Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Աշխարհի բոլոր երեխաները մեր երեխաներն են»

Մարտ 20,2003 00:00

«Աշխարհի բոլոր երեխաները մեր երեխաներն են» Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Ավստրիայի Ինսբրուկի համալսարանում բժշկություն ուսումնասիրելիս Հերման Գմայները գիտակցեց բազմաթիվ ծնողազուրկ եւ անօթեւան երեխաների աղետալի դրությունը։ Եվ համոզված լինելով, որ այդ երեխաներին լիարժեք օգնելու համար անհրաժեշտ է նրանց ընտանեկան ջերմություն տալ, Գմայները հանգեց SOS-մանկական գյուղի գաղափարին։ Որն էլ մարմնավորեց 1949-ին Հմարում կառուցված առաջին SOS- մանկական գյուղում։ Հետագայում այս մարդասիրական գաղափարը դուրս եկավ Ավստրիայի սահմաններից եւ այսօր աշխարհի 129 երկրներում գործում են 350 SOS- մանկական գյուղեր։ Արդեն մի քանի տարի է՝ Կոտայքի մարզի Կոտայք գյուղում եւս գտնվում է մեր հանրապետության միակ SOS- մանկական գյուղը։ Այնտեղ 13 ընտանիքներում ապաստան են գտել 2-18 տարեկան ծնողազուրկ եւ անօթեւան 61 երեխաներ։ Եվ ոչ միայն ապաստան, այլեւ՝ մայր, մորաքույր, քեռի։ Նրանք երեխաներին տալիս են սեր եւ պաշտպանվածության զգացում, թույլ տալով նրանց աստիճանաբար ձեռք բերել վստահություն սեփական անձի եւ կյանքի նկատմամբ։ SOS ընտանիքներում ապրում են 6-8 երեխա՝ տարբեր տարիքի եւ սեռի։ Նրանք մեծանում են միասին՝ հարազատի պես՝ պահպանելով ընտանիքի սովորույթները։ Հարազատ քույրերը եւ եղբայրները չեն բաժանվում։ Յուրաքանչյուր ընտանիք ունի իր հարմարավետ տունը՝ ուրախություններով եւ ամենօրյա հոգսերով։ Երեխաները հաճախում են Կոտայք գյուղի դպրոց, բացի այդ, SOS- գյուղում գործում են նաեւ մշակութային եւ սպորտային խմբակներ։ 18 տարին լրանալուց հետո, երեխաները բնակվում են երիտասարդական տներում, որոնք առայժմ երկուսն են եւ գտնվում են մայրաքաղաքի «Բարեկամություն» մետրոյի շրջակայքում։ Ի դեպ, չափահաս դառնալուց հետո եւս երեխաները ինքնահոսի չեն ապրում։ Նախ, ըստ իրենց նախասիրությունների, ուսումը շարունակում են համապատասխան հաստատություններում եւ ամսական որոշակի գումար են ստանում իրենց ապրուստը հոգալու համար։ Աշխատանքի անցնելուց հետո միայն, այսպես ասած, ինքնուրույն են շարունակում կյանքի ուղին։ Ի դեպ, նրանք բնակարաններով եւս ապահովվում են։ «Մենք ուրախ ենք, որ հենց այդ երեխաներն են այդքան լավ ապրում»,- կարծիք հայտնեցին «Մոնթե Մելքոնյան» համալսարանի ուսանողները, որոնք օրերս այցելել էին SOS- գյուղ։ Նրանք նաեւ մարդասիրական այդ ծրագրում իրենց լուման էին ներդրել՝ երեխաներին հագուստ, քաղցրավենիք, խաղալիքներ, գրենական պիտույքներ նվիրելով։ Ուսանողներին «շոյել» էր երեխաների անկաշկանդ եւ անմիջական շփումը։ Կարճ ընթացքում բարեկամության վերաճած ծանոթության արդյունքում առաջիկայում շախմատ խաղալու իրենց ունակություններով կմրցեն SOS-ի բնակիչներն ու «Մոնթե Մելքոնյանի» ուսանողները։ Ն. ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել