Թամանյանի նախագծած Երեւանը կորցնում է իր տեսքը «Մեր քաղաքը մեր տունն է»,- հայտարարում ենք մենք ու յուրաքանչյուրս տանտիրոջ իրավունքով մեր տանը կատարում ենք այնպիսի փոփոխություններ, ինչպիսիք ցանկանում ենք։ Եվ չհասկանալով ու երբեմն էլ հասկանալով՝ խաթարում ենք մեր ճարտարապետությունը եւ շեղվում թամանյանական սկզբունքներից։ Թամանյանն այն եզակի ճարտարապետներից էր, որ գիտեր եւ սովորեցնում էր գեղեցիկ կառուցելու արվեստը։ Այս մասին զրուցում եմ նրա աշակերտ, ճարտարապետ Գեւորգ Մուշեղյանի հետ, որը Թամանյանի հետ աշխատել է վեց տարի եւ այդ տարիների մասին հիշում է կարոտով եւ նույնիսկ պոլիտեխնիկական ինստիտուտն ավարտելն այնքան մեծ պատիվ չի համարում, ինչքան Թամանյանի մոտ աշխատելու եւ, ինչու չէ, նաեւ ուսանելու վեց տարիները։ – Քիչ չէ, վեց տարի, ամեն օր բարի լույս ասել Թամանյանի նման հանճարեղ մարդուն, լսել նրա խորհուրդներն ու աշխատել նրա հետ,- ասում է նա։ Լինելով մեծ քաղաքաշինարար, Թամանյանը Երեւանը նախագծելուց առաջ խորազնին ուսումնասիրել էր քաղաքի բնությունը՝ հասկանալով բնության եւ ճարտարապետության սերտ կապը։ Թամանյանի նախագծած Երեւանը շրջապատված էր կանաչով՝ էկոլոգիապես մաքուր, թթվածնով հարուստ։ Բայց դեռ 1937թ. հանճարեղ ճարտարապետը մեղադրվում է քաղաքը բուրժուական սկզբունքներով այգի-քաղաք դարձնելու մեջ։ Փաստորեն, Երեւան քաղաքի հանճարեղ մտահղացումներն աղավաղել սկսեցին հենց նրա մահից հետո, եւ այդ գործընթացը շարունակական բնույթ է կրում, հատկապես կանաչ հանգույցների կրճատման հարցում։ Ու որպեսզի այդ խնդիրը լուծվի հօգուտ Երեւանի եւ երեւանցիների, պրն Մուշեղյանը Երեւանի քաղաքապետին խորհուրդ է տվել նախքան հողակտոր տրամադրելը ճշտել, թե ում եւ ինչի համար է դա հատկացնում, որովհետեւ այսօր ով ինչ ուզում, ոնց ուզում՝ կառուցում է, ինչ գույն ուզում՝ ներկում է։ – Ես պարբերաբար հանդես եմ գալիս Թամանյանի նախագծի աղավաղման դեմ։ Ճարտարապետությունն ազդում է մարդու հոգեբանության վրա՝ իր կամքից անկախ։ Եթե նկարը, քանդակը չուզես նայել, կարող ես չնայել, բայց շենքերին ու փողոցներին, որտեղ ապրում ես, չես կարող չնայել։ Ամենաազդեցիկ արվեստը եղել է, կա եւ կմնա ճարտարապետությունը։ Այնուհետեւ պրն Մուշեղյանը մեջբերեց Ե. Չարենցի խոսքերը. «Եթե ես վատ գիրք գրեմ, կարող եք շպրտել կամ այրել, բայց դուք իրավունք չունեք վատ շենք կառուցելու»։ Այո, չունենք, բայց կառուցում ենք, որովհետեւ անճաշակ շենք կաուցելու համար դեռ ոչ մեկին պատասխանատվության չեն ենթարկել։ Իսկ մեր քաղաքացիներին Գ. Մուշեղյանը խորհուրդ է տալիս շենքերը կառուցել ըստ Թամանյանի հատակագծի՝ չշեղվելով նրա քաղաքաշինական սկզբունքներից։ Շենքերը կարող են նրա նման չնախագծել, որովհետեւ Թամանյանի նման ճարտարապետները ծնվում են տասը դարը մեկ։ Այդպիսին է եղել Անիի Տրդատ ճարտարապետը, այդպիսին էր եւ Թամանյանը։ Զարմանալի է, որ ժողովրդի արգանդը ճարտարապետներ ծնելու առումով շռայլ չէ։ Ի դեպ, Գ. Մուշեղյանի նախագծով Երեւանում կառուցվելու է Թամանյանի թանգարանը։ Նրա կարծիքով, գործող թանգարանը փոքր է մեծ ճարտարապետի ժառանգությունը տեղավորելու համար։ – Ու քանի դեռ ես կենդանի եմ, պիտի շարունակեմ իմ ուսուցչի գործը՝ նրանից հոգեւոր ղեկավարություն ստանալով,- մեր զրույցն ավարտեց Գ. Մուշեղյանը։ ՆԱՐԻՆԵ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ