Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՊՅՈՒՌՈՍՅԱՆ ՀԱՂԹԱՆԱ՞Կ

Մարտ 21,2003 00:00

ՊՅՈՒՌՈՍՅԱՆ ՀԱՂԹԱՆԱ՞Կ Հարգարժան պարոն Քոչարյան, 98-ի ընտրություններից հետո մի անթաքույց երազանք ունեի. 2003 թվականի ընտրությունները (որոնք հավանաբար վերջինն են, որոնց ես ականատես եմ) կընթանան առողջ՝ հանրապետության միջազգային հեղինակությանը նպաստող մթնոլորտում: Ավա՜ղ, մինչդեռ Դուք ունեիք դրան հասնելու հնարավորությունները: Իրոք, նախորդից ժառանգած քայքայված տնտեսությունը, ծանր սոցիալական եւ Արցախյան հիմնախնդրի փակուղային վիճակը, արտագաղթը ընձեռել էին Ձեզ ժողովրդի վստահությունը եւ համակրանքը նվաճելու համար եզակի շահեկան ցատկահարթակ: Հիշեցնեմ, որ շատերս, այդ թվում եւ Ձեր խոնարհ ծառան, պաշտպանեցինք Ձեր թեկնածությունը՝ միայն եւ միայն արձագանքելով Արցախի ապագային վերաբերող եւ նախորդի հայտարարածից տրամագծորեն տարբեր բանաձեւին: «Սիրտս տեղը եկավ», երբ Դուք պաշտպանեցիք Արցախի անկախությունը եւ բարձրացրիք եղեռնի հարցը: Սակայն Ձեր ներքին քաղաքականությունը գնալով ավելի ու ավելի խոր հիասթափություն առաջացրեց: Նախկին հանցագործներին դատելու, ստվերային բիզնեսի, կոռուպցիայի դեմ պայքարելու եւ դրանով իսկ սոցիալական վիճակը մեղմացնելու եւ բարոյական մթնոլորտը բարելավելու փոխարեն Դուք ընտրեցիք ավտորիտարիզմից դեպի բռնապետություն տանող, ըստ իս, շատ ավելի աշխատատար ու անպատվաբեր տարբերակը: Ձեր կառավարությունը համալրեցին նախարարներ, որոնց իսկական տեղը Սովետաշենի «նստավայրն» է, եւ նրանք լիովին «արդարացրին» սպասելիքներն այս ընտրություններում՝ կոչ անելով «ջարդել, փշրել, ծեծել, լցնել՝ մենք տեր ենք»: Ձեր կամքին հլու-հնազանդ դարձրիք արդարադատության ողջ համակարգը եւ պետական բուրգը՝ նախարարից մինչեւ գյուղապետ: Ճնշեցիք կամ գնեցիք քիչ թե շատ ընդդիմադիր կամ ինքնուրույն թերթերը եւ հեռուստածրագրերը, իսկ անհնազանդներին փակեցիք: Խարխլեցիք ընդդիմադիր կուսակցությունները եւ առանց այն էլ անկայուն ԱԺ-ն: Խորտակեցիք գործադիր – օրենսդիր – դատաիրավական մարմինների հավասարակշռությունը՝ հակակշիռների գործոնը: Վախի մթնոլորտի խտացման «առագաստատիպ» խրատական դասեր, որոնք, կներեք, հատուկ են թույլ, ներքուստ անվստահ անձանց: Եվ այդ բոլոր ջանքերը, խարդավանքները, բանսարկությունները հանուն ինքնավերարտադրման։ Արդյոք շատ թանկ գին չե՞նք վճարի դրա դիմաց: Չե՞ք վախենում, որ ամեն գնով հաղթանակը կարող է դառնալ Պյուռոսյան՝ պարտությանը համարժեք: Եվ ամենամեծ կորուստը՝ ամենածանր պարտությունը Դուք կրեցիք բարոյական դաշտում: Այն, ինչ իրագործվեց այս օրերին, գերազանցեց, թվում էր, 96-ի անգերազանցելի խայտառակությունը: Ձեր ընտրական համակարգը, բացի օրենքով նախատեսվածից, ընդգրկեց չինովնիկական ողջ բուրգը վերից վար, զորքը, ոստիկանությունը, կրթական եւ դատաիրավական մարմինները, կուսակցությունների երամը, անգամ քրեական տարրեր եւ, անշուշտ, օլիգարխների «ծանր հրետանին»: Ստեղծվեց 37 թիվը հիշեցնող փոխադարձ անվստահության, մատնիչության մթնոլորտ, եւ մարդիկ, վախենալով այս ծանր իրավիճակում կորցնել աշխատանքը, քվեարկեցին, կեղծեցին, «կարուսել նստեցին»՝ մտովի շարելով անբարեհունչ ածականներ։ Պատկերացրեք հիմնարկի կամ դպրոցի տնօրենի վիճակը, երբ նա սպառնում է, եթե չքվեարկեն «ինչպես հարկն է», էլ չեմ ասում զորամասի հրամանատարի վիճակի մասին, որը զորասյան գլուխն անցած ուղեկցում է նրան ընտրատեղամասից ընտրատեղամաս ու պարտադրում բաց քվեարկություն: Եվ հետո քարոզելու է սեր ու նվիրվածություն նման հայրենիքի հանդե՞պ: Նա ակամա կնմանվի զավեշտային այն հրամանատարին, որը զինվորներին գիշերային հաճույքների տուն ուղեկցելուց հետո սեռական ժուժկալության քարոզ կկարդա նրանց գլխին: Եթե կարդայիք նրանց մտքերը, հազիվ թե ինքնագոհ տեսքով ներկայանայիք հեռուստաէկրանի առջեւ եւ թունախառն կատակեիք 2-րդ փուլի առթիվ՝ «ձեռ առնելով» ժողովրդի կեսից ավելիին: Չվիճենք տոկոսների մասին. Դուք ինձանից լավ գիտեք, թե ինչ չափերի հասան ընտրակեղծիքները. չեմ հավատում, որ դա կիրառվել է առանց Ձեր իմացության, անգամ խմբավարության: Դուք ընտրվել եք հիմնականում երեկոյան ժամը 8-ից հետո: Դա է տխուր ճշմարտությունը: Ասում եմ դա առանց զայրույթի՝ խոր ցավով: Անշո8217ւշտ, համաձայն եմ, որ չինովնիկներից ու պարտադրվածներից բացի, Դուք ունեք նաեւ ազնիվ ընտրազանգված, որոնք ներքին համոզվածությամբ գերադասեցին Ձեզ: Դա նրանց իրավունքն է: Սակայն այդ նույն իրավունքից Դուք զրկեցիք ժողովրդի գերակշիռ մասին: Եվ գիտակցելով ձեր հանցանքը, չվստահելով զինվորներին ու ոստիկաններին՝ դիմեցիք ավելի ծանր հանցանքի՝ հրավիրեցիք զորագունդ Արցախից՝ նորից բռնկելով «Հայաստանցի-Ղարաբաղցի» ազգակործան ախտը, որը հազիվ էր մարել: Մեզ միայն եղբայրասպանությունն էր պակասում։ Թե՞ դա հեռու գնացող նպատակներ է հետապնդում Արցախի խնդրի հանգուցալուծման գործընթացում։ Գիտակցաբար խուսափում եմ թեկնածուների համեմատական արժանիքների քննարկումից: Ընդունում եմ, որ թեկնածուների ծաղկեփնջում, Վազգեն Մանուկյանից բացի, 91-ից հետո հաստատված այս նորովի պայմաններում Դուք ունեք երկրի լավ թե վատ կառավարման ամենամեծ փորձը, միջազգային ճանաչում եւ կարեւոր կապեր: Բայց չէ՞ որ Դուք էլ էիք սկսնակ։ Ավելացնեմ նաեւ, որ ընտրավազքի լիդերներից ոչ ոք (այս անգամ բացառությամբ Արամ Զավենի Սարգսյանի, որն ասպետաբար հանեց իր թեկնածությունը հանուն համախմբման), կրկնում եմ, ոչ ոք հստակ չարտահայտեց իր դիրքորոշումն Արցախի խնդրի վերաբերյալ, իսկ թռուցիկ հնչածը ավելի լավ է չասվեր: Հանրապետությունում ստեղծված իրավիճակի առանձնահատկությունը, սակայն, ժողովրդի տրանսցենդենտ տրամադրություն է. գոյատեւման տեւական պայքարից հյուծված եւ 91-ից հետո խեղաթյուրված ընտրություններով պարբերաբար ստորացվող ժողովուրդը վերջապես պետք է հավատա, որ գործ ունի պետական այրերի եւ ոչ թե զոռբաների հետ եւ գոնե 5 տարին մեկ կարող է թելադրել իր կամքը: Եվ դա ավելի կարեւոր է, քան անգամ անհաջող ընտրությունը, մանավանդ, որ դա դեռ ենթակա է ապացուցման: Դուք հերթական անգամ խոցեցիք մեծամասնության արժանապատվությունը եւ դրանով սադրեցիք նոր վտանգներ: Իրոք, սթափ գնահատենք Ձեր ընտրազանգվածը: Ձեզ համակրող ազնիվ հատվածից բացի, Ձեզ կամովի ընտրել են պետական բուրգի ողջ աշխատակազմը, անշուշտ, օլիգարխները եւ իշխանամետ անթիվ կուսակցությունների վերնախավը՝ դարձնելով Ձեզ հավերժ պարտատու, իսկ օլիգարխների դեպքում՝ պատանդ: 2 հազար հանձնաժողովների բազմահազար անդամները, մյուս կարգի պարտադրվածները եւ իրենց կամքին հակառակ պարտադրողների զգալի մասը, թեեւ քվեարկել են Ձեր օգտին՝ Ձեր ընտրազանգվածը չէ: Կարծում եմ, նրանք ավելի են չարացած Ձեր դեմ, քան Ձեզ դեմ քվեարկողները: Իրոք, Դուք նրանց ստիպեցիք գործել խղճի դեմ, խաթարեցիք հոգեկան աշխարհը, եւ դա Ձեզ չեն ների: Այսինքն, բնակչության մեծամասնությունը բացասաբար է տրամադրված Ձեր նկատմամբ եւ դժգոհությունը ճնշելու համար ստիպված կլինեք դիմել բռնությունների: Նախանձելի վիճակ չէ: Բայց դրանք ներքին պրոբլեմներ են: Ավելի վտանգավոր է դառնում միջազգային (արեւմտյան) հանրությունում երկրի հեղինակության անխուսափելի անկումը: Արեւմուտքը չի ներում սրբության սրբոց ընտրությունների պղտորումը: Մեծ վտանգ է կախվում Արցախի գլխին: Պարադոքս. 98-ին դա Ձեր հաղթաքարտն էր, այսօր՝ ամենախոցելի տեղը: Գուցե գիտակցելով դա վեր կանգնեք անձապաշտական զգացումներից (անհամեմատելի են մի անձի եւ ամբողջ ազգի շահերը) եւ մտածեք ճգնաժամից դուրս բերող խոհեմ քայլի մասին։ Հավատացեք. շատ կուզենայի շնորհավորել ազնիվ պայքարում հաղթանակած նախագահին: Դուք ինձ զրկեցիք այդ հաճույքից: Երկու խոսք կուսակցությունների դիրքորոշման մասին: Խոսքս «Օրինաց երկիր» տեսակի մասին չէ: Նրա ղեկավարության «սկզբունքային» վերաբերմունքը նախագահների հանդեպ բացառապես հիացական է: Վշտացնողը ավանդականների պահվածքն է: Անշուշտ կարելի է հիմնավորել եւ հարգել դա իրենց եւ նախագահի գաղափարական դրույթների համընկնումով, թեեւ վերջինս չի հստակեցրել իր կուսակցության՝ ժողովրդի դրույթները: Սակայն երբ կուսական անմեղությամբ հեռուստաէկրանից զարմանում են, թե «ի՞նչ է եղել որ, երկու կողմն էլ խախտել են» (կարծես չգիտեն կողմերի կեղծելու վարչական ռեսուրսների անհամեմատելիությունը), ակամա ափսոսում եմ մեր նյարդերը ու թափված ջանքերը Լեւոնի ճնշումներից նրանց պաշտպանելիս: Վիրավորվում եմ հարյուրամյա «ծնողի» փոխարեն: Ձեր՝ Ռ. Ա. ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել