիչ այդ խնդիրը մշտապես պահեր իր ուշադրության կենտրոնում։ Ընդհանրապես, հայկական ֆուտբոլի եւ մասնավորապես ազգային հավաքականի մասին մասնագետի ասածներից կարելի է ենթադրել, որ նա որոշ պատկերացում ունեցել է եւ հիմա խորացնում է դրանք ինչպես մեր ֆուտբոլիստների հետ անմիջական շփումներում, այնպես էլ ազգայինի եւ «Փյունիկի» մասնակցությամբ խաղերի տեսագրությունները դիտելով։ Դրանք նրան համոզում են, որ Հայաստանում կան տաղանդավոր ու օժտված խաղացողներ։ Սակայն նրանց հետ դեռ աշխատել է պետք։ Ազգային հավաքականի պարագայում Ստոյկիցան իր առաջին անելիքը համարում է հարձակման գծում գործերը կարգավորելը։ Նրա խոսքերով, մեր ֆուտբոլիստները դաշտի կենտրոնում գնդակը վատ չեն խաղարկում, սակայն մրցակցի դարպասի անմիջական մատույցներում գրոհները կորցնում են սրությունը, քիչ են գոլային պահեր ստեղծվում։ Խոսելով հյուսիսիռլանդացիների հետ մարտի 29-ին կայանալիք հանդիպման մասին, Ստոյկիցան ասում է, թե կարճ ժամանակ է մնացել ու այդ ընթացքում ֆիզիկական պայքարի առումով շատ բան հնարավոր չէ անել։ Բայց, եթե խաղանք ավելի գրագետ, արագ, չչարաշահենք երկար փոխանցումներն ու գնդակը մրցակցի տուգանայինում «կախելը», կարող ենք նաեւ հաղթել։ Ինչ վերաբերում է սկսվող ուսումնամարզական հավաքի ծրագրին, ռումինացի մարզիչը նախեւառաջ մեծ հույսեր է կապում Հայաստանում հանդես եկող ֆուտբոլիստների մասին իր գործընկերներից ստանալիք սպառիչ տեղեկատվության հետ։ Իսկ լեգեոներականների մասին, որոնք ժամանելու են ավելի ուշ, կարծիք կկազմի տեսաժապավենները դիտելով եւ նրանց հետ երկու օր շփվելով։ Հուսանք, որ փորձառու մասնագետի նորամուտը մարտի 29-ին հաջող կլինի։ ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել