«ՀԱՅ ԱՐԻՆԵՐԻ ԲՌՈՒՆՑՔԸ» ԱՐԾԻՎՆԵՐՈՎ Է ՍԱՎԱՌՆԵԼՈՒ ԱԺ Ուրիշ ձեւ չունեն «Եթե մենք թքեցինք մահվան վրա, որսորդական հրացանով պահպանեցինք մեր ազգի սուրբ արժանապատվությունը եւ արյան գնով պահպանեցինք արարչի ստեղծած հողն ու ջուրը, այսօր մենք կթքնենք ցանկացած հանցագործ ու սրիկա տարրի ճակատին, որպեսզի ի վերջո հայոց աշխարհում ծածանվի ծիրանագույնը»,- հայտարարեց «Հայ արիների բռունցք» կուսակցության նախագահ Ռազմիկ Վասիլյանը: Այս «յուրօրինակ» անվանումը կրող կուսակցությունը, որը թեւավորվել է ՀԱԲ-ի անդամներից, եւս ստեղծվել է վերջերս եւ համամասնական ընտրակարգով մասնակցելու է խորհրդարանական ընտրություններին: Իսկ կուսակցության նախագահ Վասիլյանի վերոնշյալ հայտարարությունը պատասխան էր մեր այն հարցին, թե ինչպես են իրենք պայքարելու ընտրությունների ընթացքում հնարավոր ընտրախախտումների դեմ: Ռ. Վասիլյանի հավաստմամբ, իրենց կուսակցության ծրագիրը կազմվել է շատ շուտ՝ ՀԱԲ-ի գործունեության տարիներին, որտեղ առաջնային տեղ են զբաղեցրել ազգային բանակը, անկախ պետությունը եւ Գարեգին Նժդեհի գաղափարախոսությունը: «Այսինքն՝ երեխան բարուրից պետք է դաստիարակվի ազգային հոգեբանությամբ: Իսկ այդ աշխատանքները մենք միշտ էլ տարել ենք: Բայց քանի որ այսօր, փառք Աստծո, ազգային բանակ, պետականություն ունենք, որոշեցինք արդեն «Հայ արիների բռունցք» որակով հանդես գալ, որ ամբողջ հայ ազգին համախմբենք»,- ասաց Ռ. Վասիլյանը: Նրա դիտարկմամբ, Հայաստանում առկա հարյուրավոր կուսակցությունները տարբեր «որակներ» ու «եղանակներ» են ստեղծում, որոնք այս երկրին պետք չեն. «Պիտի ազգովին բռունցքվենք, ունենանք ազգային ծրագիր, գաղափարախոսություն եւ կարողանանք մեր երկիրը տանել դեպի հզոր ապագա: Ուրիշ ձեւ չունենք, պառակտվել ենք»,- վստահ է նա: Ռազմիկ Վասիլյանը համոզված է, որ եթե իրենք կարողացել են որսորդական հրացանով պահպանել հայրենիքի արժանապատվությունն ու սրբությունը, ապա միայն իրենք կարող են պահպանել ու հզորացնել այս երկրի տնտեսությունը: «Դրա համար, եթե մենք չլինենք քաղաքական դաշտում, բնական է, այդ լծակները չենք ունենա»,- ԱԺ ընտրություններին իրենց մասնակցությունն այսպես պարզաբանեց Ռ. Վասիլյանը եւ նկատեց, որ իրենք խորհրդարանում պետք է կազմեն ազգային ծրագիր, որը պետք է պարտադիր գործածվի բոլոր կուսակցությունների կողմից: «Ամեն մի կուսակցություն, պետություն մեր պետականությանն ու կառավարությանը իր որակն է թելադրում: Հազարամյակների պատմություն ունեցող ազգ լինելով, այսօր նստել, սպասում ենք, թե Ֆրանսիան, Ամերիկան կամ մյուսն ինչ է թելադրելու: Բայց, քավ լիցի, ուղեղներ ունենք, չհաշված մեր պատմության փորձը, դասը»,- հայտարարեց նա՝ շարունակելով, թե իրենք ընդգրկվելով ԱԺ կազմում, պարտադրելու են, որպեսզի ընդունվի ազգային ծրագիր, որով բոլոր կուսակցությունները պիտի պարտադրվեն սատարել գործող իշխանություններին, անկախ նրանից, թե ով է երկրի նախագահը: «Եթե մի պետության մեջ ցանկացած կուսակցություն սատար չի կանգնում իշխանությանը, այդ կուսակցությունը պետք է լուծարվի, նման կուսակցություններ մեզ պետք չեն: Կա՞ գործող իշխանություն, ուրեմն այդ իշխանության ժամանակաընթացքում կուսակցությունները պետք է սատար կանգնեն նրան: Վաղը կլինի Լեւոն Տեր-Պետրոսյանը՝ նրան սատար կկանգնենք, մյուս օրը մեկ ուրիշը կլինի՝ նրան: Ով կլինի՝ կապ չունի»,- ասաց Վասիլյանը՝ նշելով, որ այսօր միայն իրենց են տեսնում որպես այդպիսին, որը «հերիք» է: Իսկ ինչ վերաբերում է 5 տոկոս պատնեշը հաղթահարելուն, ապա այն Ռ. Վասիլյանի համար ծիծաղելի է, ու «շատ քիչ» ՀԱԲ-ի համար, քանի որ իրենք այն քաղաքական ուժն են, որը դեռ 1988թ. հանդես է եկել «որակով, անարատ ու չպղծված»: «Հայ արիների բռունցք» կուսակցության ցուցակի երկրորդ տեղում է «Հայ արիների» միության նախագահ Արմեն Ավետիսյանը: Նա գտնում է, որ մեր երկրին պետք է այնպիսի հայեցակարգ, որը համահունչ է հայ նախնյաց կացութաձեւին: «Մեր նախնյաց հավատամքի վրա ենք համակարգային փոփոխություններ կատարելու, իսկ դա մեզ համար հայերի ծագման, հարատեւման, առաքելության եւ հայրենիք բնօրրանի հասկացություններն են»,- իրենց ծրագիրն այսպես ներկայացրեց Ա. Ավետիսյանը՝ նշելով, թե դա նախնյաց լեզվով նշանակում է «տիեզերակարգ», որը ներառում է ինչպես մարդու, ազգի, հայրենիքի իրավունքներ, այնպես էլ համահունչ է տիեզերական օրինաչափություններին, բնությանը: «Մենք հնարավորինս այդպես ապրում ենք. եւ որոշել ենք վերականգնել մեր հայրենի լեռնաշխարհին, բնությանը համահունչ ապրելու օրենքները»,- ասաց Ա. Ավետիսյանը: Ռ. Վասիլյանի կարծիքով, այսօր Հայաստանում այլեւս ԵԿՄ կառույցի անհրաժեշտությունը չկա, քանի որ երկիրն ունի հզոր բանակ. «Հիմա Երկրապահը կարելի է պետական լծակների հսկողության տակ վերցնել, որպես վետերանների: Իսկ այսօր ԵԿՄ-ն կամ վետերաններն ի՞նչ իրավունք ունեն կուսակցություն ստեղծել: Օրինակ, ԱՎՄ-ն. վետերանները որպես ի՞նչ են կուսակցություն: Իսկ մերը «Հայ արիների բռունցք» է, մենք այսօր մեր ազատամարտը վերջացրել ենք եւ զգալով մեր պետության ծանր վիճակը, մտնում ենք քաղաքական դաշտ, որպեսզի աջակցենք այս երկրի հզորացմանն ու բարձրացմանը»,- բացատրեց Ռ. Վասիլյանը: ԼԻԼԻԹ ՍԵՅՐԱՆՅԱՆ Հ. Գ. Ի դեպ, «Հայ արիների բռունցք» կուսակցության հիմնը «Ադանայի ողբ» երգի «խմբագրված» տարբերակն է, որը կոչվում է «Թուրքերի լացը»: «Էն հայերի լացն է, էս՝ թուրքերի»,- հպարտորեն նշեց Վասիլյանը: Ահա այն. /Կոտորածն անգութ/ Թուրքերը թող լան:/ Անապատ դարձավ,/ Այլանդակ Անկարան:/ Կրակն ու սուրը/ եւ անխիղճ թալանը/ Մահամեդի տունը լրիվ արին վերան:/ Րոպե մը չանցած/ Զինյալ ասկյարներ/ Ընկան սրի տակ ռամիկների ահեղ:/ Մեջիթներ ու մեհյաններ բոցի մեջ կորան/ Վիրավոր ասկյարներն էլ անխնա սատկան:/ Անապատ դարձավ դաժան Անկարան:/ Մոխիր էր հագել ամբողջ թուրքին,/ Կանգուն էր միայն Կոստանդնապոլիսը/ Սիրուն Պոլիսը:/Ինչո՞ւ չի շարժվի/ Թուրանը փխրուն/: