Փրկագինը՝ 6000 դոլար Նախագահի նստավայրի առաջ նստացույցի եկած վանաձորցի այս կինը 1994թ. ադրբեջանցիների կողմից առեւանգված Զավեն Ռամազյանի մայրն է։ Որդին արդեն 24 տարեկան է, սակայն առայսօր մայրը չի կարողանում վերադարձնել նրան։ Կնոջ խոսքերով, որդին ողջ է, եւ ադրբեջանցին պարբերաբար տեղեկություններ է հաղորդում իրեն։ Իսկ հանձնելու դիմաց մորից պահանջում է 6000 ԱՄՆ դոլար։ Դեռեւես 94-ից սկսած, մամուլում բազմիցս խոսվել է Արաքսյա Ավետիսյանի 15-ամյա որդուն առեւանգելու փաստի մասին։ Դեպքից ութ օր անց երեխայի մորը զանգահարել էին Մառնեուլ քաղաքից։ Զանգահարողը, կնոջ խոսքերով, Բաքվի բնակիչ ադրբեջանցի Ռամիզ Հուսեյնովն է եղել, որն էլ մորը հայտնել է, թե նրա որդին իր տանն է։ Հուսեյնովը դեռ այն ժամանակ խոստացել էր տղային հանձնել՝ Արցախի պատերազմում անհետ կորած իր եղբորը ստանալուց հետո։ 96-ից սկսած, ադրբեջանցին զանգել եւ պահանջել է, որ հանդիպեն։ Սակայն մինչ հանդիպումը Ա. Ավետիսյանը պարզել է, որ Հուսեյնովի եղբայրը ոչ թե անհետ կորած է, այլ՝ զոհված։ Այնուհետեւ երեխային հետ ստանալու համար տղայի մորից փրկագին են ուզել։ Որդուն փրկելու նպատակով, մի քանի տարի առաջ Ա. Ավետիսյանը վաճառել է բնակարանը, սակայն. «Տան վաճառքից ստացված գումարը սրան-նրան՝ ով խոստանում էր տղայիս վերադարձնել, բաժանում էի։ Ուրախությունից աչքիս ոչինչ չէր երեւում։ Իրավապահ մարմինների ուղեկցությամբ էլ երեխայիս ետ ստանալու ջանքերը նույնպես անհաջող են անցել»։ Այս կինն արդեն մի քանի տարի դիմում է տարբեր ատյաններ՝ ԱԱՆ, ՊՆ, ՆԳՆ, սակայն ոչ մի տեղից պատասխան չի ստանում։ Օրերս էլ մայրաքաղաք եկած Ա. Ավետիսյանը ցանկանում էր նստացույցի ձեւով տեղ հասցնել իր խնդրանքը՝ երկրի նախագահին։ Կինը պատմում է, որ Վանաձոր քարոզարշավի եկած նախագահի թեկնածու Ռոբերտ Քոչարյանին ուղեկցող մի անձի (անունը չէր պարզել) որդու մասին պատմող մի նամակ է հանձնել, սակայն մինչ օրս որեւէ պատասխան չի ստացել։ Կինն ինքն իրեն մխիթարում էր, կարծելով, որ «երեւի նամակս պարոն Քոչարյանին չի էլ հասել»։ Նկատենք, որ Ա. Ավետիսյանը 94-ից սկսած բողոքում է, դռներ ծեծում, թերթերով բաց նամակներ հղում պատկան մարմիններին, բայց մինչ օրս կնոջ դարդին դարման չեն անում. «Մի՞թե մի գրություն ինձ չի գալու, թե քո էրեխեն կամ կա, կամ եթե չկա՝ ես հույսս կտրեմ։ Բայց ես գիտեմ, որ տղաս կենդանի է եւ խնդրում է, որ իրեն հետ բերեմ»,- նեղսրտում է Զավենի մայրը։ Տարիների բողոքների արդյունքում Ա. Ավետիսյանին ընդամենը երկու գրություն է ուղարկվել, այն է՝ ՀՀ կառավարության աշխատակազմից հայտնել են, որ դիմումն ուղարկված է ՀՀ ազգային անվտանգության նախարարություն։ Իսկ թե ԱԱՆ-ն զբաղվում է արդյոք կնոջ խնդրով, Ա. Ավետիսյանին ոչ ոք ոչինչ չի պատասխանում։ 2002-ի մայիսի 8-ին էլ ադրբեջանցի Հուսեյնովը, կնոջ պատմելով, կրկին մարդ է ուղարկել Զավենի մորը տեսնելու. «Տղաս տվել է մեր հասցեն եւ խնդրել, որ ինչ ուզեն իրեն ազատ արձակելու դիմաց՝ չխնայեմ։ Դոմիկի մեջ եմ ապրում, ես փող որտեղի՞ց տամ։ Այդ մարդն էլ տեսավ, որ իրեն հյուրասիրելու համար հացը պարտքով բերեցի»։ Որդուն փրկելու մի վերջին հույս էլ դրանից 20 օր հետո է առկայծել։ Կնոջ խոսքերով, ադրբեջանցին ինքն էր զանգահարել մորն ու որդուն տալու դիմաց պահանջել 6000 դոլար. «Ում դիմում եմ՝ հնար չկա։ Ռոբերտ Քոչարյանին խնդրում եմ, որ մի ճար անի, էրեխիս վերադարձնի»։ Անճարակ կինն իր խնդրանքը հղում էր նաեւ ձեռներեցներին, տարբեր կազմակերպությունների, անհատ անձանց՝ օգնել հնարավորության սահմաններում։ ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ Զավեն Ռամազյանին օգնելու նպատակով 164433 հաշվարկային հաշվով Վանաձորի կենտրոնական խնայբանկում 370101633 նշանաբանի տակ բացված է հաշվեհամար։