Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐԸ ԽՈՐՀՈՒՐԴ Է ՏԱԼԻՍ

Մարտ 21,2003 00:00

ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐԸ ԽՈՐՀՈՒՐԴ Է ՏԱԼԻՍ Երեկ լրագրողներին ԱԳՆ հրավիրելու առիթը ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանի եւ Թաիլանդի Թագավորության վարչապետի հատուկ բանագնաց Սուֆամոնդոն Կանտանտինի միջեւ ստորագրվելիք ընդհանուր հայտարարությունն էր։ Չնայած սրան, հայտարարության մասին հարցեր չտրվեցին։ Հարցերը հիմնականում Իրաքյան պատերազմի շուրջ էին։ Անդրադառնալով Իրաքի հայ համայնքին, Վ. Օսկանյանը նշեց, որ իրենք մտահոգություն են հայտնել համայնքի ապահովության առնչությամբ եւ պատրաստակամություն՝ հնարավորության սահմաններում աջակցություն ցուցաբերել, սակայն «մեր օգնության հնարավորությունները զուտ քաղաքական եւ գործնական առումով սահմանափակ են։ Քանի որ այնտեղ այս պահին պատերազմական իրավիճակ է, իսկ մենք՝ որպես պետություն, այս պահին այնտեղ որեւէ ներկայացուցչություն չունենք, ուստի մեր աջակցությունն ինչքան էլ ցանկալի լինի, իր սահմանափակումներն ունի։ Մենք հնարավորություն ունենք օգնել այն դեպքում, երբ արդեն մեր հայրենակիցները լքել են երկիրը եւ գտնվում են այլ երկրներում։ Օրերս ԱՄՆ նախագահ Բուշը հրապարակել է այն երկրների ցուցակը, որոնք սատարում են ԱՄՆ գործողություններին։ Դրանց մեջ կային Վրաստանն ու Ադրբեջանը, բայց չկար Հայաստանը»։ «Առավոտի» այն հարցին, թե արդյոք դա նոր բաժանարար գծեր չի՞ ստեղծի տարածաշրջանի պետությունների միջեւ, արտգործնախարարը պատասխանեց. «Այս պահին ես չեմ ուզում նման եզրակացությունների հանգել։ Ցանկացած ինքնավար երկիր իրավունք ունի իր դիրքորոշումն ունենալ։ Նրանք բացահայտ աջակցություն են ցուցաբերել պատերազմին, մեր դիրքորոշումն այլ է, պետք է սպասել, տեսնել, թե այս բոլորն ուր կտանի, ինչպիսի զարգացումներ կլինեն։ Այս պահին պատերազմին դեմ կամ կողմ լինելու մեջ իմաստ չենք տեսնում եւ ուզում ենք հուսալ, որ այս պատերազմի հետեւանքները չեն լինի ծայրահեղ բացասական ե՛ւ Իրաքի ժողովրդի, ե՛ւ տարածաշրջանի երկրների համար»։ Պրն Օսկանյանը նաեւ խորհուրդ տվեց, որ հայաստանցիները զերծ մնան նման եզրակացություններից։ Լ. ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել