ՄԱՍՆԱՎՈՐ ԴԻՏԱՐԿՈՒՄ Ներկայացնում ենք ՀՀ նախագահական ընտրությունների արդյունքում ստեղծված իրավիճակի շուրջ «Արմատ» կազմակերպության անդամ, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի դիտարկումները: «Փետրվարի 19-ին եւ մարտի 5-ին տեղի ունեցած ընտրությունների ժամանակ օրինախախտումների մասշտաբն այնքան մեծ էր, որ դրանք ընդհանրապես չեն կարող ընտրություն կոչվել: Հասկանալի է նաեւ, որ այդպիսի խայտառակ ընտրությունները հարվածելու են Հայաստանի վարկին, որն ի հայտ կգա դեռ առաջիկայում, թեեւ այսօր էլ բավական է ընտրությունների վերաբերյալ այն սպառիչ պատասխանը, որ տվեցին ԵԱՀԿ եւ ԵԽ դիտորդական առաքելությունները, ԵԽ քարտուղարն ու ԵԽ ԽՎ նախագահը, ԱՄՆ Պետդեպարտամենտը»,- ասաց Ստ.Գրիգորյանը՝ արձանագրելով, որ ընտրությունների ընթացքում մասշտաբային կեղծիքները ղեկավարած մարդիկ, առաջին հերթին՝ Սերժ Սարգսյանը, դասական հեղաշրջում կատարեցին: «Այդ մարդկանց ուզում եմ զգուշացնել, որ իրենց կատարած հանցագործությունների համար նրանք ավելի վաղ են պատասխանատվության ենթարկվելու, քան կարծում են»,- վստահեցրեց նա: Անդրադառնալով ընտրությունների ընթացքում տեղ գտած օրինախախտումներին՝ վերջինս ասաց, թե դրանք Հայաստանի համար լրջագույն հետեւանքներ կունենան, ինչն, ի դեպ, խոստովանել է նաեւ ՀՀ ԱԳ նախարար Վ.Օսկանյանը: «Հայաստանում ոչ լեգիտիմ իշխանություն ձեւավորվեց, ինչը կթուլացնի Հայաստանի դիրքերը միջազգային ասպարեզում, տարբեր մակարդակների կառույցներում, այդ թվում՝ ԼՂ հիմնախնդրի կարգավորման համատեքստում: Ոչ լեգիտիմ իշխանությունը պահելու համար Քոչարյանը գնացել եւ գնում է պետական շահերի զիջումների»,- հայտարարեց քաղաքագետը՝ հիշեցնելով ինչպես ընտրություններից առաջ ՀԱԷԿ ֆինանսական հոսքերի կառավարումը Ռուսաստանին փոխանցելու մասին ՀՀ կառավարության որոշումը, այնպես էլ ընտրությունների 1-ին փուլից հետո նույն կառավարության որոշմամբ ՌԴ կառավարության հետ կնքված «Գույք՝ պարտքի դիմաց» պայմանագրի շրջանակներում ՌԴ-ին հանձնված ձեռնարկությունների զբաղեցրած հողատարածքներն այդ երկրին հանձնելու փաստը: «Ես լուրջ կասկածներ ունեմ, որ ՌԴ նախագահ Վլ.Պուտինը հատկապես այդ ծառայությունների համար էր, որ ընտրությունների դեռ վերջնական արդյունքը չամփոփված՝ շտապեց շնորհավորել Քոչարյանին»,- նկատեց Ստ.Գրիգորյանը: Նա չբացառեց նաեւ, որ ե՛ւ ՌԴ, ե՛ւ Ֆրանսիայի նախագահների կողմից Քոչարյանին ուղղված շնորհավորանքների շտապողականությունը կարող է բացատրվել նաեւ ՀՀ-ում ոչ լեգիտիմ իշխանությունների ձեւավորման վրա աչք փակելու դիմաց համապատասխան փոխհատուցում ստանալու նրանց ակնկալիքով: Դա կարող է վերաբերել ինչպես ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցում ՀՀ իշխանություններից զիջումներ կորզելու, այնպես էլ Իրաքի դեմ պատերազմ սկսելու հարցին: Այն, որ Իրաքի դեմ ռազմական գործողությունների գնահատման տեսանկյունից այսօր պաշտոնական Երեւանի դիրքորոշումը համահունչ է ձեւավորված «նոր եվրոպական առանցքի» պետությունների՝ ՌԴ-ի, Ֆրանսիայի, Գերմանիայի պաշտոնական տեսակետներին, թերեւս, այդ կարծիքի ապացույցն է: Միաժամանակ, քաղաքագետի կարծիքով, ոչ ԵԽ-ն, ոչ ԱՄՆ-ը չեն փոխի կամ չեն մեղմացնի ՀՀ-ի նկատմամբ իրենց դիրքորոշումը: Խոսելով ընդդիմության առաջիկա քայլերի մասին, քաղաքագետը կարծիք հայտնեց, թե Ստ.Դեմիրճյանն ու նրան սատարող ուժերը կարող են մի քանի քայլեր նախաձեռնել, որոնք, նրա կարծիքով, անպայմանորեն դրական արդյունք կունենան: Ըստ այդմ, նա Ստ.Դեմիրճյանին ու նրա շուրջ համախմբված քաղաքական ուժերին առաջարկում է՝ նկատի ունենալով, որ ԵԽ ԽՎ-ում հայաստանյան պատվիրակությունը ներկայացնում են միայն իշխանամետ օրենսդիրները, դիմել ԵԽ-ին՝ ԵԽ ԽՎ-ում, մասնավորապես՝ Մարդու իրավունքների հանձնաժողովում, լսելու նաեւ իրենց ներկայացուցչի՝ իբրեւ ՀՀ պաշտոնական տեսակետին հակակշռող կարծիքը: Նա կարծիք հայտնեց, թե արժե, որ ընդդիմությունը նաեւ դիմի առաջադեմ պետությունների կառավարությանը՝ կոչ անելով Քոչարյանի եւ նրա կառավարության հետ չստորագրել որեւէ փաստաթուղթ, որովհետեւ ոչ օրինական իշխանության հետ ստորագրված փաստաթղթերը, ի վերջո, օրինական իշխանությունների ձեւավորումից հետո վերանայվելու կամ չեղյալ են համարվելու: Ստ.Դեմիրճյանին ու նրա շուրջ համախմբված ուժերին նա առաջարկեց նաեւ դիմել միջազգային հանրությանը՝ խնդրելով օգնել Հայաստանի ընդդիմությանը՝ ԱԺ ընտրություններում օրինախախտումները կանխելու եւ ընդդիմության վստահված անձանց իրավունքներն ու անվտանգությունն ապահովելու համար՝ առավել եւս, նկատի ունենալով նախորդ ընտրությունների դառը փորձը: Բանն այն է, որ մարդու իրավունքների հետընտրական ոլորտը, նաեւ ընտրական իրավունքները, Ստամբուլյան խարտիայի 7-րդ կետով, որն, ի դեպ, ստորագրել է Ռ.Քոչարյանը, միջազգայնորեն սահմաններ չճանաչող ոլորտ են: Ըստ այդմ՝ խարտիան ստորագրած պետությունները համաձայնել են օգնել միմյանց օրինական ընտրություններ անցկացնելու հարցում: Որ ԵԽ ԽՎ-ի, նաեւ ԱՄՆ Պետդեպարտամենտի վերջնական գնահատականները ՀՀ-ում տեղի ունեցած ընտրությունների վերաբերյալ շատ խիստ են լինելու, Ստ.Գրիգորյանը վստահ է: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ