ՓՈՂ ԼՎԱՆԱԼԸ ՄԵՐ ԲԱՆԸ ՉԷ Հանրապետության գլխավոր դատախազ Արամ Թամազյանի հայտարարությամբ, «փողերի լվացման հետ կապված առանձին հանցագործությունների փաստեր չենք կարող վկայակոչել եւ մեր տրամադրության տակ նման դեպքեր չունենք»։ Չնայած դրան, «մենք սկսում ենք ակտիվ պայքար այդ ուղղությամբ»։ «Աներեւույթ» հանցատեսակի դեմ պայքարը պետք է ծավալվի բանկային, մաքսային, ոստիկանության, ազգային անվտանգության եւ այլ համակարգերում։ Պայքարի ձեւերը որոշակիացնելու նպատակով երեկ հիշյալ համակարգերի եւ պետական այլ գերատեսչությունների ներկայացուցիչներ մասնակցեցին փողերի լվացման եւ ահաբեկչության դեմ պայքարի թեմայով կազմակերպվող առաջին ազգային խորհրդաժողովին։ Այն նախաձեռնել էին ՄԱԿ-ի Թմրադեղերի եւ հանցագործությունների գրասենյակի փողերի լվացման դեմ պայքարի ծրագիրն ու ԵԱՀԿ Տնտեսական եւ բնապահպանական գործունեության գրասենյակը։ Խորհրդաժողովին մասնակից եվրոպական, ԱՊՀ մի շարք երկրներից ու ԱՄՆ-ից ժամանած փորձագետներն իրենց երկրների փորձը ներկայացնելով՝ նպատակ ունեին աջակցել ՀՀ կառավարության կողմից իրականացվող ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարին։ Հասկանալի է, որ մեր կառավարությունն առայժմ չունի փողերի լվացման դեմ պայքարի ծրագիր։ Խորհրդաժողովի կազմակերպիչները նույնիսկ խնդիր ունեին իրազեկել փողերի լվացմանն առնչվող հանցագործությունների ու դրանց զարգացումների մասին։ Միջազգային փորձը պետք է օգներ նաեւ մեր իրավաբաններին՝ մշակել համապատասխան օրենսդրական դաշտ։ «Մենք օրենք ունենք եւ այն գործում է, ուղղակի կան հանցատեսակներ, որոնք լատենտային վիճակում են գործում, պարզապես դրանք պետք է բացահայտել»,- այս առիթով նկատեց ՀՀ գլխավոր դատախազը, բայց՝ ընդհանուր քննարկումից դուրս։ Պարոն Թամազյանը նշեց նաեւ, որ «մենք զգալի անելիքներ ունենք մասնավորապես հարկային օրենսդրության դաշտում»։ Հարկային պետական ծառայության պետի տեղակալ Արմեն Ալավերդյանը, սակայն, փողերի լվացման «գծով» առանձնապես խնդիր չտեսավ։ Իհարկե՝ Հայաստանում։ «Այդ տեսակետից մենք հետաքրքրություն չենք կարող ներկայացնել, ոչ էլ հնուց եկած ժառանգություն ունենք։ Եթե միջազգային չափանիշներով մոտենանք, մեր երկիրն այն երկիրը չէ, որտեղ հնարավոր լինի մեծ փողեր լվանալ, ու մեր ժողովուրդն էլ դրա փորձը չունի»,- ասաց պետի տեղակալը։ Հուսա՞նք, որ պատասխանն անկեղծ էր։ «Իսկ ներքին լվացման փողեր էլ եթե ունենք, պետք է դրանք բերվեն հարկման դաշտ»,- շարունակեց պարոն Ալավերդյանը, չկարողանալով նշել հարկման որեւէ նախադեպ։ Նա նշեց, որ «ինձ այս պահին այդ դեպքերը չեն հետաքրքրում, այլ՝ թե Եվրամիության պես հեղինակավոր կազմակերպությունը խնդրին ինչպես է մոտենում եւ համագործակցության ինչ ձեւեր է առաջարկում»։ Դա էլ, թերեւս, իրազեկության մակարդակի բարձրացման համար, քանի որ, ինչպես պարզվում է, ո՛չ արտաքին (միջազգային կազմակերպությունների հետ համագործակցելով, նաեւ՝ թմրամիջոցների ու զենքի իրացման հետ կապված), ո՛չ էլ ներքին փողերի լվացման խնդիր մեր երկիրը չունի։ Ի դեպ, ԵԱՀԿ ներկայացուցիչը նշեց, որ իրենք մոնիտորինգ են սկսել ԱՊՀ տարածքի երկրներում։ Նախնական արդյունքներով, Հայաստանն առայժմ «սեւ ցուցակ»-ի մեջ չէ, բայց ամեն ինչ հստակ կերեւա արդյունքներն ամփոփելուց հետո։ Նշենք, որ ողջ քննարկումն անցավ փակ դռների հետեւում, լրագրողներին թույլ տրվեց վայելել միայն հանդիսավոր բացման հաճույքը։ ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ