Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՑՈՒՑԱԿԻ ՀԵՏՔԵՐՈՎ

Մարտ 22,2003 00:00

ՑՈՒՑԱԿԻ ՀԵՏՔԵՐՈՎ Հետաքրքիր է՝ Ռոբերտ Քոչարյանը ներողություն կխնդրի՞ Ստեփան Դեմիրճյանի շտաբի ներկայացրած՝ աշխատանքից ազատվածների ցուցակի առնչությամբ հանրությանը մոլորեցնելու համար: Այսինքն՝ կանի՞ այն, ինչ իր խոսնակները պահանջում են անել ընդդիմությունից այլ պարագաներում: Օրերս Հանրային հեռուստաընկերությունը վերահեռարձակեց Ռոբերտ Քոչարյանի եւ Ստեփան Դեմիրճյանի համատեղ մամուլի ասուլիսի այն հատվածը, որտեղ արծարծվում էր ընդդիմության կողմնակիցներին աշխատանքից ազատելու վերաբերյալ հարցը: Ըստ այդմ՝ Ստեփան Դեմիրճյանը խոստացել էր ներկայացնել աշխատանքից ազատված պետական ծառայողների ու հարյուրավոր ձերբակալվածների անունները: Այնուամենայնիվ՝ ինչպես Ռոբերտ Քոչարյանը, այնպես էլ նրա խոսափողները շարունակում են շահարկել, թե Ստեփան Դեմիրճյանը խոստացել է ներկայացնել աշխատանքից ազատված հարյուրավոր քաղաքացիական ծառայողների անուններ, բայց ուղարկել է միայն 6 հոգու անուն: Ակնհայտ միտումնավոր այս նենգափոխմամբ չեն ավարտվում ցուցակին առնչվող պատմությունները: Մարտի 12-ի իր ասուլիսում Ռոբերտ Քոչարյանն անդրադարձավ այդ ցուցակում ընդգրկված 8 անուններին: Ու մասնավորապես հայտարարեց, թե Նոր Նորքի սոցիալական ծառայության պետ Էդիկ Բախշյանին աշխատանքից ազատել է համայնքի ղեկավարը. դե, նոր թաղապետ է ընտրվել, որն էլ ձեւավորել է իր թիմը: «Սա բացահայտ սուտ է,- մեր զրույցի ընթացքում ասաց Էդիկ Բախշյանը:- Նոր Նորքի սոցիալական ծառայությունը քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող կազմակերպություն էր: Հունվարի 26-ին ինձ հրավիրեցին քաղաքապետարան, պահանջեցին, որ դիմում գրեմ ու ազատվեմ: Մինչ այդ՝ արձակուրդ գնալու դիմում էի գրել: Սակայն քանի որ Նոր Նորքի ՀԺԿ տարածքային կազմակերպության քարտուղարն եմ՝ գիտեին, որ չեմ աշխատի Ռոբերտ Քոչարյանի համար: Իսկ առաջին պահանջն այդ է եղել, որ աշխատեմ իշխանության թիմում: Նոր թաղապետի հետ ես կապ չեմ ունեցել: Թաղապետարանին տվյալ ծառայությունը քաղաքապետի որոշմամբ փոխանցվել է փետրվարի 4-ից հետո, իսկ հանձնում-ընդունումը ձեւակերպվել է մարտի 7-ին: Մինչդեռ ինձ պարտադրել են դիմում գրել փետրվարի 26-ին, թեեւ ազատված են հրամանագրել հունվարի 23-ից, որը նույնպես խախտում է: Նախագահին սուտ տեղեկություն են տվել, թե իբր թաղապետի չցանկանալու պատճառով եմ ազատվել. ինձ ազատել է քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը, կա համապատասխան հրամանը: Նաեւ ունեմ փաստեր, որ այդ ծառայությունն ընտրությունների օրերին օգտագործել են Քոչարյանի ընտրարշավը կազմակերպելու համար»: Ռոբերտ Քոչարյանն ասուլիսում անդրադարձավ նաեւ Թալինի պետավտոտեսչության պետ Էդիկ Սափեյանին աշխատանքից ազատելուն ու լրագրողներին հայտնեց, թե նա Ռոլանդ Շառոյանի մորաքրոջ տղան է: Մեզանում վերջերս, իհարկե, նորաձեւ են դարձել տոհմածառերի վերաբերյալ բացահայտումները, ու պրն Քոչարյանն էլ է դա ակնհայտորեն համարում հետաքրքիր զբաղմունք: Ուստի տեղեկացնենք, որ Շառոյանից բացի՝ Էդիկ Սափեյանն առավել մերձավոր ազգականներ էլ ունի՝ հարազատ եղբայրները, որոնցից մեկը Թալինի ԵԿՄ տարածքային կազմակերպության ղեկավարն է, մյուսը՝ «Հանրապետության»: Եվ հատկապես վերջինիս գործունեության հետեւանքով են պետավտոտեսչության պետին ուղարկել «կադրերի տրամադրության տակ», նախապես զգուշացումներից հետո, թե «եղբայրներիդ ասա՝ թող չխառնվեն ընտրություններին»: Ի դեպ, այս մասին «Հանրապետության» Թալինի տարածքային կազմակերպության ղեկավար Ժորա Սափեյանի հայտնած տեղեկությունն «Առավոտում» հրապարակվել էր փետրվարի 25-ին, այսինքն՝ ավելի վաղ, քան եղել էր այդ համատեղ ասուլիսը: Սա էլ դեռ ամբողջը չէ: Ռոբերտ Քոչարյանն առանձնակի անդրադարձավ ցուցակի առաջին անուններին՝ ոստիկանության երկու սերժանտների, որոնք ազատվել էին աշխատանքից իրեն ձայներ չբերելու համար, եւ հրապարակավ պնդեց, թե նրանք երկուսն էլ աշխատում են իրենց տեղում: Խոսքը Մուշեղ Սաղաթելյանի հայրենի գյուղի՝ Ձորակապի բնակիչ ոստիկանների մասին է, որոնց Շիրակի մարզային ոստիկանության պետ Խաչիկ Ասատրյանն ազատել էր, երբ Ձորակապում Քոչարյանն առաջին փուլում չէր ստացել եւ ոչ մի ձայն: Միացյալ ընդդիմության շտաբի անդամ Դուստրիկ Մխիթարյանը հայտնեց. «Պրն Քոչարյանը թափահարում էր այդ ցուցակն ու ասում, թե այդ ոստիկանները հանգիստ աշխատում են, ոչ ոք նրանց չի ազատել: Բացահայտ սուտ է: Նրանցից մեկին՝ Արամ Հակոբյանին ստիպել են դիմում գրել ու նա այս պահին էլ ազատված է աշխատանքից: Իսկ մյուսին՝ Հարություն Գեւորգյանին էլի ստիպել են դիմում գրել ու դրա համաձայն՝ նրան տեղափոխել են այլ բաժին: Ուղղակի Արամ Հակոբյանը չի համաձայնել, որ իր հետ այդպես վարվեն. նրանից կոպտորեն խլել էին ոստիկանի վկայականը, բոլորի ներկայությամբ վիրավորել եւ ստիպել, որ դիմում գրի»: Ի դեպ, հենց Հարություն Գեւորգյանն էր «Հայկական ժամանակին» պատմել, թե ինչպես է գնդապետ Ասատրյանն իրենց սպառնացել՝ Քոչարյանին ձայն չտվողը գնդակահարության արժանի դավաճան է, ու նրա պատմածը հրապարակվել էր թերթի մարտի 1-ի համարում՝ էլի մինչեւ համատեղ ասուլիսը: Եթե շա՜տ մեղմ արտահայտվենք՝ թյուրիմացության մեջ են գցել պրն Քոչարյանին իր օգնականները՝ ցուցակի անուններից առնվազն կեսի վերաբերյալ: Եվ եթե այս հրապարակումից հետո երկրի թիվ մեկ պաշտոնյան օրինակ ծառայի՝ մեղայականով հանդես գա ու գոնե կեսբերան ներողություն խնդրի հանրության լայն շրջանակներին ակամա մոլորեցնելու համար՝ մենք էլ կմիանանք իշխանամետ լրագրողներին ու կոչ կանենք, որ Ստեփան Դեմիրճյանը հրապարակայնորեն ներողություն խնդրի Կալիֆոռնիայի նահանգապետ Գրեյ Դեյվիսի եւ սենատոր Դայան Ֆայնշթայնի կեղծ ուղերձների առնչությամբ հանրության ավելի նեղ՝ մեր թերթի ընթերցողներով սահմանափակված շրջանակին նույնչափ ակամա մոլորեցնելու համար: Իսկ առայժմ՝ հիշեցնենք մարտի 12-ի ասուլիսում Քոչարյանի ասած խոսքերն այս ցուցակի առնչությամբ, որ բումերանգի պես կարող են իրեն վերադառնալ. «Ուղղակի ամոթ է, մի քիչ հարգեք սեփական երկիրը, գոնե մի՛ քիչ»: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել