Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐՄԱՏԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՉԵՆ ԼԻՆԻ

Մարտ 21,2003 00:00

ԱՐՄԱՏԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՉԵՆ ԼԻՆԻ Բարձրագույն կրթության ռազմավարության նախագիծը, որն այժմ մշակման փուլում է եւ ապրիլին կներկայացվի կառավարություն, ենթադրում է ընդունելության քննությունների ժամանակ բոլոր արտոնությունների վերացում։ Սակայն, ըստ ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանի, նոր սկզբունքը միայն փոխելու է ֆինանսավորման ձեւը։ Պետպատվերի փոխարեն յուրաքանչյուր ուսանողի կտրվի գումար։ Սա հնարավորություն կտա ուսանողին ազատ տեղաշարժվելու Հայաստանի բուհերում։ Եվ գումարը «կհետեւի» նրան։ Նախագծով պետությունը պետք է փոխհատուցի այդ գումարները բյուջեում առանձին տողով։ Նախագծի մշակումը ենթադրում է կրեդիտային համակարգի ներմուծում բուհեր, ինչը մեր միջազգային պարտավորությունների մեջ է։ Իսկ ընդհանրապես, ԿԳ նախարարը երեկ լրագրողներին հայտնեց, որ կառավարության նիստում հաստատվել են պետական պատվերի տեղադրման մեխանիզմները՝ միջնակարգ մասնագիտական, բարձրագույն եւ մագիստրատուրա-ասպիրանտական կրթության համակարգում։ Պահպանվել են անցյալ տարվա չափաքանակները։ Անվճար եւ տարկետման իրավունքով տեղերի թիվը հաստատվել է 4039, վճարովի եւ տարկետման իրավունքով տեղերինը՝ 5746։ Այդ թվում 140-ը սահմանվել է պահուստային ֆոնդ, որից 35-ը ԼՂՀ-ի համար, 10-ը՝ միջպետական համաձայնագրերով ԱՊՀ-ի եւ 70-ը՝ Սփյուռքի։ Վճարովի եւ առանց տարկետման տեղերի թիվը կորոշվի բուհերի հետ համատեղ։ Մի քանի նոր մասնագիտություններ են ավելացել Պետհամալսարանի տնտեսագիտության ֆակուլտետում, Գյուղակադեմիայում եւ Ճարտարագիտական համալսարանում։ Լ. Մկրտչյանը տեղեկացրեց, որ այս տարվա բուհական ընդունելության ընթացակարգում արմատական փոփոխություններ չեն նախատեսվում։ «Բովանդակային փոփոխություններ աշխատում ենք չանել»։ Օրինակ, հայոց պատմություն առարկայի քննության անցյալ տարվա 3 հարց եւ 1 տեստ ձեւը փոխարինվել է 4 հարցով։ Կամ, օտար լեզվի նախկին 2 հարցը տարրալուծվել է 1՝ ավելի խոշորի մեջ՝ պարզեցնելու սկզբունքից ելնելով։ Մեղմացվել են նաեւ մաթեմատիկայի գնահատման չափանիշները, թեեւ առաջադրանքները մնացել են դպրոցական դասագրքի սահմաններում։ Մեդալակիրներն այս տարի 3 քննություն հանձնելու դեպքում 2-ը կենտրոնացված կհանձնեն, իսկ 3-րդը չպետք է կրկնի մեդալի համար արդեն հանձնվածը։ Մեդալակիրների համար հավանաբար առանձին քվոտաներ կսահմանվեն, որպեսզի վերջիններս մրցեն միայն միմյանց հետ։ Սխեման կգործի մոտավորապես այն կերպ, ինչպես զինծառայողների համար է։ Իսկ ընդունելության կանոնները կլինեն ապրիլ-մայիս ամիսներին, «Դիմորդ- 2003»-ը կհրատարակվի առաջիկա 10 օրերի ընթացքում։ Մամուլում հրապարակումները ընտրություններին դպրոցների ներգրավվածության մասին պարոն Մկրտչյանը համարեց ընդհանուր, ոչ կոնկրետ։ Իսկ պաշտոնական բողոք որեւէ դպրոցի տնօրենից կամ կոլեկտիվից նախարարությունը չի ստացել։ Հակառակ դեպքում, նախարարը հերթապահ ֆրազով պատրաստակամություն հայտնեց ստուգելու. «Միասին գնանք՝ տեսնենք»։ «ՀԺ»-ի թղթակցին հետաքրքրում էր, թե ինչպես է պարոն Մկրտչյանը վերաբերվում այն փաստին, որ Ռ. Շառոյանը Դաշնակցության ցուցակում չէ։ «Ռ. Շառոյանն ինքն է որոշում կայացրել»,- ասաց Լ. Մկրտչյանը։ Բացի այդ, Շառոյանը Դաշնակցության անդամ չէ, եւ իրենք այդ մասին չեն խոսել։ Ա. ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել