ԵՐԲ ԼՐԱԳՐՈՂԸ ԹՇՆԱՄԻ Է Մարտի 18-ին նախագահի նստավայրի առջեւ նստացույց անող կանայք հարձակվեցին ինձ վրա: Ես լուսանկարում էի, թե ինչպես են նրանք՝ հովանոցները պարզած, շարքով շարժվում դեպի ներքին զորքերը, որոնք, իրենց հերթին՝ սկսել էին վահաններով առաջանալ: Տեսնելով լուսանկարչական սարքը՝ կանայք խմբվեցին շուրջս ու մի քանի րոպե գոռգոռում էին, մինչեւ նրանցից ոմանք, որ ճանաչում էին ինձ «Ա1+մամուլ» հաղորդաշարից՝ կարողացան զսպել իրենց ընկերուհիներին: Պատահածի մասին չէի գրելու երբեք: Սակայն այդ կանայք հարձակվել էին նաեւ այլ լրագրողների վրա, որից հետո իշխանական մամուլը սկսեց նրանց արժանացնել «ԲՏՌ»-ներ եւ նման որակումների: Ուստի ցանկանում եմ հրապարակավ ասել, թե արդարացի եմ համարում նրանց կշտամբանքները: Կանայք գոռում էին. «Մեզ նկարում եք, հետո տանում-տալիս են ոստիկաններին, ու նրանք մեզ ձերբակալում են»: Իրոք, կան փաստեր, որ տեսաժապավենների հիման վրա են կալանավորել մարդկանց: Ո՞վ է պատժիչ մարմիններին տրամադրում դրանք, եթե ցույցերի վայրերում բացառապես տարբեր հեռուստաընկերությունների տարբերանշաններով օպերատորներ են: Հիշեցնենք մամուլի վարքականոնների մի ընդունված նորմ, թե լրագրողի կոչումն ու գաղտնի ծառայությունների սպասարկուի կոչումն անհամատեղելի են: Ցավոք՝ ինչպես եւ լրագրական էթիկայի շատ այլ դրույթներ, այս մեկն էլ է կարծես ոտնահարվում եւ առանձին լրատվամիջոցներ ուղղակի դարձել են ազգային անվտանգության եւ նման մարմինների խոսափողը: Այդ կանայք նաեւ գոռում էին. «Գալիս եք՝ մեզ այստեղ նկարում, հետո ցուցադրում ու ասում եք, թե հարբած կանայք էին կամ ֆայլաբազարից մարդիկ»: Եվ էլի իրավացի էին: Գրեթե բոլոր հեռուստաընկերություններն իրենց պարտքն են համարում պիտակավորել ու նսեմացնել ցույցերի մասնակիցներին: Եվ երբ այս ամենից հետո այդ մարդիկ տեսնում են իրենց ուղղված ձայնագրող, լուսանկարող կամ տեսագրող սարք ու փորձում խոչընդոտել իրենց հերթական անգամ հարձակումների թիրախ դարձնելը՝ իհարկե, կարելի է եւ նրանց մեղադրել հանդուրժողականության պակասի մեջ: Բայց ավելի ճիշտ է հայացքը դարձնել մեր այն գործընկերներին, որոնց պատճառով այդ մարդկանց աչքերում բոլոր լրագրողներն են դարձել թշնամիներ: Ա. Ի.