Լրահոս
Օրվա լրահոսը

Արեք՝ ինչ կարող եք

Մարտ 21,2003 00:00

Արեք՝ ինչ կարող եք Մենք ձեզ կաջակցենք «Մենք պատրաստ ենք աջակցել Հայաստանում ժողովրդավարության զարգացմանն այն ձեւերով, որ դուք հարմար կգտնեք»,- երեկ հրավիրած մամուլի ասուլիսում հայտարարեց սոցիալիզմի գաղափարակիր՝ Սոցիալիստական ինտերնացիոնալի գլխավոր քարտուղար Լուիս Այալան։ Հիշեցնենք, որ այս բարձրաստիճան պարոնը Հայաստանում է գտնվում ՀՅԴ-ի հրավերով։ Ինչպես հատուկ ընդգծեց Արմեն Ռուստամյանը՝ նախագահական ընտրություններից հետո նման հեղինակավոր անձի առաջին այցն է։ Պարոն Այալան, բնականաբար, հանդիպել է մեր երկրի իշխանավորների հետ եւ երեկ հարկ էր համարել իր նկատառումները հասարակ մահկանացուներին հասու դարձնել։ Ըստ այդմ նա հայտարարեց, որ «այս ընտրություններով ժողովրդի կամքը արտահայտվել է»։ Ուստի միջազգային դիտորդների զեկույցներում, որտեղ թերություններն ու բարդությունները խստորեն արձանագրվել էին, ըստ Լ. Այալայի՝ «ոչ մեկում ասված չէ, որ դրանք վերջնական արդյունքների վրա կարող էին ազդել»։ Ուստի նկատելով, որ դրանք անցումային երկրներին բնորոշ երեւույթներ են, պարոնը նաեւ մեծահոգի գտնվեց եւ իր ուրախությունը հայտնեց առ այն, որ «համապատասխան ինստիտուտներն արդեն աշխատում են թերացումները վերացնելու համար»։ Պատասխանատվությունը հավասարապես բաշխելով իշխանության եւ ընդդիմության մեջ, պարոն Այալան կրտսեր եղբայր սոցիալիստներին խորհուրդ տվեց «հոգատար» լինել ժողովրդավարության նկատմամբ եւ ամրապնդել պետական հիմնարկները։ «Առավոտին» հետաքրքրեց, թե պարոնը տեղյա՞կ է խաղաղ ցույցերի եւ երթերի ժամանակ ու հետեւանքով մասնակիցների ձերբակալումներին եւ ինչպիսի՞ն է նրա ժողովրդավարական կարծիքն այդ առիթով։ Ի պատասխան՝ մեկ անգամ եւս հնչեցին վերոբերյալ տեսակետները։ Իսկ առհասարակ, ըստ բանախոսի, Սոցինտերնը «հանձնառություն» ունի մեր երկրում եւ տարածաշրջանում «ամուր շուկայական տնտեսություն հիմնելու՝ ամրապնդված ընկերային հասարակության վրա»։ Ուստի նա դրական է գնահատում, որ Հայաստանում «մեր անդամ կազմակերպությունը»՝ ՀՅԴ-ն, «զարգանում ու հզորանում է եւ պատրաստվում է առաջիկա խորհրդարանական ընտրություններին»։ Ավելին, նա նաեւ ակնկալում է, որ «մայիսին իրենք (ՀՅԴ-ն- Ն. Գ.) եւ հայկական ժողովրդավարությունը հաջողություններ կարձանագրեն»։ Ենթադրաբար, պարոնը չի առարկում հաղթանակի ձեւերին՝ դրանք թողնելով ենթադրյալ հաղթանակողների հայեցողությանը։ Իսկ տարածաշրջանում ամրապնդվելու նկրտումներով՝ առաջիկա ամիսների ընթացքում Սոցինտերնի ժողովներ կգումարվեն Երեւանում։ Բանախոսն անդրադարձավ Իրաքում սկսված ռազմական գործողություններին, փաստելով, որ «հետեւողականորեն պիտի ջանանք Իրաքի զինաթափմանը, բայց միաժամանակ ՄԱԿ-ի խարտիայով նշված եւ միջազգային իրավակարգով հաստատված ընդհանուր ուղղությունների զարգացմանը»։ ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել