Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«ՑՈՒՑՄՈՒՆՔ ԷԼ ԿԱ, ՑՈՒՑՄՈՒՆՔ ԷԼ»

Մարտ 22,2003 00:00

«ՑՈՒՑՄՈՒՆՔ ԷԼ ԿԱ, ՑՈՒՑՄՈՒՆՔ ԷԼ» Ասում է Ռուբեն Ռշտունին 2002թ. դեկտեմբերի 28-ին սպանված լրագրող Տիգրան Նաղդալյանի իրավահաջորդի շահերի ներկայացուցիչը այսուհետեւ կլինի ճանաչված փաստաբան Ռուբեն Ռշտունին, որը երեկ, Արմենպրեսի մամուլի սրահում հանդիպեց լրագրողների հետ։ Հենց սկզբից նա պատրաստակամություն հայտնեց պատասխանել լրագրողների հարցերին։ Նաեւ կանխելով նրանց հետաքրքրասիրությունը, հայտնեց, որ ինքը քրեական գործի նյութերի վերաբերյալ որեւէ տեղեկություն չի տա. «Խնդրում եմ, հարցեր չտաք, որովհետեւ քրդատօրենսգրքով իրավունք չունեմ»։ Պատճառներից մեկն էլ այն էր, որ նա ընդամենը 3 օր է ներգրավված։ «Ինչ դատախազությունը հրապարակել է, դրանից ավելին ես հրապարակելու իրավունք չունեմ»,- ասաց նա։ Բնականաբար, հետեւեց մեր հարցը, թե այդ դեպքում ինչո՞ւ է մեզ հրավիրել։ «Որովհետեւ ես պատասխանատվություն եմ կրում նյութերը չհրապարակելու համար»,- շարունակեց նա։ Գործի քննությունը նա գնահատեց բավարար, ասաց, որ ներգրավված է փորձառու քննիչներից մեկը՝ Հեկտոր Սարդարյանը։ Հավանաբար դա էր պատճառը, որ «Առավոտի» այն հարցին, թե որեւէ միջնորդություն, որեւէ բացարկ նախաքննության մարմնի նկատմամբ փաստաբանը հայտնե՞լ է, պարոն Ռշտունին պատասխանեց՝ ոչ։ Իր ներգրավվելը գործին նա բացատրեց տուժողի ընտանիքի շահերով, որն այսօրվա դրությամբ, իր գնահատմամբ, միակն է։ «Տուժողի շահերից չբխող որեւէ քայլ չի արվի իմ կողմից»,- հավաստիացրեց նա։ Գնահատելով նախաքննության ընթացքը, նա հայտարարեց, որ «այն տվյալները, որոնք ինձ հայտնի են, հնարավորություն են տալիս ասելու, որ նախաքննությունը ճիշտ ուղու վրա է»։ Ելնելով իր տվյալներից էլ, փորձեցինք ճշտել, թե որքան կտեւի նախաքննությունը։ Պարոն Ռշտունին պատասխանեց, որ երկար չի տեւի։ Փորձեցինք ճշտել նաեւ, թե արդյո՞ք մեղադրյալները ունեն պաշտպաններ։ Հետեւեց դրական պատասխան, բայց ավելին նա չտարածվեց։ Լրագրողներից մեկի այն հարցադրմանը, թե լրատվամիջոցներով արդեն ցուցադրվել են կասկածյալներից երկուսը, եւ ինչո՞ւ առերեսում չի արվում Ապերի եւ Արմեն Սարգսյանի միջեւ, փաստաբանը պատասխանեց. «Նախաքննությունն է ընտրում քննության մեթոդները»։ «Առավոտի» այն հարցին, թե ինքը տրամադրե՞լ է, արդյոք, հրապարակման հետ կապված նյութեր լրատվամիջոցներից մեկին (որի ներկայացուցիչը հայտարարեց, որ մի քանի օր հետո ինքը կտպագրի այն), պարոն Ռշտունին վկայակոչեց տողերիս հեղինակի եւ իր միջեւ եղած հարաբերությունները (ի դեպ՝ դրական) եւ ասաց. «Եթե ես ինչ-որ մեկին ինչ-որ նյութ տրամադրեի, առաջին հերթին կտրամադրեի ձեզ։ Ինչո՞ւ եմ գաղտագողի ինչ-որ նյութ տրամադրում»։ Փորձվեց ճշտել փաստաբանի վերաբերմունքը՝ կապված մեկի ցուցմունքով Արմեն Սարգսյանին ձերբակալելու հետ։ «Չեմ կարող ասել, թե քանի հոգու ցուցմունք է եղել, բայց եկեք հիշենք, թե քանի հոգու ցուցմունքով ձերբակալվեցին «27»-ի գործով 5 անմեղ մարդիկ, եւ ինչ տեղի ունեցավ իմ ներկայությամբ, երբ զինդատախազության քննիչներից մեկը (խոստացավ ժամանակին անունը տալ- Ռ. Մ.) հայտարարեց ամենալկտի ձեւով, որ մինչեւ հիմա Նաիրի Հունանյանի ցուցմունքներով ենք ձերբակալել, այսօր էլ դու՝ Հարություն Հարությունյան, քո միջոցով Տիգրան Նաղդալյանին պիտի ձերբակալենք, որ ժողովուրդը չասի՝ Նաիրի Հունանյանի ցուցմունքներով ենք ձերբակալում։ Ցուցմունք էլ կա, ցուցմունք էլ։ Կարող է մի մարդու ցուցմունքն այնպիսի արժեք ունենա, այնպես կապվի գործի նյութերի հետ, որ դա հիմք լինի։ Բայց կարող է պատահել ցուցմունքը այնքան մերկապարանոց լինի, որ ասեն՝ թող-գնա այստեղից»,- շարունակեց նա։ Ինչ վերաբերում է սպանության վարկածներից մեկին, այն է՝ սպանությունն իրականացվել է, որովհետեւ Տիգրան Նաղդալյանը «27»-ի կարեւորագույն վկաներից մեկն է, տուժողի իրավահաջորդի շահերի ներկայացուցիչը հայտարարեց. «Գտնում եմ, որ Տիգրան Նաղդալյանը «27»-ի գործով կարեւորագույն վկա չի հանդիսացել, որովհետեւ կային այնտեղ 100-ից ավելի աթոռների տակ ընկած զինված պատգամավորներ, որոնք ամենակարեւոր վկաներն են։ Կային այնտեղ մարդիկ, որ ամեն ինչ տեսել էին։ Տիգրան Նաղդալյանն այնտեղ չի եղել։ Ինչ վերաբերում է տեսաժապավենին, մենք բոլորս առաջին իսկ օրը տեսել ենք, CNN-ով… ամեն ինչ տեսել ենք»։ Ի դեպ, կարեւորագույն վկա լինելու հանգամանքը շեշտել են «27»-ի գործով դատաքննության մասնակիցները, մասնավորապես՝ ամբաստանյալների պաշտպանները։ Այս փաստարկին պարոն Ռշտունին տեղյակ չէր։ Այդ կապակցությամբ նա ասաց. «Որեւէ բան չունեմ ասելու։ Ամեն պաշտպան ընտրում է իր պաշտպանական տակտիկան»։ Փաստաբանը իր սեփական վարկածների մեջ չբացառեց հետեւյալը. «Երեւի թե գլխատել Հ1-ը»։ Կասկածներից մեկը, թե, այնուամենայնիվ, «Դավալուի գիծը» որքանո՞վ է համոզեցուցիչ, փաստաբանը կտրուկ արտահայտվեց. «Ինձ մի ստիպեք ենթադրություններ անել, որպեսզի հետո ասեք, որ Ռշտունին այսքան տարիների ընթացքում էս մի գործով ասաց ու սխալ դուրս եկավ։ Եկեք մի քիչ սպասենք, որ երբ ես իմ կարծիքը հայտնեմ, դա լինի միանշանակ եւ իմ սկզբունքներին համահունչ»։ Երբ նորից փորձ արվեց փաստաբանին ներքաշել «27»-ի «դաշտ», նա հիշատակեց. «Գործով կա դատավոր Ուզունյան, կան փաստաբաններ, դատախազներ»։ Մի խոսքով, դժվար էր Ռշտունու որդեգրած լռության մարտավարությունը խախտել։ «Առավոտի» վերջին հարցին, թե, այնուամենայնիվ, իր տվյալներով, ինչքա՞ն կտեւի նախաքննությունը, նա ասաց. «Եթե այս վարկածով է գնում նախաքննությունը, ես կարծում եմ, շատ երկար չի տեւի»։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել