Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՆԱՉԱՌՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՐԵՆ՝ ԿՈՂՄՆԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ

Մարտ 20,2003 00:00

ԱՆԱՉԱՌՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՐԵՆ՝ ԿՈՂՄՆԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ Իսկ դատավարության փոխարեն՝ լսումներ Հանրահայտ մի հումոր կա, երբ ընդգծելու համար անձի գերքաղաքավարի լինելու փաստը, ասում են, որ վերարկուն պահարանում կախելիս անգամ պահարանի դուռը նախ թակում է, ապա թույլտվություն խնդրելուց հետո միայն այն կախում համապատասխան տեղից։ Մոտավորապես այսպիսի ենթատեքստով երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում շարունակվեց ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանի՝ ընդդեմ «Առավոտ» օրաթերթի հայցի լսումը։ Քաղաքավարության այս ձեւի դրսեւորման բացառիկ իրավունքը տվյալ պարագայում ԿԲ շահերի պաշտպան Արմեն Ումրշատյանին էր պատկանում։ Վերջինիս՝ դատարանին ուղղված «խնդրում եմ», «թույլ տվեք», «կարելի՞ է կանգնած պատասխանել», «շնորհակալություն» եւ հարգանք արտահայտող այլ դարձվածքները գերակշռում էին հարցերի բուն եւ ըստ էության պատասխաններին։ Ի դեպ, այս հարգանքաշատ մթնոլորտում առավել էր ընդգծվում դատարանի դահլիճում ՀՀ պետական խորհրդանիշ եռագույն դրոշի բացակայությունը։ Այսինքն, կարելի է փաստել, որ դատական նիստում ոչ թե արդարադատություն էր իրականացվում, որի դեպքում նիստերի դահլիճում դրոշի առկայությունը պարտադիր պայման է, այլ ընդամենը լսումներ էին կազմակերպել ԿԲ-ի հայցի շուրջ՝ իրենից բխող բոլոր հետեւանքներով։ Փաստորեն, այս նիստում կայացված որեւէ որոշում կապ չունի դատական ակտի եւ արդարադատության իրականացման հետ։ Հավանաբար հենց այդ պատճառով էլ անհիմն կերպով մերժվում էին պատասխանողի բոլոր միջնորդությունները։ Այժմ՝ ըստ էության։ ԿԲ-ի փաստաբանը երեկ դատարանին միջնորդություն ներկայացրեց «հայցի պահանջի չափը» փոփոխելու մասին։ Համաձայն միջնորդության, այժմ ԿԲ-ն թերթից պահանջում է հերքել այլ հրապարակումներ եւս, ընդ որում, պարտադրելով հերքման սեփական խմբագրությամբ տեքստ, որը օրաթերթի խմբագրակազմի հետ համաձայնեցված չէ։ Նշենք նաեւ, որ ԿԲ-ն, ըստ իր շահերի պաշտպանի, համարելով, որ թերթը հերքում չի տպագրի, նոր հայցադիմումում նշված հոդվածները հերքելու համար չի դիմել թերթին։ «Առավոտի» փաստաբան Արա Զոհրաբյանի կարծիքով, միջնորդությունն իրավական առումով սխալ է ներկայացված, որովհետեւ միջնորդությունում նշվում է հայցի հիմքը փոփոխելու վերաբերյալ։ Սակայն իրականում փոփոխվել է առարկան եւ նորացված տեքստում նշվում են հրապարակումներ, որոնց մասին նախորդ հայցադիմումում խոսք չի գնացել։ «Առավոտի» շահերի պաշտպանի համոզմամբ, «իրավաբանորեն թյուրիմացություններ են առաջանալու»։ Ելնելով այս ամենից, Արա Զոհրաբյանը դատարանին միջնորդություն ներկայացրեց նիստը երկու օրով հետաձգելու վերաբերյալ, որպեսզի պատասխանող կողմը հնարավորություն ունենա լրացված հայցադիմումի վերաբերյալ լրացուցիչ առարկություններ ներկայացնել։ Տարօրինակ էր, բայց դատավոր Հ. Հովհաննիսյանը «իրավական հիմքեր չգտավ» միջնորդությունը բավարարելու, ուստի այն մերժեց։ Ի դեպ, մինչ այդ պարոն Հովհաննիսյանը հասցրել էր մերժել պատասխանող կողմի մեկ միջնորդություն եւս՝ ի գիտություն ընդունելով հայցվորի դիտարկումները, նկատի ունենալով հեռուստաօպերատորների իբր անընդունելի վարքագիծը, իբր նիստի ժամանակ կարող են բանկային գաղտնիքներ հրապարակվել։ Հնարավոր վարքագծերի մասին ենթադրությունները թողնենք դրանց հեղինակային իրավունքը կրողներին եւ արձանագրենք պատասխանող կողմի «հիշեցումը» առ այն, որ պետական գաղտնիքներ հրապարակելու պարագայում դատական նիստը պարզապես դռնփակ պետք է լինի։ Ինչ վերաբերում է հայցադիմումի նախնական տարբերակում մատնանշված հրապարակումների շուրջ դատական նիստի ընթացքում ծավալված հարցուպատասխաններին, ներկայացնենք ընդամենը մի հատված. ԿԲ պաշտպանի մնացած ինքնահակասական պատասխանները, ինչպես սիրում է կրկնել ինքը՝ ԿԲ շահերի պաշտպանը, Տես՝ (մեծատառով եւ բութով) դատական նիստի արձանագրությունները։ Այսպիսով, «Առավոտի» թիվ 25 եւ 32 համարներում պետական պաշտոնյաներին հեղինակների կողմից հրապարակայնորեն հնչեցված հարցերը, որոնց առիթով պատասխաններ են ակնկալվել, ԿԲ-ի շահերի պաշտպանը յուրովի է ընկալել եւ մեկնաբանել։ Ըստ այդմ, հնչեցված հարցերը «չստուգված տեղեկություններ են պարունակել», որոնք «վնասել են ԿԲ-ի բարի համբավին եւ պատվին»։ Սակայն ՀՀ Սահմանադրությամբ եւ ԶԼՄ-ների մասին օրենքով, ցանկացած քաղաքացի, անձ, լրատվամիջոց իրավունք ունի պետական պաշտոնյաներից տեղեկություն ստանալ՝ նաեւ հրապարակայնորեն հնչեցված հարցերի միջոցով։ Ումրշատյանի տրամաբանությամբ, փաստորեն, ենթադրվում է, որ տեղեկություն ստանալու համար պետք է «ստուգված» հարցեր հրապարակվեին։ Հարկ է ընդգծել, որ ԿԲ լիազոր-ներկայացուցիչը ընդունեց (արձանագրվել է), որ ԿԲ վերահսկողական դեպարտամենտի պետ Ա. Դավթյանի կողմից աշխատանքից ազատվելուց հետո ԿԲ ծառայողական մեքենաներից օգտվելու վերաբերյալ հատվածը հեղինակի կարծիքն է, որը, ըստ ԿԲ հեղինակավոր կարծիքի, «նույնպես պետք է ստուգվեր»։ Փաստորեն, ԿԲ-ն իրեն վեր է դասում ՀՀ Սահմանադրությունից, որի 24-րդ հոդվածը սահմանում է. «Յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքը պնդելու իրավունք»։ Պատահական չէ, որ նույն հոդվածի 3-րդ մասը տարբերակում է «կարծիք» եւ «տեղեկություն» հասկացությունները։ Հիմք ընդունելով դատավոր Հ. Հովհաննիսյանի անհիմն մերժումը, որի արդյունքում ակնհայտորեն խախտվեց «Առավոտի»՝ իրավահավասարության, մրցակցության, առարկություններ եւ պատասխան (ապացույցներ, հիմնավորումներ) ներկայացնելու իրավունքները, դատավորին բացարկ հայտնվեց, որի պատասխանը կտրվի այսօր, նույն դատարանում, ժամը 15-ին։ Ավելորդ չենք համարում նկատել, որ բացարկից հետո էլ նախագահողը շարունակում էր խախտել օրենքը՝ նիստը շարունակում էր, լսում էր կողմի առարկությունները բացարկի վերաբերյալ։ ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել