Ընդդեմ հանրահավաքների՞, թե՞ ընդդեմ ժողովրդի ձայնի Մարտի 1-ին Վանաձորի «Արցախ» պուրակում ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանի հետ բնակչության հանդիպման մասին նույն օրը «Ազատություն» ռադիոկայանը նշեց, որ պուրակում խճաքարե թմբեր էին շաղ տվել (թերեւս, հանրահավաքի մասնակիցների համար խոչընդոտներ ստեղծելու նպատակով)։ Նույն օրը տեղական հեռուստատեսությամբ ուղիղ եթերի ժամանակ Վանաձորի քաղաքապետը փորձում էր համոզել, թե «Սա շատ պատահական գործընթաց էր։ Այդ հողակույտերի թափումը կապ չունի Դեմիրճյանի այցի հետ»։ Հատկանշական է, որ նույն քաղաքապետը միաժամանակ հիշեցրեց, որ «Արցախ» պուրակը վարձակալության է տրված ինչ-որ ԲԲԸ-ի։ Հարց է ծագում. այդ դեպքում ի՞նչ հիմքով է քաղաքապետը վարձակալի փոխարեն երաշխավորում, թե դա «պատահական» է։ Թերեւս քաղաքապետը «մոռացել» էր, որ մեկուկես տարի առաջ, մինչեւ պուրակը վարձակալության տալը, իր կողմից որոշում էր կայացրել հանրահավաքներն «Արցախ» պուրակում արգելելու վերաբերյալ, իսկ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կողմից այդ որոշումը դատական ճանապարհով բողոքարկելուց եւ չեղյալ համարվելուց հետո, ի հեճուկս այդ որոշումը բողոքարկողների եւ այդ որոշման դեմ ընդվզողների, պուրակը տրվեց վարձակալության, որպեսզի այն ժամանակ, երբ նպատակ ունենա հանրահավաք արգելելու, վկայակոչի, թե այն «վարձակալության է տրված»։ Ինչ խոսք, նախագահական այս ընտրությունների ընթացքում մինչեւ վերջին պահը չհիշեցին, որ պուրակը «վարձակալության է տրված». չէ՞ որ այնտեղ պետք է հանդիպեր ընտրողների հետ նաեւ գործող նախագահը։ Այժմ արդեն եկել էր «պատմական պահը» հիշեցնելու, որ պուրակը վարձակալության է տրված. չէ՞ որ առջեւում խորհրդարանական ընտրություններ են։ Եվս մեկ դիտարկում՝ «Արցախ» պուրակի վերաբերյալ։ «Առավոտի»՝ 5.02.2003թ. «Պուրակային եւ անկախ» տեղեկատվության մեջ միամտություն էինք ունեցել նշելու վանաձորցի անկախ մտավորական Ռաֆիկ Սահարյանի այն կատակը, թե մտադիր է ստեղծել «Արցախ» պուրակում հավաքվող ընդդիմադիրների միություն։ Պարզվում է, այդ կատակը լուրջ են ընդունել օրինապահները եւ մտահոգվել, թե իսկապես կարող է նման միություն ստեղծվել եւ «լուրջ վտանգ» հանդիսանալ երկրի «ներքաղաքական կայունության» համար։ Պուրակում այլեւս ընդդիմադիր մտավորականները եւ տարբեր մասնագիտության գործազուրկներ, թոշակառուներ զրույցի չեն բռնվում (հանրահավաքի օրերից բացի), քանի որ այդտեղ ավելի հաճախ հավաքվում են ոստիկանների 3-4 հոգանոց խմբեր։ ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ Վանաձոր