Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՆՈՐԻՑ ԵՆ «ԲԱՆԱՎԻՃԵԼՈՒ»

Մարտ 25,2003 00:00

ՆՈՐԻՑ ԵՆ «ԲԱՆԱՎԻՃԵԼՈՒ» Նայում եմ ռուսաստանյան հեռուստաալիքներով այդ երկրի քաղաքական գործիչների բանավեճերը Իրաքի խնդրի վերաբերյալ եւ նախանձում եմ ռուս հեռուստադիտողին: Չնչին բացառություններով բոլորը տեղեկացված են խնդրին եւ խոսում են լուրջ ու տրամաբանված: Ամենակարեւորը՝ գործից են խոսում: Քանի որ մոտակա երկու ամիսներին մեզ նույնպես հեռուստաբանավեճեր են սպասում՝ կապված խորհրդարանական ընտրարշավի հետ, ակամա մտաբերում ես նախագահական ընտրություններին նախորդող բանավեճերը: Դրանք հիշեցնում էին Պանիկովսկու եւ Շուրայի կռիվը, «Դու ո՞վ ես» – «Բա դո՞ւ ով», «Դու էն մարդը չե՞ս, որն այսինչ թվականին այնինչ բանն էր անում»: Ի դեպ, հատկապես զվարճալի է, երբ մեր գործիչները սկսում են իրենց մասին խոսել երրորդ դեմքով՝ որպես ինքնասիրահարվածության ծայրահեղ դրսեւորում։ «Գեղամյանն այն մարդն է, որը…», «Հայրիկյանն այն գործիչն է, որը…», «Բլեյանն այն քաղաքացին է, որը…»՝ դրան հետեւում է սեփական արժանիքների երկար ցանկի թվարկում: Բնականաբար, գավառամիտ «նախագահական բանավեճերի» գագաթնակետը Դեմիրճյանի եւ Քոչարյանի համատեղ ասուլիսն էր: Այստեղ նախագահության հավակնորդն ակնհայտորեն թույլ էր եւ անպատրաստ: Իսկ գործող նախագահը, ինչպես միշտ, մանրախնդիր էր, ջղաձիգ եւ, մեղմ ասած, ոչ անկեղծ: Բայց եթե բոլոր մանրամասները մի կողմ թողնենք, ապա գլխավոր տպավորությունն այն էր, որ այդ վերջին «բանավեճն» արտացոլում էր նախորդների մակարդակը եւ դրանցից առանձնապես չէր տարբերվում: Հասկանում եմ, որ լրագրողներից քիչ բան է կախված: Ասպարեզում ա՛յս քաղաքական գործիչներն ու ուժերն են՝ իրենց գիտելիքների պաշարով, կուլտուրայի եւ կրթության իրենց մակարդակով: Ոչ մի հեռուստալրագրող չի կարող, ասենք, Մանուկ Գասպարյանի եւ Տիգրան Կարապետիչի բանավեճը բարձրացնել Պլատոնի երկխոսությունների մակարդակին: Միակ բանը, որը, հավանաբար, հնարավոր է անել՝ փորձել մի փոքր ուղղորդել բանավիճող կողմերին, որ նրանք գոնե կես ժամով մոռանան իրենց եւ դիմացինների թանկագին անձերի մասին եւ փորձեն մի երկու բառ էլ ասել, թե ինչպես են պատկերացնում այս կամ այն կոնկրետ քաղաքական կամ տնտեսական խնդիրը: Եթե, իհարկե, դրանց մասին որեւէ պատկերացում ունեն: ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել