Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Որեւէ ազդեցություն չունենք

Մարտ 21,2003 00:00

Որեւէ ազդեցություն չունենք Իրաքյան պատերազմը՝ ԱԺ պատգամավորների աչքերով Խորհրդարանական ճեպազրույցները երեկ ընթացան երեք հիմնական թեմաների շուրջ՝ Իրաքյան պատերազմ, Գրետա Սարգսյանի նստացույց եւ նախագահի ընտրություններ։ Իրաքի պատերազմի թեման առաջինը, ինչպես եւ նախորդ օրերին, հայտարարությունների եւ կառավարությանն ուղղված հարցերի ժամանակ, բարձրացրեց «ՕԵ» խմբակցության անդամ Մհեր Շահգելդյանը։ Նա հատուկ շեշտեց, թե հնարավոր է, որ պատերազմը փուլային նշանակություն ունենա, եւ ցանկացած զարգացման դեպքում մեզ համար պետք է կարեւորվի Սփյուռքի խնդիրը, որովհետեւ դեռեւս պարզ չէ, թե պատերազմի հետեւանքով հնարավոր արտագաղթի դեպքում Իրաքի եւ տարածաշրջանի հայ համայնքը դեպի ուր կմղվի։ Եթե Հայաստան, ուրեմն մենք լուրջ հարցեր պետք է լուծենք։ ՀՅԴ խմբակցության ղեկավար Աղվան Վարդանյանի ներկայացմամբ, Իրաքի պատերազմը ԱՄՆ-ը սկսեց՝ չունենալով միջազգային հանրության հավանությունը, ՄԱԿ Անվտանգության խորհրդի համաձայնությունը, եւ այս պատերազմում Հայաստանն իր կարողություններով եւ իր տեղով՝ առաջին բանը, որ կարող է անել «իր համեստ հնարավորությունների սահմաններում, մարդասիրական օգնության ցուցաբերումն է պատերազմից տուժածներին։ Եվ երկրորդ՝ կարծում եմ, Հայաստանը պարտավոր է հնարավորն անել Իրաքի հայ համայնքի անվտանգության կամ օգնության համար»։ ՀԿԿ խմբակցության ղեկավար Ֆրունզե Խառատյանը ճեպազրույցի էր եկել Գագիկ Մանուկյանի հետ, որի ձայնը խորհրդարանում գրեթե չի լսվել։ Ընթացքում պարզ եղավ, թե ինչու էր այդպես։ Կոմկուսում տեղի ունեցած խմորումների, համամասնական ընտրացուցակի կազմման վերաբերյալ հարցերի ժամանակ ընկեր Մանուկյան Գագիկը կոմունիստաբար պաշտպանեց Ֆր. Խառատյանին։ Ֆրունզե Խառատյանն ասաց, թե Իրաքի պատերազմը մեզ համար կարող է որոշակի էկոլոգիական հետեւանքներ ունենալ (խոսքը վերաբերում է նավթի հանքերի հնարավոր պայթեցմանը, որը վտանգավոր է ամբողջ Կովկասի համար)։ Ո՞ր դիրքն է ճիշտ Հայաստանի համար, արդյո՞ք կոմպլեմենտարությունն այս պարագայում արդարացված է։ Ըստ Ֆրունզե Խառատյանի, «կոմպլեմենտար սկզբունքը ընդհանրապես լավ բան չի, մանավանդ՝ պատերազմի հետեւանքներն անմիջականորեն կարող են անդրադառնալ նաեւ մեր ժողովրդի, մեր հանրապետության վրա, եւ այս առումով իհարկե գերադասելի էր, որ մեր պետությունն ավելի որոշակի դիրք եւ վերաբերմունք ցուցաբերեր ԱՄՆ-ի այդ քայլի դեմ»։ Գրիգոր Հարությունյանն Իրաքյան պատերազմի մասին հարցին պատասխանելով ասաց. «Իհարկե, պատերազմը ցավալի բան է, անընդունելի է, բայց նաեւ ես ուզում եմ հասկանալ՝ Իրաքի ժողովուրդն ի՞նքն է ձեւավորել իր իշխանությունը։ Այդ հարցն իհարկե աշխարհաքաղաքական լուրջ խնդիրների հետ է կապված, միանշանակ ազդեցություն ունենալու է նաեւ մեզ վրա, որովհետեւ Իրաքից այստեղ մեկ ժամվա թռիչքի ճանապարհ է։ Եվ այս պայմաններում չունենալ լեգիտիմ իշխանություն, ես չեմ կարծում, որեւէ նախագահ, որեւէ թիմ կարող է դիմակայել այն ամենին, ինչ որ սպասվում է։ Ինչքան շուտ մենք կարողանանք ձեւավորել մեր լեգիտիմ իշխանությունը, այնքան հեշտությամբ կարող ենք դիմակայել դրսի վտանգներին»։ Խորհրդարանական մեծամասնության ղեկավար Գալուստ Սահակյանը, պատասխանելով Իրաքյան պատերազմում հայաստանյան դիրքորոշմանը վերաբերող հարցին, մտքերով հարուստ ելույթ ունեցավ. «Հայաստանը որեւէ ազդեցություն չի կարող ունենալ Իրաքյան պատերազմում, արդեն պաշտոնական պետական դիրքորոշումն ասվել է։ Մենք չենք կարող որեւէ ազդեցություն ունենալ այդ պատերազմում։ Իհարկե, մենք գտնում ենք, որ հարցը պետք է լուծվի համաշխարհային հանրության հավանության դեպքում եւ, կարծում եմ, որ մենք որեւէ ազդեցություն չունենք։ Իսկ հետեւանքները պատերազմի տեւողությունից կախված կլինեն։ Եվ աշխարհում որեւէ լարվածություն անպայման ազդում է նաեւ Հայաստանի վրա»։ Մ. ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել