Լրահոս
Օրվա լրահոսը

ԳԵՂԱՄՅԱՆԻ ՍԻՐՏԸ ԹԵ ՇԱՀԵՆ ԷԼ, ՍԴ-Ն ՀԱՅՏՆՎԵԼՈՒ Է ՓԱԿՈՒՂՈՒՄ

Մարտ 20,2003 00:00

ԳԵՂԱՄՅԱՆԻ ՍԻՐՏԸ ԹԵ ՇԱՀԵՆ ԷԼ, ՍԴ-Ն ՀԱՅՏՆՎԵԼՈՒ Է ՓԱԿՈՒՂՈՒՄ Երեկ սենսացիոն բացահայտման հեղինակ դարձավ ՍԴ անդամ Ֆելիքս Թոխյանը։ ՀՀ նախագահի թեկնածու Արտաշես Գեղամյանի դիմումի քննության ժամանակ (պահանջվում է անվավեր ճանաչել ԿԸՀ-ի որոշումները ընտրությունները երկրորդ փուլով անցկացնելու մասին) երբ ՍԴ անդամը պատասխանող ԿԸՀ-ականին հարցրեց, թե թիվ 5, 14, 42, 46, 54, 55 տարածքների վերջնական արդյունքների ամփոփիչ արձանագրությունները ե՞րբ են կազմվել, պարզվեց, որ միայն թիվ 14 տարածքի արձանագրության տակ է նշված օրը եւ ժամը. 20.02.03թ., ժ. 22:15։ Իսկ մնացած արձանագրությունների ժամը նշված չէր։ Շատ հանգիստ սրտով նույն կըհականները բարձր դատարանին հայտնեցին, որ թիվ 24, 28, 32, 36, 37, 41 եւ 50 տեղամասերում նախնական արձանագրությունները «անփույթ» են կազմել։ Այսինքն, չեն կազմել, չեն նշել, թե ե՞րբ են կազմել, ինչը նշանակում է, որ ՀՀ նախագահի ընտրությունները, գոնե 1-ին փուլի, դեռ շարունակվում են։ Ուշադրության արժանի է ՍԴ անդամ Ֆ. Թոխյանի վաղօրոք տրված գնահատականը. «Դա ըստ էության փաստաթուղթ չէ, թուղթ է»։ ԿԸՀ իրավաբանական վարչության պատասխանատու Նունե Հովհաննիսյանի արդարացումն էլ, թե՝ «տվյալ դեպքում կատարվածը տեղամասային հանձնաժողովի թերացումն է»՝ չփրկեց նրանց։ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը միջնորդեց եռօրյա ստուգումներ կազմակերպել վերոնշյալ ընտրատարածքներում, դիմողների, տեղական հանձնաժողովների, ԶԼՄ-ների մասնակցությամբ, դիտորդների ցանկությամբ ընդգրկելով նաեւ նրանց։ Հարցերի հարցն էր. ե՞րբ են մուտքագրվել եւ ե՞րբ են արձանագրվել վերոնշյալ արձանագրությունները։ Նպատակը՝ «որպեսզի ՍԴ-ն հաշվի առնի այդ ստուգումների արդյունքները»։ Առանց այդ էլ ՍԴ-ն փակուղու առաջ է կանգնելու, եւ դա երեկ կանխատեսեցինք, ունկնդրելով ՍԴ նախագահի եւ դիմումատուի միջեւ ծավալված հետեւյալ երկխոսությունը։ – Առաջին անգամ ենք հանդիպում այս իրավիճակին։ Ձեր դիմումատուն թերեւս օգնում է, որ կարողանանք այս հարցի պատասխանը ոչ միայն մենք, այլեւ մեր պետությունը գտնի։ Կա Սահմանադրության 51 հոդված, որը սահմանում է. 14-րդ օրը անցկացնում է քվեարկության 2-րդ փուլ։ Եթե 2-րդ փուլ է անցկացվել 14-րդ օրը, եթե նոր ընտրություն է, ապա հստակ սահմանված է. քվեարկությունից հետո 40-րդ օրը անցկացվում է նոր ընտրություն։ Մեր դիմումի հնարավոր բավարարման պարագայում, 40-րդ օրը (փետրվարի 19-ից մինչեւ մարտի 31-ը)։ Բացեք «Ընտրական օրենսգիրքը»։ Ըստ 83 հոդվածի՝ սահմանված է. ամփոփիչ արձանագրությունների տվյալների հիման վրա ԿԸՀ-ն կարող է ընդունել 4 որոշումներից մեկը։ Եղել է նախընտրական գործընթաց, քվեարկություն, արդյունքների ամփոփում։ Եթե փորձում ենք բացել 63 հոդվածը, ապա 3-րդ կետով սահմանում է. «Իսկ դատարանում կամ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում՝ տեղամասերում քվեարկության արդյունքների հետ կապված բողոք լինելու դեպքում ոչ ուշ, քան 6 օր հետո, ԿԸՀ-ն կազմում է ընտրությունների ամփոփիչ արձանագրությունը»։ Այսինքն, ամսի 19+6 օր։ Փետրվարի 25։ Բացենք ԸՕ-ի 92 հոդվածը։ 3-րդ կետով օրենսդիրը հայտարարում է. հանրապետության նախագահի նոր եւ արտահերթ ընտրության օրվա մասին Հանրային ռադիոյով, եւ Հանրային հեռուստատեսությամբ հանդես է գալիս ԿԸՀ նախագահը ընտրության օրվանից ոչ ուշ, քան 39 օր առաջ։ Եթե մարտի 31-ից հետ գանք 39 օր, ապա ստացվեց փետրվարի 20։ Երբ դեռ նախնական արդյունքներն էլ ամփոփված չեն, վերջնականն էլ կարող էին ամփոփել փետրվարի 25-ին։ ԸՕ-ի 93 հոդվածով էլ սահմանված է. կուսակցության կամ նախաձեռող խմբի կողմից հանրապետության նախագահի թեկնածուի առաջադրման համար անհրաժեշտ փաստաթղթերը ԿԸՀ է ներկայացվում ընտրության օրվանից ոչ շուտ, քան 36, ոչ ուշ, քան 30 օր առաջ եւ տրվում է 39 օրվա ժամացանկը, թե երբ պետք է իրականացվի։ Ոչ մի խոսք չկա Սահմանադրական դատարանի եւ հնարավոր բողոքի մասին։ Հիմա ՍԴ-ն քննում է առկա գործը։ Լավագույն դեպքում, ասենք, մենք կարող ենք այսօր կամ վաղը որոշում կայացնել։ Մինչեւ մարտի 31-ը մնում է 10 օր ժամանակ։ Այս պարագայում չե՞ք գտնում, որ առաջացել է սահմանադրաիրավական փակուղի, երբ օրենսդիրն ու Սահմանադրությունը գործնականում չեն նախատեսել նոր ընտրության հնարավորություն։ – Այո։ Տեղեկացնենք, որ ՍԴ-ն իր գոյության ընթացքում 12 ընտրավեճերի հետ կապված, բավարարել է 6 դիմում, անվավեր ճանաչելով ընտրությունները։ Նախագահական ընտրություններն անվավեր ճանաչելու առումով, այն էլ առաջին փուլում, սա նախադեպ է։ Առհասարակ նկատենք, որ դիմումատուի մատուցած 11 հազար 460 անճշտությունների թիվը, ըստ պատասխանողի, էական ազդեցություն չէր կարող ունենալ, քանզի առաջին եւ երկրորդ տեղերի միջեւ առաջին փուլում տարբերությունը կազմել է 400 հազար, իսկ 2-րդ եւ 3-րդ տեղերի միջեւ՝ 150 հազար։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել