ՆԱԽԱՐԱՐԸ ՆԱԵՎ ԹԱՐԳՄԱՆԻՉ Է Ի՞նչ է նշանակում «short of international standarts» ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը երեկ կառավարության հարցուպատասխանի ժամանակ թարգմանչական հնարքներով փորձեց մեղմացնել միջազգային դիտորդների գնահատականները՝ մեր ընտրություների վերաբերյալ։ Շավարշ Քոչարյանը հետաքրքրվում էր՝ նրանց խիստ գնահատականը նախագահի ընտրություններին ինչպե՞ս կանդրադառնա մեր երկրի վրա, նաեւ՝ Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացի վրա։ Վ. Օսկանյանը նախ ասաց, որ գնահատականները բոլորին քաջածանոթ են, սակայն, ըստ Վ. Օսկանյանի, դիտորդները ոչ թե ասել են, թե մեր ընտրությունները չեն համապատասխանում միջազգային չափանիշներին, այլ՝ թարգմանության խնդիր կա, ու եթե ամբողջությամբ չհամապատասխանեին՝ ուղղակի կասեին, որ չի համապատասխանում։ Վիկտոր Դալլաքյանի հարցին պատասխանելիս էլ նախարարը նույնպես շատ էական շտկում կատարեց։ Խոսքը հետեւյալ պարբերության մասին էր. «Հայաստանի ղեկավարությունը բաց թողեց ժողովրդավարությունը զարգացնելու հնարավորությունը, որ հանրապետության ղեկավարությունը ժողովրդավարություն կառուցելու ճանապարհին չէ եւ պետք է դուրս գա ժողովրդավարական Հայաստան կառուցելու ճանապարհ»։ Թարգմանությունը Վարդան Օսկանյանը յուրովի էր սրբագրել եւ երեկ հայտարարեց, որ ասվել է ոչ թե «Հայաստանի ղեկավարությունը», այլ՝ «Հայաստանի քաղաքական ղեկավարությունը»։ Պրն Օսկանյանին մտահոգում է ներքաղաքական իրավիճակը, եւ «եթե մենք չկարողանանք համախմբվել մեզ համար կարեւորագույն արտաքին խնդիրների շուրջ, ես կիսում եմ ձեր մտահոգությունը ե՛ւ ԼՂՀ-ի հարցում, ե՛ւ մեր շուրջ ստեղծված անմիջական հարեւանությամբ իրավիճակի կապակցությամբ»։ Վարդան Օսկանյանի դիտարկմանը, թե պետք է ուժերը կոնսոլիդացնել, Վիկտոր Դալլաքյանը եւս հակադարձեց. «ինչ վերաբերում է նրան, որ պետք է կոնսոլիդացվել, ապա պետք է կոնսոլիդացվել լեգիտիմ իշխանության շուրջ»։ Մ. Ե.