Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԿԱԶՄԱԿԵՐՊԵՑԻՆ, ԱՆՑԿԱՑՐԵՑԻՆ, ՄԵՐԺԵՑԻՆ

Մարտ 25,2003 00:00

ԿԱԶՄԱԿԵՐՊԵՑԻՆ, ԱՆՑԿԱՑՐԵՑԻՆ, ՄԵՐԺԵՑԻՆ Սահմանադրական դատարանը նախորդ նիստում 7 կողմ, 1 դեմ (Ալվինա Գյուլումյան) ձայներով որոշում ընդունեց ՀՀ նախագահի թեկնածու Ա. Գեղամյանի ներկայացուցիչների միջնորդությունը բավարարել եւ ստուգումներ կազմակերպել 0294, 0310, 1269, 1257, 1775, 1770, 0089, 0132, 0124, 0390 եւ 0115 ընտրական տեղամասերում։ Այս հանձնաժողովների կողմից կազմված ամփոփիչ արձանագրությունները պետք է ստուգվեին եւ ճշտվեին, թե դրանք երբ են կազմվել։ Եռօրյա ստուգումների արդյունքում պարզվել էր, որ 6-ական ձայներ պակաս են եղել նախագահի թեկնածուներ Ռոբերտ Քոչարյանի եւ Ստեփան Դեմիրճյանի մոտ եւ 7 ձայն՝ Գեղամյանի։ Ստուգումների արդյունքները ներկայացրեց ՍԴ անդամ Ալվինա Գյուլումյանը։ Ըստ ՍԴ անդամի զեկուցման, իրենց բացատրություն էր գրել նաեւ ԿԸՀ քարտուղար Աննա Ալեքսանյանը, թեեւ այդ բացատրությունը անվանված էր ցուցմունք։ ԿԸՀ քարտուղարը տեղեկացրել էր, թե ինչպես են կազմվել արձանագրությունները, հատուկ կարծիքները։ Նշվել էր նաեւ, որ եղել էին հանձնաժողովներ, որոնք եղանակային պայմանների պատճառով չէին կարողացել առձեռն ներկայացնել նախնական արձանագրությունները։ Որոշ արդյունքներ ֆաքսիմիլային կապով էր ուղարկվել եւ որոշ տեղեկություններ թելադրվել էր հեռախոսով։ Թիվ 4 ընտրական հանձնաժողովի նախնական արդյունքների ամփոփիչ արձանագրությունները կազմվել էին փետրվարի 20-ին, ժամը 10-ին եւ չէին պատճենահանվել։ 19 ընտրական հանձնաժողովի նախնական արդյունքների ամփոփիչ արձանագրության բնօրինակը փետրվարի 20-ին էր կազմված եւ, սակայն, երկրորդ էջում բաց էր թողնված արձանագրություն կազմելու թիվը։ Թիվ 20-ում նախնական արդյունքների ամփոփման արձանագրության մեջ, թեեւ նշված էր փետրվարի 21-ը, սակայն, ըստ ԿԸՀ քարտուղարի, այն իրականում ուղարկվել է փետրվարի 20-ին, ժամը 11-ին։ Եզրափակիչ խոսք ասելու համար ՍԴ նախագահը ձայն տվեց նախ դիմող կողմին՝ Ռուբեն Հովհաննիսյանին եւ ապա պատասխանող կողմ Գեւորգ Ներսիսյանին։ Դիմող կողմից, նկատենք, որ բացակայում էր երրորդ ներկայացուցիչը՝ Ա. Գեղամյանի շտաբի պետ Ալեքսան Կարապետյանը։ Ռուբեն Հովհաննիսյանը ասաց, որ ստիպված է փոխել իր եզրափակիչ խոսքի բովանդակությունը, որովհետեւ ՍԴ-ում ներկայացված պատասխանող կողմը խախտել է «Ընտրական օրենսգրքի» 4 եւ Սահմանադրության 1 հոդված։ «ՍԴ-ն մարտի 19-ին կայացրել է որոշում՝ պահանջելով ԿԸՀ-ից կազմակերպել ստուգումներ։ ԿԸՀ-ն ստուգումներ անցկացնելու լիազորություններ չունի եւ, փառք Աստծո, որ չունի։ Այդ լիազորությունը տրված է տարածքային ընտրական հանձնաժողովներին եւ սահմանված է 62 հոդվածի 10-րդ կետով»,- ասաց նա եւ ապա ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ ԿԸՀ անդամներն իրենք են հաշվել քվեաթերթիկները, իրենք են ստուգել ընտրացուցակները, երբ օրենսդիրը նրանց չէր տվել այդ լիազորությունը։ Հետեւաբար, ըստ դիմումատուի, ներկայացրած փաստաթուղթը իրավաբանական ուժ չունի։ Ռ. Հովհաննիսյանը մեջբերեց ԵԱՀԿ դիտորդական առաքելության խմբի ղեկավար Պիտեր Այքերի մամուլում հայտնած այն միտքը, որ ընտրությունից 10 օր անց ստուգումները որեւէ կարեւորություն չեն ներկայացնում։ «Մենք առանձնակի սպասելիքներ չունենք ընտրություններից 30 օր հետո»,- հավելեց նա։ Քվեաթերթիկը, ըստ նրա, դատարկ թուղթ չէ, եւ քվեաթերթիկի ետեւում կանգնած է Հայաստանի քաղաքացի։ Այնուհանդերձ, շնորհակալություն հայտնեց ՍԴ-ին՝ օբյեկտիվ քննության համար (ՍԴ-ն դեռ խորհրդակցական սենյակ չէր մտել)։ ԿԸՀ ներկայացուցիչ Գեւորգ Ներսիսյանը համաձայն չէր դիմող կողմի հայտարարությանը, թե խախտվել են օրենքի պահանջները, եւ ասաց. «Ես չեմ ընդունում, քանի որ ՍԴ որոշման մեջ պարզ նշվել է. անցկացնել ստուգումներ ԿԸՀ-ի կողմից, դիմող կողմի մասնակցությամբ, այդ թվում նաեւ լրագրողների։ Ինչպես պարզվեց, 2003թ. փետրվարի 19-ին կայացած հանրապետության նախագահի ընտրության եւ անցկացման ընթացքում հիմնականում պահպանվել է ԸՕ-ի պահանջները։ Ընտրություններն անցկացվել են ընդհանուր, հավասար, ուղղակի ընտրական իրավունքի հիման վրա։ Ընտրական իրավունք ունեցող քաղաքացիները ընտրություններին մասնակցել են անմիջականորեն, կամքի ազատ արտահայտությամբ, ապահովվել է նաեւ արտասահմանում բնակվող ՀՀ քաղաքացիների ընտրական իրավունքի իրականացումը»։ Գ. Ներսիսյանը բերեց մի քանի թվեր, որոնք, ըստ իր կարծիքի, խոսում էին հօգուտ ազատ կամքի դրսեւորման։ 1865 տեղամասային ընտրական հանձնաժողովի 16680 անդամից հատուկ կարծիք է ներկայացրել ընդամենը 7-ը եւ նրանցից որեւէ մեկը գրավոր պահանջ չի ներկայացրել ստուգումներ անցկացնելու համար։ 56 ընտրատարածքային հանձնաժողովների 504 անդամից 13-ն են ունեցել հատուկ կարծիք ամփոփիչ արձանագրությունների վերաբերյալ։ Ըստ ԿԸՀ ներկայացուցչի, ընդհանուր թվային տարբերությունը եղել է մոտ 100։ Ժամը 11:40-ին ՍԴ-ն մտավ խորհրդակցական սենյակ եւ այնտեղից դուրս եկավ 18-ին։ ՍԴ որոշման հրապարակումը տեւեց 40 րոպե։ Մերժվեց նախագահի թեկնածու Ա. Գեղամյանի դիմումը՝ անվավեր ճանաչել ԿԸՀ որոշումը ընտրությունների երկրորդ փուլ անցկացնելու մասին։ Որոշման մեջ խոսք գնաց սահմանադրաիրավական փակուղու մասին, դիմումատուների գործողության, որոնք մինչեւ խախտումների վերաբերյալ ընդհանուր իրավասության դատարաններ չեն դիմել։ Խոսք գնաց նաեւ պատասխանատվության մասին։ «Ոչ միայն օրենքի հիշյալ դրույթը վերանայման անհրաժեշտություն ունի, այլ պետք է լրջորեն ուժեղացվի քվեաթերթիկների տպագրության, հաշվառման, պահպանման եւ վերացման կարգը»,- շեշտեց ՍԴ նախագահը։ Որոշման մեջ առանձին կետերից մեկում խոսք գնաց նաեւ ԸՕ 62 հոդվածի 10-րդ կետի մեկնաբանման մասին, որը, ինչպես նշվեց, թե՛ ԿԸՀ-ի կողմից, թե՛ ընտրական հանձնաժողովների կողմից տարաբնույթ մեկնաբանություն է ունեցել եւ «ընտրությունների փաստացի արդյունք, քվեարկության փաստացի արդյունք օրենսդրական շփոթի հետեւանքով մերժվել են ստուգումների վերաբերյալ օրենքով ներկայացրած մի շարք պահանջներ»։ Արդյունքում լրացուցիչ անվստահության մթնոլորտ է ստեղծվել ընտրական ողջ գործընթացի նկատմամբ։ ՍԴ նախագահը տեղեկացրեց նաեւ, որ մարտի 26-ին, ժամը 11-ին դատարանը լսելու է ՀՀ նախագահի հաջորդ թեկնածուի՝ Ստեփան Դեմիրճյանի դիմումի հարցը, մինչ այդ Հայաստանում կլինեն Եվրախորհրդի Վենետիկի հանձնաժողովի 3 փորձագետներ։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել