Լրահոս
Օրվա լրահոսը

ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆՆ ԱՎԵԼԻ ՀԱՍՏ «ԿՈՂ» ՈՒՆԻ

Մարտ 22,2003 00:00

ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆՆ ԱՎԵԼԻ ՀԱՍՏ «ԿՈՂ» ՈՒՆԻ Երեկ ընդդիմության հերթական հանրահավաքը խոչընդոտելու նպատակով իշխանությունները Երեւան մտնող բոլոր մայրուղիները փակել են, ավտոբուսները կանգնեցրել եւ մարդկանց իջեցնելով՝ հետապնդել: Դրա հետեւանքով փախուստի դիմած Թալինի բնակիչ Սուրեն Հովհաննիսյանը ենթարկվել է ավտովթարի՝ ստանալով կյանքին վտանգ սպառնացող վնասվածքներ: «Հանրապետության» քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը ոստիկանությանը զգուշացրեց, որ իրենք՝ իշխանության հանցավոր հրամանը կատարողները, նույնպես դառնում են հանցագործ եւ ենթակա են քրեական պատասխանատվության: «Համոզված եղեք, որ Ռ. Քոչարյանը հեռանալու է, եւ դուք դատվելու եք՝ որպես շարքային քրեական հանցագործներ»,- հայտարարեց նա: ԱԺԿ անդամ Դուստրիկ Մխիթարյանը հանրահավաքի մասնակիցներին ներկայացրեց ընտրությունների ընթացքում տեղի ունեցած մի շարք ընտրախախտումներ, որից հետո՝ հակադարձելով ինքն իրեն միակ «տղամարդ» հռչակած Քոչարյանին, ասաց. «Իրեն հանրապետության միակ տղամարդ հորջորջող անձը փորձեց ռետինե մահակներով ծեծել կանանց: Եթե նա կարծում է, որ տղամարդկությունը կանանց վրա ձեռք բարձրացնելն է, ապա նա հայ մենթալիտետն իրոք չի հասկանում»: Իսկ ՀԺԿ պատգամավոր Էմմա Խուդաբաշյանը՝ իր ելույթում հիշատակելով 1998թ. ընտրությունները, նշեց, թե Կ. Դեմիրճյանը «լռեց» ընտրախախտումների մասին, ինչի «գինը եղավ «27»-ը», եւ վստահեցրեց, որ այս անգամ իրենք չեն լռելու, ու եթե Քոչարյանն ասում է, թե ինքը «կող» ունի, ապա, ըստ Է. Խուդաբաշյանի, իրենց «կողն ավելի հաստ է»: «Հանրապետության» նախագահ Ալբերտ Բազեյանն էլ անդրադարձավ այն մեղադրանքներին, թե ընդդիմությունը շահարկում է Արմեն Սարգսյանի ձերբակալությունը, հիշեցրեց, որ իշխանություններն իրենց նույն մեղադրանքն են հասցեագրում նաեւ «27»-ի վերաբերյալ: Հետո նկատեց, որ այդ ձերբակալությամբ Քոչարյանը հերթական երաշխիքը տվեց «27»-ի ոճրագործներին՝ հավաստելով. «Ա. Սարգսյանին դիտավորյալ տարել են Նաիրի Հունանյանի հարեւանությամբ գտնվող մեկուսարան, որպեսզի ցույց տան՝ տեսեք, մենք ուժեղ ենք, Վազգենի եղբորն ենք բռնել-բերել, մենք կապ չունենք Տ. Նաղդալյանի սպանության հետ, չփորձես մեր դեմ ցուցմունք ու վկայություններ տալ»: Իսկ հետո վերադառնալով Ռ. Քոչարյանի հայտարարությանը, թե՝ երկու շաբաթ առաջ էին իրեն զեկուցել, որ Ա. Սարգսյանին ձերբակալելու հիմքեր կան, ինչի վերաբերյալ ինքը «հանձնարարել» է ավելի «ուշադիր» քննել գործը, Բազեյանը նկատեց. «Մի դեպքում՝ խոսում է իրավունքից, որ իրավունք չունի միջամտել, մյուս դեպքում՝ ասում է՝ ես հանձնարարել եմ: Այո՛, նա է հանձնարարել»: Արամ Սարգսյանին ժողովուրդն, ի հեճուկս իշխանությունների, որոնց կարծիքով, Արմեն Սարգսյանի ձերբակալությունից հետո հասարակությունը նրան քարկոծելու էր, ընդունեց էլ ավելի ոգեւորությամբ, եւ Ա. Սարգսյանը՝ դիմելով ցուցարարներին, հայտարարեց, որ Քոչարյանը հեռանալու է միայն ժողովրդի հավաքական ուժով: Այնուհետեւ շարունակելով Ա. Բազեյանին՝ վստահեցրեց, որ Արմեն Սարգսյանը «պատրաստ է նստել որքան ասեք, միայն Ռ. Քոչարյանը հեռանա», եւ որ դրանով ո՛չ Ա. Սարգսյանին, ո՛չ էլ իրեն վախեցնել չեն կարող: «Երբ Քոչարյանը հեռուստատեսությամբ հանդես եկավ, ասաց, որ իրեն 2 շաբաթ առաջ արդեն պարզ էր, որ ձերբակալելու են Ա. Սարգսյանին: Պիտի ասեմ ձեզ, որ Արմենի դեմ ցուցմունքներ են տվել մարտի 15-ին: Այդ դեպքում՝ ձեզ 2 շաբաթ առաջ որտեղի՞ց էր պարզ: Կամ՝ միգուցե Տ. Նաղդալյանի սպանությունից առա՞ջ էր պարզ, թե ով է կազմակերպիչը,- նկատեց Արամ Սարգսյանը՝ շարունակելով:- Իր ելույթն ինձ վրա սկզբում սադրանքի տպավորություն թողեց: Կարծեցի, որ այդ մարդը փորձում է մեզ նյարդերից հանել եւ իր հարեւան գործընկեր նախագահների օրինակով իր վրա ինչ-որ բան հորինել, հետո՝ ասել, թե Արամ Սարգսյանն է կազմակերպել: Դրա համար ի լուր աշխարհի ասում եմ՝ ոչ մի բան էլ չեմ պատրաստվում կազմակերպել քո դեմ: Ինչ ինքդ քո վրա անես՝ դու ես արել, մենք կապ չունենք»: Ա. Սարգսյանի գնահատմամբ, Քոչարյանը վերջին ամիսներին այնքան է նիհարել ու գունատվել, որ դա եւս մեկ ապացույց է, որ իշխանության «տերն» ինքը չէ. «Անընդհատ հաթաթաներ է տալիս՝ կբռնենք, կկալանավորենք8230 Էդ ո՞ւմ ես վախեցնում: Նախագահը սեփական ժողովրդին պիտի սիրի, ոչ թե վախեցնի»,- ասաց նա: Իսկ ինչ վերաբերում է ոստիկաններին, դատավորներին, կառավարության անդամներին, ապա Ա. Սարգսյանը նրանց զգոնության կոչ արեց՝ ասելով. «Ախր դուք էլ եք մերը, տանը ծնող, երեխեք ունեք: Էս վիճակը ձեզ դուր գալի՞ս է: Ո՞վ է այս վիճակի մեղավորը: Մեզ էլ դուր չի գալիս: Ի՛նչ է, մենք ուզո՞ւմ ենք ամեն օր միտինգ անել, դրանից հաճո՞ւյք ենք ստանում: Մտածեք՝ ո՞վ է մեղավոր, որ ժողովուրդը միտինգ է անում: Մեղավորը մեկն է»: Իսկ Խորեն Սարգսյանն իր գործընկերներին խորհուրդ տվեց որեւէ մեղադրանք չհասցեագրել այն նախագահին, որը գոյություն չունի. «Գոյություն չունեցողին դիմելը մեղք է»: ԼԻԼԻԹ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել