Կատակում են պոլիտեխնիկցիները Պոլիտեխնիկում անցկացրած իր բազմամյա տարիների ընթացքում Խաչիկ Խաչատրյանը հավաքել ու թղթին է հանձնել տարբեր տարիների պոլիտեխնիկցիների կատակները։ Ընթերցողի սեղանին է «Կատակում են պոլիտեխնիկցիները» գրքի 3-րդ մասը։ Խաչիկ Խաչատրյանը արդեն ձեռնամուխ է եղել 4-րդ մասի նյութերի հավաքմանը։ Գրքում տեղ են գտել 600-ից ավելի կատակներ ու պատմություններ, որոնք ներկայացնում են ինչպես Պոլիտեխնիկի ուսանողությանը, այնպես էլ պրոֆեսորադասախոսական կազմին։ «Իմ ապրած կյանքը Պոլիտեխնիկի սիրով առլեցուն, Պոլիտեխնիկի ապրած ու չապրած օրերով լեցուն տեսաժապավեն է՝ տարիների մտորումներով, ժպիտներով, պոլիտեխնիկականի չքնաղ միջավայրով, շռայլ ներկապնակով։ Փորձել ենք սիրել, սիրելով տիրել, բայց սոսկ տիրույթով, խելքով ու փորձով, ուր միշտ գերել է միտքը արարող։ Պոլիտեխնիկը զգալու եւ սիրելու համար անհրաժեշտ է ոչ միայն սովորել եւ աշխատել այնտեղ, այլեւ պահպանել սերտ կապը պոլիտեխնիկական համայնքի հետ։ Պոլիտեխնիկը ուրույն աշխարհ է, ուրույն երկիր»,- խոստովանում է Խաչիկ Խաչատրյանը։ Իսկ որպեսզի մեր ընթերցողը զգա Պոլիտեխնիկի շունչը, ներկայացնում ենք մի քանի կատակներ, որոնք տեղ են գտել գրքում։ «Համալսարանի ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր, պրոֆեսոր Ոստանիկ Մարուխյանը մի առիթով ասաց. – Երբ Խաչիկ Խաչատրյանին ես տեսնում, համոզված եղիր, որ Լաերտ Հովհաննիսյանը ինչ-որ տեղ կողքին է։ Իսկ երբ Լաերտին ես տեսնում, բայց Խաչիկը չկա, համոզված եղիր, որ դա Լաերտը չէ»։ Կամ՝ «ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս, մեծահամբավ գիտնական, պոլիտեխնիկցի Նիկոլայ Ենիկոլոպյանի ծննդյան 75-ամյակի միջոցառման հանձնաժողովի անդամ, դոկտոր, պրոֆեսոր Սեւան Դավթյանը սեղանին այսպիսի գրություն էր թողել. – Ենիկոլոպյանին նվիրված այս միջոցառմանը (խոսքը վերաբերում է բանկետային մասին) 12 հոգու փոխարեն գալիս են 14-ը։ Խնդրում եմ ուտելիքը ավելացնել կամ 12-ի բաժինը բաժանել 14-ի։ Գրությունը ցնցող ուրախություն պատճառեց մասնակիցներին»։ «Պրոռեկտոր Ոստանիկ Մարուխյանը պատմում է. – Մի տարի ընդունելության քննաշրջանի վերջում ռեկտոր Յու. Սարգսյանի հետ գնացինք Սյունիք՝ Գորիսի եւ Կապանի կրթահամալիրներ, տեղում ծանոթանալու եւ լուծում տալու մի շարք կարեւոր հարցերի։ Երբ աշխատանքն ավարտված էր եւ Կապանից վերադառնում էինք, որոշեցինք այցելել ազատագրված տարածքները եւ ժամը 13-ին լինել Գորիսում, մեզ հետ Երեւան տանելու համար Նորայր Հարությունյանին։ Մեր ուղեւորությունը նշված տարածքներում շատ երկար տեւեց, մանավանդ որ մեր «քաջատեղյակ» ուղեկիցը շփոթել էր ճանապարհը եւ մոլորվել էինք։ Պայմանավորված ժամից ավելի քան 4 ժամ ուշացումով մտանք Գորիս։ Կրթահամալիրի մուտքի մոտ մեզ դիմավորեց տնօրենը՝ Յու. Սաֆարյանը, ուրախ ու զվարթ ասելով. – Շատ ուշացաք, ասինք՝ էդ ա, մինի վրա տրաքել եք»։ Պոլիտեխնիկցիները իրենց ավանդույթները պահպանում են ոչ միայն գրքի տեսքով, այլ նաեւ միավորման միջոցով։ Արդեն մեկ տարի է, ինչ գործում է «Պոլիտեխնիկի շրջանավարտների միությունը», որին անդամակցում են ոչ միայն հայտնի գիտնականներ, այլ նաեւ Պոլիտեխնիկի շրջանավարտ քաղաքական-հասարակական գործիչներ։ Գրքում ամփոփված են պոլիտեխնիկցիների մասին հեղինակի կողմից հավաքված, ճշգրտված եւ հումորի սեփական «մաղով» անցկացրած իրական ու զավեշտալի պատմությունները, որոնք մի նոր՝ մարդկային հարաբերությունների լույսի տակ բացահայտում են Պոլիտեխնիկի 70-ամյա ուղին կերտած անհատականություններին։ Գրքում ընթերցողը կարող է գտնել բազմաթիվ ծանոթ անուններ՝ Յուրի Խոջամիրյան, Շավարշ Մարգարյան, Թորգոմ Նալչաջյան, Վանիկ Զաքարյան եւ այլք։ Պատրաստեց Լ. ՄԱՐԳԱՐՅԱՆԸ