Այստեղ օտար մարմին չկա «Երեխաներին խոստացել եմ առանց համակարգչի չվերադառնալ»,- ՀՀ նախագահին էր դիմել ինֆորմատիկայի մի ուսուցչուհի՝ Ռ. Քոչարյանի հետ նախընտրական հանդիպումներից մեկի ժամանակ: Հանդիպումն, ի դեպ, Պուշկինի անվան դպրոցում էր, սակայն ուսուցիչն այլ դպրոցից էր, եկել էր նախագահի թեկնածուի հանդեպ (շահադիտական) սերն արտահայտելու: Նախագահի թեկնածուն իհարկե մի պահ կնճռոտվել էր, հետո աշխատակազմից ճշտել՝ արդյոք հնարավորություն ունե՞ն դպրոցին համակարգիչ տրամադրել: Պարզվել էր՝ ունեն, տրամադրել էին: Ուսուցիչն էլ «պարզերես էր դուրս եկել» աշակերտների մոտ: Գլուխը քարը, թե աշակերտներն ինչ հետեւություններ կանեն ու ինչ դասեր կքաղեն արարքից: Որովհետեւ նրանք ամենից լավ ընկալում են, այսպես ասած, կյանքի դասերը, քան այս կամ այն բանաձեւ, թեորեմ: Հենց սա է պատճառը, որ հատկապես ցավալի է այն, որ կեղծիքի կամ որեւէ ապօրինության մասնակիցը հենց ուսուցիչը, դասատուն է լինում: Եվ հենց սա է պատճառը, որ չես կարողանում այլեւս անտեսել կամ մոռանալ այն ամենը, ինչ արեցին մեզ կրթողները ընտրություններին: Դեռեւս Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից առաջ պատկան մարմինները (բացի քաղաքապետարանի Կրթության վարչությունից) պայքարում էին, որ դպրոցը կամ մանկապարտեզն անգամ ընտրատեղամաս չլինի, որպեսզի տնօրեններն ու ուսուցիչներն էլ չներքաշվեն քաղաքականության մեջ, որպեսզի ուսումնական պրոցեսը չխաթարվի: Սակայն օրենքը չի արգելում ընտրատեղամասերի վերածել վերոնշյալ վայրերը, եւ, կամա թե ակամա, հետեւանքներն էլ արդեն հայտնի են: Մնում էր առիթից օգտվել եւ օգտագործել քիչ թե շատ ազդեցիկ մարդկանց (տվյալ դեպքում՝ տնօրեններին), ովքեր համակիրների բավական լայն ընտրազանգված կարող էին հավաքել իրենց շուրջը՝ ի դեմս ծնողների: Այստեղ մնում էր ճշտել, թե տնօրեններն արդյո՞ք իշխանություններին հաճո կողմնորոշում ունեն թեկնածուի հարցում, թե՞ ոչ: Եվ աստիճանաբար դաշտից մաքրվեցին բոլոր օտար մարմինները: Հիշենք թեկուզ մեկ օրինակ. քաղաքապետարանի Կրթության վարչությունը մեկ անգամ ուսումնասիրություններ իրականացնելով «Էվրիկա» միջնակարգ դպրոցում եւ լուրջ խախտումներ չգրանցելով, երկրորդ անգամ ապօրինի ուսումնասիրություն իրականացրեց այն բանից հետո, երբ դպրոցի տնօրեն Լյովա Եղիազարյանը («Հանրապետություն» կուսակցության Ավանի կառույցի ղեկավար) դեռեւս ՏԻՄ ընտրություններին հայտարարեց, որ իշխանության առաջադրած թեկնածուին չի պաշտպանելու: Բազմիցս դեպքեր են արձանագրվել, երբ ուսուցիչն ընտրության հարցում անգամ աշակերտներից բանավոր երաշխիքներ էր պահանջում. վայ նրան, ով ուսուցչի ուզած թեկնածուի անունը չտար: Մինչեւ հիմա ծնողները չեն դադարում բողոքել դեռեւս վրեժի ծարավ ուսուցիչներից, որոնք, ծաղկաձորներում իրենց վաստակած հանգստից ու այլ կարգի պարգեւատրումներից չբավարարված՝ շարունակում են իրենց երեխաներին «ցածր նշանակել»: Անհեթեթ է հնչում, ճիշտ այնքան անհեթեթ, որքան հոդվածի առաջին նախադասության մեջ ուսուցչի բերած պատճառաբանությունը: ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ