Լրահոս
Օրվա լրահոսը

Լրագրող172նախագահը չի աջակցում

Մարտ 22,2003 00:00

Լրագրող172նախագահը չի աջակցում Բաց նամակ ԼՂՀ նախագահ Ա. Ղուկասյանին Պարոն նախագահ, կարծում եմ, կհամաձայնեք, որ խոսքի ազատության ապահովումն ու չորրորդ իշխանության կայացումը ժողովրդավարության լակմուսաթուղթն են։ ԼՂՀ նախագահի պաշտոնում Ձեր ընտրվելուց հետո լրագրողներից շատերը հակված էին կարծելու, որ Դուք այդ բարեփոխումները կսկսեք հենց խոսքի ազատության ապահովման ու չորրորդ իշխանության կայացման խնդիրներից։ Լրագրողները հակված էին այդպես կարծելու, նկատի ունենալով նաեւ Ձեր լրագրողական անցյալը։ Սակայն փաստը մնում է փաստ, որ այս բնագավառում համակարգային, որակական բարեփոխումներ չեն արձանագրվել։ Երբ 1999թ. խորհրդարանի կողմից «ԶԼՄ-ների մասին» օրենքի ընդունումից հետո տեւական ժամանակ Դուք չէիք ստորագրում նույն այդ օրենքը, շատերը դա դասում էին թյուրիմացության ու պատահականության շարքը։ Սակայն, երբ սկսվեցին «Հեռուստատեսության ու ռադիոյի մասին» օրենքի ճանապարհին արհեստական բարդությունները, այլեւս դժվար էր այդ ամենը պատահականություն համարել։ 2001թ. սկզբին Ստեփանակերտի մամուլի ակումբի ներկայացրած օրինագծին հավելվեց եւս մեկ օրինագիծ, որից հետո սկսվեցին դրանց խորհրդարանական քննարկումները։ Մի կողմ թողնելով այն հանգամանքը, որ այդ քննարկումների արդյունքում կազմվեց մի կիսատ-պռատ տարբերակ՝ բազմաթիվ սահմանափակումներով, փաստեմ, որ այդ օրինագիծը նույն տարում առաջին ընթերցմամբ ընդունվեց, ինչից ելնելով ակնկալվում էր, որ մինչեւ տարեվերջ կհաստատվի այն։ Սակայն, զարմանալիորեն, խորհրդարանն այդ տարում այլեւս չանդրադարձավ խնդրո առարկային, ինչը մեր օրենսդրության կոպիտ խախտում է։ Եվ Դուք չմիջամտեցիք։ Այսպես թե այնպես, 2002-ի գարնանը խորհրդարանը վերջապես ընդունեց օրենքը, սակայն տեւական ժամանակ Դուք չէիք ստորագրում այն։ Սեփական առաջարկներով ու դիտողություններով հավելված օրենքը Դուք լրամշակման ուղարկեցիք եւ մի քանի ամիս անց՝ հոկտեմբերի սկզբին, վերջապես ստորագրեցիք այն։ Սակայն ցնծության առիթ այսօր՝ դրանից գրեթե կես տարի անց, դարձյալ չկա, քանի որ օրենքը ցայսօր չի կիրարկվում։ Օրենքով նախատեսվող հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդը պիտի ձեւավորվի նախագահի հրամանագրով։ Ինչու՞ է ուշանում այդ հրամանագիրը։ Ամենակարեւորը՝ չի կայացել անկախ մամուլի ինստիտուտը, երկրում գերիշխում են պետական լրատվամիջոցները։ Կարեւորվում է նաեւ տեղեկատվության մասին օրենքի ընդունումն ու կիրարկումը։ Ո՞վ պիտի հասկանա ու աջակցի այս ամենին, եթե ոչ Դուք՝ ժողովրդավարական ուղեգիծ հռչակած երկրի լրագրող172 նախագահը։ Հիմնախնդիրների այս հորձանուտում ինձ առավելս ապշեցնում է, թե ժողովրդավարության եւ օրինաց երկրի մասին մեր հավակնոտ հայտարարությունների ֆոնի վրա ինչպիսի հեշտությամբ ու թեթեւությամբ է խախտվում օրենքը։ «Հեռուստատեսության ու ռադիոյի մասին» ԼՂՀ օրենքի համաձայն, 2003 թվականի հունվարի 1-ից մեզ մոտ պիտի սկսվեր Հանրային հեռուստառադիոընկերության կազմավորումը։ Հիմա 2003 թվականի առաջին եռամսյակն է ավարտվում եւ պարզապես հետաքրքիր է, թե երբ կկիրարկվի դեռեւս 2001 թվականին առաջին ընթերցմամբ ընդունված օրենքը։ ԳԵՂԱՄ ԲԱՂԴԱԱԱՐՅԱՆ Ստեփանակերտի մամուլի ակումբի նախագահ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել