Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՀԱՄԱԽՈՀՈՒԹՅՈՒՆԸ» ԵՆԹԱԴՐՈՒՄ Է ԿԵՐՊԱՐԱՆԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ

Մարտ 25,2003 00:00

«ՀԱՄԱԽՈՀՈՒԹՅՈՒՆԸ» ԵՆԹԱԴՐՈՒՄ Է ԿԵՐՊԱՐԱՆԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ Երբ իշխանության է գալիս քամելեոնը, գունափոխվում է շրջապատը Ե. ԼԵՑ Նախագահական ընտրարշավի ընթացքում Քոչարյանին աջակցող կուսակցությունները, իշխանական մտավորականները, գործարարները եւ լրատվամիջոցները չէին դադարում քարոզել, որ նախագահ ընտրելիս պետք է քվեարկել այն թեկնածուի օգտին, ով ի վիճակի է ստանձնել Հայաստանի ապագայի պատասխանատվությունը: Իսկ ընտրարշավի եզրափակիչ հանրահավաքում նրանց թեկնածուն հայտարարեց, իբր երբեք չի խուսափել եւ չի խուսափելու պատասխանատվությունից: Սակայն, թե հայաստանյան հասարակությանը, թե միջազգային հանրությանը հասցեագրված քարոզչությունն ապացուցում էր ճիշտ հակառակը. Քոչարյանը խուսափում է թե՛ նախորդ եւ թե՛ գալիք 5 տարիների պատասխանատվությունից եւ շարունակելու է ապահովագրվել, դժգոհելով՝ թե իրեն խանգարում են: Նախ անդրադառնանք Հայաստանի քաղաքացիներին ուղղված քարոզչությանը, որն, ըստ էության, գրեթե չէր տարբերվում 1998թ. արտահերթ նախագահական ընտրությունների քարոզչությունից: Հնգամյա պաշտոնավարությունից հետո Քոչարյանն ու նրան աջակցողները նույն եռանդով քննադատում էին Հայոց համազգային շարժմանը եւ նախորդ իշխանություններին, թեեւ տվյալ քաղաքական ուժը չմասնակցեց 2003թ. նախագահական ընտրություններին: Այս փաստն ապացուցում էր, որ իր իշխանությունը պահպանելու կարեւորագույն պայմանը Քոչարյանը համարում է 1998թ. սահմանված խաղի կանոնները: Ըստ այդմ, նախկինում զբաղեցրած պաշտոնները եւ քաղաքական անցյալը որեւէ դեր չեն խաղում։ Այն կուսակցություններն ու անձինք, որոնք մերժում են Շարժման գաղափարախոսությունը եւ նախորդ իշխանություններին, ընդունում են նպատակահարմարության սկզբունքի գերակայությունը օրինականության սկզբունքի հանդեպ, նոր իշխանություններ են: Նրանք, ովքեր, չենթարկվելով Քոչարյանի կամքին, չեն պարսավում ՀՀՇ-ին եւ նախկիններին, դեմ են Քոչարյանին: Միաժամանակ պարզ տրամաբանությունը հուշում է, որ, ըստ վերոնշյալ պահանջների, ոչ այն կուսակցությունը կամ անհատը, որը մերժել է նախորդ ժամանակաշրջանը, սակայն այլեւս Քոչարյանի համախոհը չէ, ոչ էլ նա, որը բարեբախտաբար կամ դժբախտաբար դեռ մնում է այդպիսին, այլեւս չի կարող համարվել նախորդ իշխանություն: Հետեւաբար իզուր էին իշխանական եւ ընդդիմադիր կուսակցությունները միմյանց մեղադրում ժամանակին ՀՀՇ անդամ լինելու մեջ, իզուր էին երկու կողմերից թվարկում մարդկանց անուններ, որոնք անշեղորեն կատարել կամ Քոչարյանի թողտվությամբ դեռ շարունակում են կատարել նրա պատգամները: Միանշանակ է, որ նրանցից ոչ մեկին չի սպառնում ՀՀՇ-ական, նախորդ իշխանություն համարվելու վտանգը, քանի որ 1998-ին եւ դրանից հետո նրանք բոլորը Քոչարյանի շրջապատում էին: Ինչեւէ, վերջին տարիների ընթացքում բազմիցս համոզվել ենք, որ թե Քոչարյանը եւ թե նրան աջակցողները գտնում են, որ հատկապես վերը շարադրված սկզբունքները հնարավորություն են տալիս խուսափել պատասխանատվությունից, Քոչարյանին՝ իր վարած ներքին ու արտաքին քաղաքականության, կուսակցություններին՝ Քոչարյանին աջակցելու: Բացի այդ, առաջիկա խորհրդարանական ընտրություններում ԱԺ-ում աթոռները պահպանելու կամ ավելացնելու ամենաարդյունավետ եղանակը այս սկզբունքներին իրենց հավատարմությունը վերահաստատելն էր: Ահա եւ այն հարցի պատասխանը, թե գաղափարների ամայության պայմաններում որտեղից Քոչարյանին այդքան «համախոհներ»: Ընդ որում, ՀՀՇ-ին քննադատելու գործում անհնար է գերագնահատել նաեւ Ազգային Միաբանության նախագահ Արտաշես Գեղամյանի դերը: Ի վերջո, առաջին փուլում, երբ իշխանական կուսակցությունները դեռ նոր էին թափ հավաքում, այդ մարդուն հաջողվեց գերազանցել նրանցից շատերին, եւ այդպիսով ապահովել իր հաջողությունը խորհրդարանական ընտրություններում: Մնում է հուսալ, որ բոլոր աջակիցները քաջ գիտակցում են, որ, ըստ Քոչարյանի խաղի կանոնների, վերջինիս «համախոհը» լինելու ժամկետը բացառապես կախված է նրա քմահաճույքից, այլ ոչ թե այդ կանոններին ցմահ ենթարկվելու պատրաստակամությունից: Վկա՝ Պարույր Հայրիկյանի եւ ուրիշների ճակատագիրը: Ինչ վերաբերում է միջազգային հանրության համար նախատեսվող քարոզչությանը, ապա ընտրարշավի ընթացքում տպավորություն էր ստեղծվում, որ միջազգային հանրությունն արդեն անհավական է համարում ստանձնած պարտականությունները չկատարելու հարցում Քոչարյանի եւ իր աջակիցների կողմից ընդդիմությանը հասցեագրված մեղադրանքները: Եվ, «եթե չկա՝ հարկ է հորինել» սկզբունքի համաձայն, հորինվում էին ապագա մեղավորներ: Իսկ քանի որ Քոչարյանը չի ներկայացնում որեւէ քաղաքական ուժ, նրա համար երբեք դժվար չէ ձեւացնելը, թե խորհրդարանական մեծամասնությունն իրեն խանգարում է: Մնացածը տեխնիկայի խնդիր էր: Նախ պետք էր հավատացնել, որ իշխանական բուրգում գոյություն ունեն երկու բեւեռներ՝ մեկում Քոչարյանն է, մյուսում՝ Ս. Սարգսյան-Ա.Մարգարյան տանդեմը, որոնք էլ խանգարում են իրականացնել հռչակված կոմպլեմենտար քաղաքականությունը: Սա կարեւոր էր նաեւ վերջին շրջանում Ռուսաստանի հետ հարաբերությունների ֆոնի վրա: Ապա պետք էր հավատացնել, թե Քոչարյանը ջանք չի խնայում նրանցից ազատվելու: Եվ, վերջապես, խորհրդարանական ընտրություններում նույն տանդեմի գլխավորած կուսակցության հաղթանակից հետո, մեղքը բարդել նրա վրա: Այս մարտավարությամբ էին պայմանավորված առաջին հայացքից տարօրինակ թվացող մի շարք փաստեր: Մասնավորապես՝ առաջին փուլում Ռ. Քոչարյանի նախընտրական շտաբի պետ Ս. Սարգսյանի՝ Քոչարյանի կողքին խիստ հազվադեպ հայտնվելը, Ա. Մարգարյանի ծպտվածությունը, ինչպես նաեւ նրա նկատմամբ անվստահությունն ի ցույց դնելու նպատակով տեղամասային ընտրական հանձնաժողովներում հանրապետականների փոխարինումը «Օրինաց երկրի» եւ ՀՅԴ անդամներով: Ընդհանրացնելով այս գործընթացները՝ Միացյալ Նահանգներից վերադարձած արտգործնախարար Վ. Օսկանյանը Հայաստանի հանրային հեռուստատեսությամբ պետք է տեղեկացներ, թե Քոչարյանի շուրջ գոյություն ունի երկու հոսանք՝ ժամանակակից ստանդարտներին ձգտող եւ պետական համակարգում իր ուժեղ տեղն ունեցող «արմատական, կոշտ» վերնախավը: Ապա վստահեցնելով. «Միանշանակ հաղթելու է դրական վեկտորը», պետք է ընդգծեր, որ նախագահական երկրորդ ժամկետի ընթացքում Քոչարյանը լուրջ կադրային փոփոխություններ է կատարելու, քանի որ. «Քոչարյանի ձեռքերը շատ ավելի ազատ են լինելու իր թիմը ընտրելու եւ իր թիմի հետ աշխատելու»: Եվ, վերջապես, Օսկանյանն անգամ սպառնալու էր, թե «Մենք այդ կլանական ամբողջ համակարգի դեմ պետք է պայքարենք»: Առաջին հայացքից թվում էր, թե արտգործնախարարը շփոթել էր դրսի ու ներսի համար նախատեսված տեքստերը, քանի որ Հայաստանում կոշտ վերնախավի եւ կլանային համակարգից բացի, Քոչարյանի նախագահական մանդատը երկարացնելու այլ ռեսուրսներ գոյություն չունեն, իսկ այդ հայտարարություններից հետո կարելի էր մոռանալ նաեւ դրանց մասին: Սակայն, քիչ անց դժվար չէր նկատել, որ թվացյալ հոսանքները ոչ միայն չեն մրցակցում, այլեւ համախմբված իրականացնում են «քավության նոխազներ» ստեղծելու միասնական ծրագիրը: Նախ կոշտ վերնախավի շրջանակներում Օսկանյանի հայտարարություններից հետո ոչ միայն խուճապի, այլեւ վրդովմունքի նշաններ չերեւացին: Բացի այդ, իր հաջորդ օրվա ասուլիսում Քոչարյանը չփորձեց կանխել այդ հայտարարությունների հնարավոր հետեւանքները: Եվ վերջապես մի քանի օր անց Ս. Սարգսյանը դրսեւորեց հենց այդ կոշտ ու արմատական թեւը ներկայացնելու պատրաստակամություն: Լրագրողների առջեւ վրդովվելով, որ Գեղամյանի քարտեզում տեղ չեն գտել ազատագրված տարածքները, նա տարակուսեց. «Եթե էս գլխից հանձնել են, հետո ո՞նց են խոսելու: Ո՞նց ա լինելու մեր 5 հազար զոհվածների ճակատագիրը»: Մի խոսքով, իշխանություններն այնքան էլ լավ չէին խաղում, եթե դեռ առաջին փուլի ավարտին կարելի էր կանխատեսել, որ Ս.Սարգսյան-Ա.Մարգարյան տանդեմն ուղեկցելու է Քոչարյանին երկրորդ փուլի հանրահավաք, եւ Քոչարյանի հաղթանակը հռչակելուց հետո հայտարարվելու է, որ մինչեւ խորհրդարանական ընտրություններ կադրային փոփոխություններ չեն նախատեսվում: Լավ չէին խաղում նաեւ իրենց կողմից ներդրված նախագահի թեկնածուների դեպքերում: Մասնավորապես Ռ. Քոչարյանի թեթեւ ձեռքով բացահայտվեց Ա. Գեղամյանը: Մինչ վերջինս փորձում էր բացատրել, թե ինչու չի աջակցում Ս. Դեմիրճյանին, Քոչարյանը կամա թե ակամա հաստատեց, որ Գեղամյանը պարզապես հեշտացնում է իր հաղթանակը հռչակելու գործը: Դա տեղի ունեցավ Քոչարյանի ասուլիսի ընթացքում, երբ վստահեցնելով, որ հաղթելու է, նա ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ ինչպես 1998-ին, այնպես էլ հիմա երրորդ տեղը գրաված թեկնածուն չի միացել երկրորդ փուլ անցած թեկնածուներից որեւէ մեկին: Գեղամյանի լռությունն ավելի քան խոսուն էր: Խաղի կանոններն այդ պահին փոխվել էին: Այնպես որ, Քոչարյանի «համախոհը» համարվելու իրավունքից օգտվել ցանկացողները, առաջին հերթին, պետք է հաճախակի կերպարանափոխվելու ճկունություն ունենան: Իսկ արածի ու չարածի պատասխանատվությունը երրորդական հարց է: ՄԱՐԻՆԵ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել