ԲՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՆԱՆՑ ԴԵՄ Փետրվարի 28-ին ոստիկանները Դեմիրճյանի վստահված անձ Աբրահամ Կարապետյանի հղի դստերը տարել էին քաղմաս՝ որպես պատանդ, մինչեւ չներկայանա նրա հայրը: Պարզվում է՝ կանանց պատանդներ վերցնելը գործելակերպ է դարձել մեր իրավապահների համար: Մարտի 18-ի երեկոյան ցույցերի մասնակից Ջուլիետա Սերգոյանի դստերն են տարել Արաբկիրի ոստիկանություն: Այս մասին «Առավոտին» հայտնեց ինքը՝ տիկին Ջուլիետան. «Աղջիկս՝ Նունե Բաբաջանյանը, 31 տարեկան է՝ 3 անչափահաս երեխայի մայր, տարել էին, պահանջել, թե մինչեւ մայրդ չներկայանա՝ քեզ բաց չենք թողնի: Նա ասել էր, թե մորս տեղը չգիտեմ, վիճել ենք՝ թողել-հեռացել է տանից: Համառել են, թե պետք է իմանաս նրա տեղը: Աղջիկս վերջում լաց էր եղել, թե 3 երեխաներիս վրա դուռը փակել, անօգնական եմ թողել՝ նոր բաց են թողել, թե գնա, բայց եթե առավոտյան մայրդ չներկայանա՝ նորից քեզ կտանենք: Ու մարտի 19-ին ոստիկանները նախագահի նստավայրի մոտ նստացույցի ժամանակ տեսնելով ինձ՝ ստիպում էին ասել, թե որտեղ եմ այժմ բնակվում»: Քանի որ այդ նստացույցի մասնակիցները կանայք են՝ վերջին օրերին հատկապես նրանք են հայտնվել իրավապահների ուշադրության կենտրոնում: Այսպես՝ երեկ Պետավտոտեսչության 269ՏՏ01 համարանիշով մեքենան Արտաշատի ճանապարհին կանգնեցրել է Երեւանից Արարատ գյուղ վերադարձող մեքենան, որի մեջ եղել են 4 նստացուցարար կանայք: Եվ երբ վարորդը՝ արարատցի Լեւոն Սարգսյանն իջել է հարցնելու, թե ինչ խախտում է արել՝ նրան անմիջապես մտցրել են մեքենա ու տարել: Լեւոն Սարգսյանի մեքենայի ղեկին նստել է ՊԱՏ աշխատակիցը: Սարգսյանի կինը, որ նույնպես մեքենայի մեջ է եղել, կարողացել է իրեն դուրս գցել եւ այդպես էլ չի իմացել, թե ուր են տարել մյուսներին: Ի դեպ, նույն 269ՏՏ01 համարանիշով մեքենան երեկ կանգնեցրել է նաեւ հանրահավաքների բարձրախոսների մեքենան եւ կալանավորել ինչպես մեքենայի տիրոջը՝ Արտակ Հարությունյանին, այնպես էլ այդ մեքենան: ՀԺԿ Մալաթիա-Սեբաստիայի տարածքային կազմակերպության անդամ Լաուրա Գեւորգյանին տարել են երեկ առավոտյան՝ կարողացել է փախչել, բայց մինչեւ հասել է տուն՝ նորից են բռնել: Ազատ են արձակել միայն ուշ երեկոյան՝ ահաբեկելուց հետո: Ա. Ի.