Լրահոս
Օրվա լրահոսը

ՁԻԱՀ-ի դեմ պայքար՝ նիստային տարբերակով

Մարտ 20,2003 00:00

ՁԻԱՀ-ի դեմ պայքար՝ նիստային տարբերակով Հայաստանում ՁԻԱՀ-ով առաջին հիվանդը գրանցվել է 1988 թ.։ Այդ օրվանից մինչեւ 2003-ի մարտի 1-ը մեր երկրում գրանցվել է 220 ՁԻԱՀ-ով հիվանդ, որից 210-ը ՀՀ քաղաքացի է։ Ի դեպ, վարակակիրների ընդհանուր կազմում գերակշռում են տղամարդիկ՝ 165 դեպք։ Ինչ վերաբերում է ՁԻԱՀ-ի «մոլորակային» ցուցանիշներին, ապա հատկանշական փոփոխություն է արձանագրվել՝ հիվանդությունը տեղաշարժվել է դեպի Արեւելյան Եվրոպայի եւ ԱՊՀ ողջ տարածաշրջան։ Արձանագրված թվերն ասում են, որ 2002 թվականի ընթացքում ՁԻԱՀ-ով վարակվել է մոտ 5 մլն մարդ, որից 250 հազարը՝ հիշյալ տարածաշրջանում։ Դա ավելի քան 8 անգամ գերազանցում է Արեւմտյան Եվրոպայում եւ 6 անգամ՝ Հյուսիսային Ամերիկայում նույն թվականին գրանցված նոր դեպքերի թիվը։ Այսինքն, այս տարածաշրջանում այս հիվանդության զարգացման տեմպերն ամենաբարձրն են աշխարհում։ Այս փաստը «տեղաշարժել» է նաեւ ԱՊՀ անդամ երկրներին, ու երեկ դրանց ներկայացուցիչները Երեւանում գումարել էին ՁԻԱՀ վարակի կանխարգելման խնդիրների կոորդինացիոն խորհրդի նիստ։ Քննարկվեցին ՁԻԱՀ-ով հիվանդ մարդկանց խնամքի ցուցաբերման եւ նրանց բուժման մատչելիության ապահովման, նաեւ՝ դեղագործական ընկերությունների հետ հակառետրովիրուսային դեղերի գների իջեցման համար բանակցություններ վարելու խնդիրները։ Ի դեպ, ԱՊՀ կոորդինացիոն խորհուրդն առաջին անգամ է անդրադառնում այս վարակակիրների խնամքի եւ բուժման գործը ողջ ԱՊՀ տարածքում հնարավորինս մատչելի դարձնելու խնդրին։ Իսկ դա կարեւոր է, որովհետեւ վարակվածներից շատերը հնարավորություն չունեն ստանալու ե՛ւ համապատասխան բուժում, ե՛ւ խնամք։ Այս բնագավառում զգալիորեն պակաս է նաեւ բժիշկ-մասնագետների թիվը։ Խնդրի լուծման համար պահանջվում են ֆինանսական մեծ ներդրումներ, ինչի խնդրանքով ԱՊՀ կոորդինացիոն խորհուրդը դիմել է ՄԱԿ-ի ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրին, Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը։ Նշենք, որ երեկ ներկայացված տվյալներով, մեր տարածաշրջանում միայն Հայաստանն ու Մոլդովան են, որ իրենց հիվանդներին կարողանում են ապահովել անհրաժեշտ դեղորայքով ու խնամքով, ընդ որում՝ 100%-ով։ Նշվեց, որ վարակի դեմ կիրառվող դեղամիջոցների գները բավականին բարձր են, իսկ դրանց արտադրման եւ տարածման համար նախատեսված տեխնիկական կարողությունները՝ թույլ։ Այս պակասները լրացնելու համար խորհուրդը պետք է մշակի ռազմավարական ծրագիր։ Ինչ վերաբերում է բուժման արժեքին, ապա այս հարցում Հայաստանն ԱՊՀ երկրների մեջ երկրորդ հորիզոնականում է՝ արժեքի մատչելիության առումով։ Այն կազմում է 1168 դոլար։ Ամենացածր գնով բուժում իրականացվում է Ուզբեկստանում՝ 1000 դոլար, իսկ ամենաբարձրը Բելառուսում եւ Ուկրաինայում է՝ 10 հազար դոլար։ Այս թվերն ընդհանուր առմամբ բավական ցածր են Արեւելյան Եվրոպայում ընդունված գներից՝ 7-10 հազարով։ Ի դեպ, խորհրդի ուսումնասիրություններով Հայաստանն աչքի ընկավ նաեւ հիվանդների հայտնաբերման ճիշտ մշակված մեխանիզմներով։ Հատկանշական մեկ հանգամանք՝ վարակի տարածման գլխավոր աղբյուրը թմրանյութերի ներերակային օգտագործումն է՝ շուրջ 50,4%։ Դրան հետեւում է սեռական ճանապարհով տարածումը՝ 39,5%։ Ի դեպ, ինչպես մեզ մոտ, այնպես էլ ամենուր, ՁԻԱՀ-ի տարածվածության իրական չափերն ավելի քան 10 անգամ գերազանցում են գրանցված տվյալները։ ԱՊՀ կոորդինացիոն խորհուրդը վաղվա՝ մարտի 21-ի իր ամփոփիչ հանդիպմանը հրավիրել է մասնակցելու ԱՊՀ անդամ երկրների պաշտպանության նախարարությունների, Ռուսական ուղղափառ եւ Հայ առաքելական եկեղեցիների, նաեւ՝ շահագրգիռ հկ-ների ներկայացուցիչներին։ Յուրաքանչյուր համակարգ ունի իր խնդիրն ու անելիքը։ Մի խոսքով, միացյալ պայքար՝ «պնդաճակատ» ու կործանարար հիվանդության դեմ։ ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել