«Սա սուրճի բաժակ չէ» Քրեական գործի մասին ասում է վարչապետ Անդրանիկ Մարգարյանը Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, պատասխանելով «Առավոտի» հարցին՝ ի՞նչ կարծիքի է Վազգեն Սարգսյանի մոր՝ Գրետա Սարգսյանի, նստացույցի, պահանջների մասին, չի՞ պատրաստվում այցելել իր ընկերոջ մորը եւ ինչպե՞ս է գնահատում, որ Ռոբերտ Քոչարյանը որեւէ կերպ չի արձագանքում այդ նստացույցին, ասաց. «Պահանջները շատ հստակ են, այդ պահանջներին չի կարող բավարարել ո՛չ ՀՀ նախագահը, ո՛չ վարչապետը, դա դատական մարմինների խնդիրն է։ Ես, իհարկե, չեմ հանդիպել պահանջներն իմանալու, որովհետեւ հանդիպելուց հետո պետք է անմիջապես կարողանամ ռեակցիա տալ։ Ես ի՞նչ պետք է ասեմ, ցավակցո՞ւմ եմ, համաձա՞յն եմ իր հետ, համաձա՞յն չեմ իր հետ։ Սա այն հարթության մեջ է, որ միայն հանդիպելով հարցը չի փակվի, չի լուծվի>։ Ի՞նչ է մտածում վարչապետը՝ «27»-ի գործով տուժած Անդրանիկ Մարգարյանը՝ Արմեն Սարգսյանի ինչի՞ն էր պետք սպանել Տիգրան Նաղդալյանին. «Ես չեմ ցանկանում ենթադրություններ անել, վարկածների դաշտը մտնել, ո՞ւմ էր ձեռնտու, ինչի՞ համար էր ձեռնտու։ Գոյություն ունի քրեական գործ եւ դեռ չավարտված չի կարելի կանխորոշել գործընթացը քաղաքական նկատառումներով, հավատալ-չհավատալով։ Սա ոչ թե սուրճի բաժակ նայել է, այլ փաստեր պետք է լինեն։ Սա այն վտանգավոր դեպքերից մեկն է, որ չի կարելի կանխակալ վերաբերմունք ունենալ։ Ինձ համար շատ ցավալի է որպես ընկերոջ, որ այսպիսի դեպք է եղել եւ որի մեջ կասկածում են Արմեն Սարգսյանին»։ Մեր հաջորդ հարցը. Սերժ Սարգսյանի՝ ՀՀԿ համամասնական ցուցակում հայտնվելը չի՞ նշանակում, որ առճակատում կա Դաշնակցության եւ Հանրապետականի միջեւ, եւ արդյոք Արտաշես Թումանյանի՝ ՀՅԴ ցուցակում լինելը չի՞ նշանակում, որ խորհրդարանական ընտրություններից հետո գործադիր մարմինը տրվելու է Դաշնակցությանը, օրենսդիրը՝ Հանրապետականին։ Անդրանիկ Մարգարյանը մեր վերջին ենթադրությանը չպատասխանեց, ավելի ճիշտ՝ ասաց, թե ենթադրություն անելը մեր իրավունքն է։ Իսկ հարցի առաջին մասի վերաբերյալ՝ «Ոչ, Դաշնակցության հետ շատ բարեկամական հարաբերություն ունենք, իհարկե ոչ 110 տարվա, բայց գոնե վերջին մի 20 տարվա բարեկամություն կլինի»։ Ներքաղաքական իրավիճակի վարչապետական գնահատականը. ըստ Անդրանիկ Մարգարյանի՝ իշխանությունն իրեն շատ հավասարակշռված է պահում։ Նա կարծում է նաեւ, որ «հանրահավաքների մասնակիցների քանակը, տոնայնությունն ավելի նվազում է, այսինքն՝ ժողովրդին չի կարելի անընդհատ լարված վիճակում պահել եւ քաղաքական պահանջներ ներկայացնել առանց իրավական հիմքերի։ Կան համապատասխան մարմիններ՝ ՍԴ, դատարաններ, որոնց որոշումները վերջնական են բոլորի համար, հետեւաբար, եթե խնդիրներ ունեն, պետք է ներկայացնեն, ինչպես ներկայացրել են, եթե մեղավորներ կան՝ կպատժվեն։ Իսկ ըստ ինձ՝ հարկավոր է ուղղակի պատրաստվել քաղաքական հաջորդ կարեւոր փուլին՝ ԱԺ ընտրություններին»։ Խաղաղ ցույցերի եւ երթերի մասնակցող ՀՀ քաղաքացիների ճանապարհը փշալարերով, ջրցան մեքենաներով եւ վահանակիր զինվորներով փակելու մասին վարչապետի կարծիքը խիստ օրիգինալ է. «Ցանկացած երկրում կան անվտանգության որոշակի կանոններ, որ առանձնապես կարեւորագույն օբյեկտների պաշտպանության համար պետք է միջոցառումներ ձեռնարկել։ Ես գտնում եմ, որ ՀՀ նախագահի նստավայրն այդ կարեւորագույն օբյեկտներից մեկն է, բոլոր դեպքերում, անվտանգությունն ապահովելու համար հարկավոր է միջոցառումներ ձեռնարկել»։ Թե Սպարապետի մոր եւ նրան սատարող կանանց նստացույցն ու հացադուլն ինչպե՞ս կարող է խաթարել նախագահի անվտանգությունը, երեւի միայն փշալարերը տարածողներին է հայտնի։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ