Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Մուզիկանտ զբաղվե՞լ պոլիտիկա»- 2

Մարտ 21,2003 00:00

«Մուզիկանտ զբաղվե՞լ պոլիտիկա»- 2 «Արվեստագետը պետք է դրսեւորվի արվեստի բնագավառում, ոչ թե առանց հասկանալու «խրվի» քաղաքականության մեջ։ Որքան էլ շատ վճարեն, նա պիտի իր չափը ճանաչի»,- համոզված է երգչուհի Արմինե Գրիգորյանը։ Նա նկատի ունի բոլոր այն երգիչ- երգչուհիներին, որոնք «քշվել» են մարզեր՝ նախագահի գովքն անելու։ Երգչուհին գտնում է, որ իր կոլեգաներից շատերը կոպիտ սխալ են գործել՝ իրենց ելույթներով «ծաղկեցնելով» նախագահի ընտրարշավը։ Թեեւ, վերջինիս համոզմամբ, նրանցից ոմանք «պղծվել» են ֆինանսի մեծ կարիք ունենալու պատճառով, սակայն դա ամենեւին էլ չի թեթեւացնում նրանց «մեղքը»։ Ինքը՝ Արմինեն, հրաժարվել է քարոզարշավային համերգներից, որովհետեւ նախորդ անգամ ընտրարշավային (խորհրդարանական) մի համերգի ժամանակ իրեն մեծ «անակնկալ» են մատուցել։ Դրա մասին երգչուհին բարձրաձայնում է առաջին անգամ. «1999-ի մայիսին ավանդական կուսակցություններից մեկի նախաձեռնությամբ համերգային մի կազմակերպություն Շիրակի մարզում համերգներ էր կազմակերպել, որին մասնակցում էինք նաեւ ես եւ եղբայրս՝ Սամվել Գրիգորյանը։ Հերթական համերգը Արթիկում էր։ Արդեն բեմում էի, մեկ էլ միջոցառման վայր այցելեցին «ախոյան» կուսակցության ներկայացուցիչներ, անվանի դեմքեր ու սկսված քաշքշուկի արդյունքում ձայնագրությունս անջատվեց։ Հակառակի նման սկսեց նաեւ կարկուտ տեղալ։ Նորեկներին խաբեցին, ասելով, որ տեխնիկական թերությունների մեղավորը իբր ինձ պատկանող երաժշտական սարքավորումներն են։ Նրանք էլ հարձակվեցին եղբորս եւ ինձ վրա, վախեցնելով, թե Երեւան չենք հասնի։ Իսկ այդ վախկոտ կուսակցությունը, որ պիտի վճարեր համերգի համար, խնդրեց, որ հանկարծ որեւէ մեկին չհայտնեմ, թե միջոցառումն իրենք են կազմակերպել»։ Առայժմ Արմինե Գրիգորյանը չի ցանկանում մանրամասնել, թե կոնկրետ որ կուսակցության մասին է խոսքը, որովհետեւ մտավախություն ունի, թե կխոչընդոտեն իր բեմական գործունեությանը, մանավանդ որ, երկու տարվա ընդմիջումից հետո վերջապես մի քանի հրավերներ է ստացել։ Վերջերս Ա. Գրիգորյանը վերադարձել է ՌԴ-ի մայրաքաղաքում եւ Ուկրաինայի երկու քաղաքներում կայացած համերգներից։ Ապրիլին կթողարկվեն նրա 11 երգից բաղկացած 5-րդ, իսկ մայիսին՝ 12 երգից բաղկացած 6-րդ ալբոմները։ Երգերի հեղինակը ինքն է, ձայնագրել է նոր զուգերգ՝ Աշոտ Ղազարյանի հետ։ Երգ է նվիրել նաեւ ֆուտբոլիստներին, ինչի մասին կատակով ասում է. «Այդ երգը նվիրում եմ բոլոր սերերիս»։ Քանի որ 2002-ին մայրաքաղաքի գրեթե բոլոր մշակութային օջախները վերանորոգվում էին, Ա. Գրիգորյանը իր բեմական գործունեության տասնամյակը կտոնի հունիսին՝ իր ծննդյան օրը։ Նշենք, որ Ա. Գրիգորյանը բեմում է 1985-ից, սակայն մինչ 1992-ը աշխատել է թատրոնում, ուր վերադառնալ առայժմ չի ցանկանում. «Երբ հարստանամ, այն ժամանակ էլ կաշխատեմ թատրոնում, որովհետեւ այնտեղ շատ քիչ են վարձատրում»։ Իր անվան շուրջ պտտվող խոսակցությունների մասին էլ Ա. Գրիգորյանն ասաց. «Թեեւ 7 տարի է սիրում եմ նույն մարդուն, բայց առայժմ չեմ պատրաստվում ամուսնանալ»։ Ն. ՄԵԼԻՔՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել