ԿԱԼԱՆՈՒՄ ԵՆ, ԱԶԱՏՈՒՄ ԱՇԽԱՏԱՆՔԻՑ Երեկ ձերբակալվեցին եւս 10 հոգի: Այսպիսով, ըստ «Արդարություն» դաշինքի անդամ Դուստրիկ Մխիթարյանի՝ մարտի 17-ից հետո վարչական պատասխանատվության ենթարկվածների թիվը հասավ 32-ի: Դուստրիկ Մխիթարյանի հետ զրույցի ընթացքում բերման ենթարկվածները 9-ն էին: Ընթացքում հայտնեցին եւս մեկի՝ Էրեբունու բնակիչ, ՀԺԿ անդամ Սամվել Կարապետյանի մասին, որին հենց ոստիկանությունում են արժանացրել 10-օրյա կալանքի: Իսկ երբ պատրաստվում էի հեռանալ՝ ՀԺԿ գրասենյակում հայտնվեց արցունքն աչքերին մի կին՝ Շենգավիթի բնակիչ Սուսաննա Սահակյանը: Նրա որդին՝ Արթուր Անանյանը, եղել է Դեմիրճյանի վստահված անձը, եւ մայրը հայտնեց, թե դեռ մարտի 19-ի առավոտյան էին փնտրում որդուն, երեկոյան նա եկել էր ՀԺԿ, եւ դրանից հետո այլեւս լուր չունեն Արթուրի մասին: Այնպես որ՝ բռնաճնշումների վերաբերյալ վիճակագրությունը րոպեների ընթացքում փոխվում է: Մեջբերենք որոշ թարմ տվյալներ, որ մեզ փոխանցեց Դուստրիկ Մխիթարյանը: Մարտի 19-ի գիշերը ձերբակալել եւ հետո ազատ են արձակել Նոր Նորքի բնակիչ 70-ամյա Քնարիկ Արամյանին: Այդ կինը Գրետա Սարգսյանի նստացույցի ընթացքում նրա կողքին է գտնվել. «Նստացույցի ավարտից հետո հետեւել են նրան, եւ երբ տան մոտ իջել է երթուղայինից, մոտեցել են ոստիկանները, նստեցրել մեքենա եւ տարել Արաբկիրի ՆԳ բաժին,- պատմեց տիկին Մխիթարյանը:- Այնտեղ պահել են մինչեւ կեսգիշեր, կոպտել ու համոզել, թե՝ ի՞նչ գործ ունես տիկին Գրետայի հետ, նա փողեր ունի, կարող է դրանք ծախսել ու ապրել: Զգուշացրել են՝ այլեւս չմասնակցել հանրահավաքներին: Հետո իրենց մեքենայով փոխադրել են Նոր Նորքի ոստիկանություն, ակտ գրել, նույնիսկ դատարան չեն տարել, տուգանել ու հետո նոր տարել են տուն»: Նստացույցի մեկ այլ մասնակից՝ 45-ամյա Մարգարիտ Բաղդասարյանը, որին մարտի 18-ին տարել են Շենգավիթի ոստիկանություն, գրավոր վկայել է, թե Սարգսյան ազգանունով ոստիկանը, որին ընկերները «Շտիռլից» էին ասում՝ փորձել է ձեռքերին ազատություն տալ՝ վիրավորելով իր արժանապատվությունը: Երբ տիկին Մարգարիտը դիմադրել է՝ տեղափոխել են ոստիկանության 1-ին հարկում գտնվող խցիկ. «Այնտեղ մնացի մոտ 18 ժամ, որից հետո ինձ բերեցին Կենտրոնի դատարան, դատավոր Մարտիրոսյանի մոտ, որն անմիջապես կարդաց վճիռս՝ 1500 դրամ տուգանվելու վերաբերյալ»: Ըստ Դուստրիկ Մխիթարյանի՝ երեկ շատ էին ահազանգերը «Տիգրան Մեծ» ջոկատի անդամների ձերբակալությունների վերաբերյալ: Ասենք. 408 ՏՏ 01 համարանիշի մեքենայով տարել էին Էրեբունի համայնքից Էդիկ Մկրտչյանին: Նաեւ փնտրել էին Գեւորգ Մելիքբեկյանին եւ Սասուն Ղազարյանին: Մալաթիա-Սեբաստիա համայնքի Ա-2 թաղամասի բնակիչ Իշխան Գեւորգյանին, որ եղել է ընտրական հանձնաժողովի անդամ եւ Դեմիրճյանի կողմնակիցն է՝ երեկ առավոտյան ոստիկանություն են տարել աշխատանքի վայրից: Շենգավիթի համայնքից ԱԺԴ անդամ Աշոտ Մաթեւոսյանին, որը հանրահավաքների բարձրախոսների սպասարկման պատասխանատուն է, երեկ առավոտյան հրավիրել էին ՆԳ բաժանմունք: Նախորդ օրը բերման են ենթարկել Աբովյանի ՀԺԿ կառույցից մոտ 10 հոգու, բայց գիշերն ազատ էին արձակել: Հրազդանցի Հենրիկ Ալեքսանյանին ձերբակալել էին մարտի 18-ին եւ հաջորդ օրը տեղափոխել Երեւան: Մալաթիա- Սեբաստիա համայնքի բնակիչ Արմեն Խուրշուդյանը ձերբակալվելուց հետո միայն հաջորդ օրը՝ 19-ին էր կարողացել լուր հասցնել, որ դատապարտվել է 5-օրյա կալանքի: Մարտի 18-ի հանրահավաքի ընթացքում ձերբակալվել էին Մալաթիա-Սեբաստիա համայնքի բնակիչներ Արմենն ու Խաչիկը: Մեկ օր անց զանգահարել էին հարազատներին ու պահանջել, որ բերեն նրանց անձնագրերը եւ 1500 դրամ, որ տուգանեն ու ազատ արձակեն: «Ցուցակն ամբողջական չէ, քանի որ կան մարդիկ, որոնք միայն ազատ արձակվելուց հետո են տեղեկացնում կատարվածի մասին»,- ասաց մեր զրուցակիցը: Ի դեպ, էլի շարունակում են դատարանի որոշումներ չտրամադրել վարչական պատասխանատվության ենթարկվածներին՝ զրկելով բողոքարկման հնարավորությունից: Ու նաեւ կրկին չի պահպանվում կալանվածների հարազատներին պարտադիր տեղեկացման մասին պարտավորությունը: «Դրա վառ օրինակն է Արթուր Մարտիրոսյանի օրինակը, որին տարել էին մարտի 17-ից եւ ծնողների, իրավապաշտպանների ու պատգամավորների փնտրտուքից հետո՝ 3 օր շարունակ նույնիսկ նրա տեղը չկարողացանք իմանալ: Մարտի 19-ին վերջապես Արթուր Մարտիրոսյանն էր զանգահարել ու հայտնել, թե իրեն դատում են Էջմիածնում,- պատմեց տիկին Դուստրիկը:- Մինչեւ Փաստաբանների միջազգային միության նախագահ Տիգրան Տեր-Եսայանը հասավ Էջմիածին՝ արդեն 5 օրվա կալանքի վճիռը կայացրել էին»: Սակայն արդարադատության նախարարն ԱԺ ամբիոնից հայտարարեց, թե չի սահմանափակվել փաստաբանների ծառայությունից օգտվելու իրավունքը: Մեր հարցին, թե գուցե բռնաճնշումների առաջին ալիքից հետո այժմ իշխանավորներն ավելի շրջահայա՞ց են գործում եւ փորձում պահպանել օրենքների դրույթները՝ «Արդարություն» դաշինքի անդամն արձագանքեց այսպես. «Ընդհակառա՛կն: Ես կասեի, որ այժմ գործում են շատ ավելի կոպիտ: Առաջ փաստաբաններին գոնե որոշ դեպքերում հաջողվում էր մի կերպ մասնակցել դատերին: Արդարադատության նախարարը պարզապես ստում է՝ այժմ, մեծ մասամբ դատվողներին անգամ իրենց իրավունքներին չեն ծանոթացնում, չեն հարցնում՝ ցանկանո՞ւմ է փաստաբան ունենալ: Տիգրան Տեր-Եսայանն այժմ էլ է փաստաբանների հերթապահություն սահմանել Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների դատարանում, բայց տեղեկանալով այդ մասին՝ սկսել են ձերբակալվածներին տանել, դատել այլ համայնքներում: Ավելի՛ն: Երբ տեսնում են, որ փնտրում են, աղմուկ է բարձրանում՝ հետ են տանում մարզեր. նույն Արթուր Մարտիրոսյանի դեպքը՝ ձեզ օրինակ: Իսկ էջմիածինցի Արթուր Հակոբյանին, որին 2 օրվա կալանքի էին դատապարտել՝ տեղափոխել էին Արմավիրի դատարան՝ պատճառաբանելով, թե տեղ չկա»: Բազմաթիվ դեպքեր կան, երբ ցույցերի մասնակիցներին ու նրանց հարազատներին միայն փորձել են «մշակել»: Դուստրիկ Մխիթարյանը նման շուրջ 20 դեպքերից առանձնացրեց մեկը՝ ոստիկանները եկել են Մալաթիա-Սեբաստիա համայնքի բնակիչ, նախկին վստահված անձ Վարդան Սամսոնյանի բնակարան, ահաբեկել տնեցիներին. «Ասեք՝ թող իրեն խելոք պահի, այլապես ե՛ւ ձեր, ե՛ւ նրա համար վատ կլինի: Էլ մի գնացեք հանրահավաքների, հատկապես՝ Վազգենի մոր նստացույցին»: Վարդան Սամսոնյանը մեկ անգամ արդեն ենթարկվել է 10-օրյա վարչական կալանքի: Եվ ընդհանրապես՝ հատկապես «ուշադիր են» նման ակտիվիստների հանդեպ, որոնք արդեն կալանվել են հանրահավաքներին մասնակցելու համար: Այս ամենով չեն սահմանափակվում բռնաճնշումները՝ փաստեր կան Դեմիրճյանի կողմնակիցներին աշխատանքից ազատելու վերաբերյալ: Դուստրիկ Մխիթարյանի ձեռքի տակ կար նոր ցուցակ՝ շուրջ 10 անուններով: Տեղեկությունները ճշտվում են. «Խնդրում եմ, որ ներկայացնեն ազատման հրամանների պատճենները»: Մեջբերենք ճշտված փաստերից մի քանիսը: ԱԺԴ փոխնախագահ Վարդան Գրիգորյանը նաեւ Քանաքեռի Սուրբ Հակոբ եկեղեցու ծխական խորհրդի ատենապետն էր, եւ նրան առաջարկել են՝ «Ընտրիր՝ կա՛մ եկեղեցին, կա՛մ քաղաքականությունը»: Աշխատանքից ազատվել է նաեւ Մերուժան Համբարձումի Պետրոսյանը, որ Հրազդանի Հիդրոէլեկտրակայանի աշխատակից է: Հետին թվով ազատել են Մեղրիում մանկապարտեզի վարորդ Սեյրան Առաքելյանին, բազմաթիվ են աշխատանքից ազատված արտաշատցիները, եւ այլն: Դուստրիկ Մխիթարյանը տեղեկացրեց, որ «Արդարություն» դաշինքի միացյալ շտաբը ստեղծել է այս խնդիրներով զբաղվող հատուկ հանձնախումբ, որում ընդգրկված են կուսակցությունների ներկայացուցիչներ, փաստաբաններ, իրավապաշտպաններ: Այս բոլոր փաստերը հաղորդվում են ԵԱՀԿ Հայաստանի մշտական գրասենյակին եւ փոխանցվելու են նաեւ Հայաստանում հավատարմագրված դեսպանատներին: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ