Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մեղավորը Մանուկ Գասպարյանն է

Մարտ 25,2003 00:00

Մեղավորը Մանուկ Գասպարյանն է Վերագրանցված է միայն մեկ կուսակցություն «Այս երկու կուսակցությունները մեղք են ուղղակի, իրենց չգրանցման պատճառը միայն այն է, որ այդ դաշինքի ցուցակը գլխավորում է Մանուկ Գասպարյանը: Եթե Խորհրդարան գա Մանուկ Գասպարյանը՝ 8 կամ 10 անձով, իշխանությունների վիճակը շատ ավելի կբարդանա: Ամեն ինչ արվում է, որ Մանուկ Գասպարյանի դաշինքը չգրանցվի»,- ասում է ինքը՝ Մ. Գասպարյանը: Խոսքն «Ազատ, արդար Հայաստան» դաշինքի մասին է, որ պետք է ստեղծվի Հայաստանի մարքսիստական կուսակցության եւ «Հայաստանի կոմունիստների միություն» կուսակցության միավորումից: ԿԸՀ-ն, սակայն, մերժել է գրանցման դիմումը, ինչի համար էլ Մարքսիստական կուսակցությունը դիմել էր Կենտրոն, Նորք-Մարաշ համայնքների 1-ին ատյանի դատարան՝ ԿԸՀ-ի որոշումն անվավեր ճանաչելու հայցով: Երեկ դատական նիստն ընթացավ առանց ԿԸՀ ներկայացուցչի: Մինչ դատարանը՝ նախագահությամբ Մ. Մարտիրոսյանի, գործի նյութերին ծանոթացնելով, ի թիվս այլ մանրամասների, նշում էր, որ «Հայաստանի կոմունիստների միություն» կուսակցությունը ժամանակին ներկայացրել է գրանցման անհրաժեշտ փաստաթղթերը, ԿԸՀ-ն, ղեկավարվելով ՀՀ ԸՕ 117-րդ հոդվածի 3-րդ կետով, (փաստաթղթերը ժամանակին չներկայացնելու համար) որոշում կայացրեց՝ վերոնշյալ կուսակցության՝ ԱԺ համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցելու հայտը մերժելու մասին: «Այս դաշինքի նկատմամբ իսկապես տեռո՞ր է կազմակերպված,- հարցնում է կուսակցության նախագահ Իշխան Թովմասյանը:- Մինչեւ դաշինքի ձեւավորումը, Կոմունիստների միությունը ունեցել է որոշում, որ մասնակցում է ԱԺ ընտրություններին: Հիմա անտեսվել է իրենց իսկ ձեռքով ընդունված 2002 թ. օգոստոսի 7-ի որոշումը՝ քաղաքական կուսակցությանը 1 հարվածով զրկելով իր իսկ հետագա գործունեությունը պաշտպանելու իրավունքից: Բացարձակ հայտարարում եմ՝ գնում է տեռոր «Ազատ, արդար Հայաստան» դաշինքի նկատմամբ: Ես դատական էքսպերտով կապացուցեմ, որ դաշինքը գրանցվել է, հետո ճնշումով է դեմն առնվել: «Գրանցել»-ի դիմաց ավելացրել են «չ»-ն: Մենք գնալու ենք մինչեւ վերջ»: Մարքսիստական կուսակցության գլխավոր քարտուղար Դավիթ Հակոբյանը, սակայն, դեռեւս ապավինում է արդարադատության պարկեշտությանը, բայց «եթե այդ կեղծ առարկություններն իբրեւ դատական հիմք ընդունվեն (ես առ այսօր չեմ հայտարարել, թե սա քաղաքական ակցիայի մոտիվ ունի), ապա կասեմ, որ սա կուսակցության նկատմամբ քաղաքական ակցիայի դրսեւորում է: Դաշինքի գրանցումը մերժվել է այն հիմքով, թե իբր Մարքսիստական կուսակցությունը չի վերագրանցվել: Ես առարկում եմ այդ մերժման փաստը՝ նկատի ունենալով, որ կուսակցությունը լուծարված չէ, ՍԴ ներկայացված չէ լուծարման, նշանակում է ցուցակը չի կարող ապօրինի ճանաչվել եւ վերագրանցման իրավունք ունի: ՀՀ ԸՕ-ի 103 հոդվածի 4-րդ մասում ասվում է, որ կուսակցության կողմից ներկայացված ընտրացուցակը ճանաչվում է չգրանցված, եթե կուսակցությունը լուծարված է: Իսկ առ այսօր ՀՀ-ում ոչ մի կուսակցություն լուծարված չէ: Պատասխանում են՝ լուծարված չէ, վերագրանցման իրավունք ունի, բայց փաստաթղթերն էլ համարվում են անվավեր՝ կիրառելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 6-րդ հոդվածը, որտեղ քաղաքական կուսակցությունների մասին խոսք լինել չի կարող, այդ կետը վերաբերում է միայն արտադրական ձեռնարկություններին: Կուսակցությունների մասին այնտեղ խոսք չկա: Ներողություն եմ խնդրում ավելի խորը քիթս խոթելու համար, երեւի դա էլ օրենքի թերություն է, սակայն այդպիսով ինձ մերժում են վերագրանցվել»: Մանուկ Գասպարյանը նշում է սակայն, որ «եթե վերագրանցումը հաշվի առնենք, նոր օրենքի համաձայն, բոլոր կուսակցությունները հիմա պետք է չգրանցվեին, որովհետեւ 2002 թ. վերագրանցվել է միայն Հանրապետական կուսակցությունը»: Այսօր դատարանը կվճռի դաշինքի ճակատագիրը: ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել